Հայերեն   English   Русский  

Երիտասարդ թաեքվոնդոյիստներին իրար հաջորդող երկու կարեւոր մեկնարկ է սպասվում


  
դիտումներ: 360

Փետրվարի 24-25-ն Էջմիածնում կկայանա երիտասարդների Հայաստանի առաջնությունը, իսկ մեկ շաբաթ անց նույն վայրում տատամի կմտնեն ուժեղագույն մեծահասակ թաեքվոնդոյիստները:

Վաղ ժամկետները պայմանավորված են կարեւոր միջազգային մրցաշարերի ժամանակացույցով:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանն ասաց, որ պետք է հասցնեն ձեւավորել հավաքական թիմերը եւ կազմակերպել մարզական գործընթացը:

«Երիտասարդներին (մինչեւ 17 տարեկաններ) սպասվում է Թունիսում կայանալիք աշխարհի առաջնությունը (ապրիլի 6-8), իսկ դրանից մի քանի օր անց նույն վայրում կմեկնարկի վարկանիշային մրցաշար, որտեղ կխաղարկվեն Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Թունիս կմեկնենք ապրիլի 4-ին: Օլիմպիական վարկանիշ նվաճելու համար պետք է անցնել ընտրական մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Աշխարհի առաջնությունում տասը քաշային կարգ կլինի, վարկանիշային մրցաշարում՝ հինգ: Յուրաքանչյուր երկիր առավելագույնը 3 օլիմպիական ուղեգրի իրավունք ունի: Անպայման նախատեսում ենք մարզիկներ ներկայացնել 63 եւ 68 կգ քաշային կարգերում, իսկ Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշենք երրորդ քաշը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների վերջնական քանակը կորոշի ազգային ֆեդերացիան: Լավ մարզիկներ ունենք, օրինակ 2017 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Ռոման Հայրապետովը եւ Անդրանիկ Խաչատրյանը: Այնպես որ, հիմնավոր հույսեր ունենք:

Մեծահասակների Եվրոպայի առաջությունը տեղի կունենա Կազանում (ՌԴ) մայիսի 7-13-ը: Մեր մարզաձեւում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հերթով են անցկացվում՝ մեկ տարվա հաջորդականությամբ: Այստեղ եւս կպայքարենք մեդալների համար: Ունենք փորձառու մարզիկներ՝ Սերգեյ Վարդազարյանը, Սերգեյ Ավանեսովը եւ այլք: Հեռանկարային երիտասարդներ եւս ի հայտ են եկել»,- եզրափակեց Վարդան Ղահրամանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: