Հայերեն   English   Русский  

Կրթության մասին օրենքնն ունի և´ դրական կողմեր, և´ բացթողումներ. Անահիտ Հարությունյան


  
դիտումներ: 1805

Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծն օգտակար կլինի բուհական կրթության համար, քանի որ այն նաև պարտադրված է միջազգային համաձայնագրերով, նաև Բոլոնիայի հռչակագրով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանալ այս տեսակետը հայտնեց Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունները էական են:

Նա հույս ունի նախագիծը կգործի ի շահ կրթողների, կրթվողների:

«Դրական բաներ նկատել եմ: Կարծում եմ՝ Ազգային ժողովում լսումները թույլ կտան բացթողումները: Բացթողում եմ համարում այն հանգամանքը, որ չի տրվում բարձրագույն կրթական սուբյեկտների սահմանումները, այնինչ դա անհրաժեշտ է: Համալսարան, ինստիտուտ, ակադեմիա. Դրանք ՀՀ-ում տարբերակված չեն»,- ասաց Անահիտ Հարությունյանը:

ըստ Անահիտ Հարությունյանի՝ հատկանշական է պետական բուհերի վերաբերյալ փոփոխություններից այն դրույթը, ըստ որի՝ որևէ պետական ղեկավար, այդ թվում և մարզպետները, չեն կարող ընդգրկված լինել պետական բուհի կառավարման խորհրդի կազմում:

«Բուհի խորհրդի կազմում չի կարող լինել որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ: Համալսարանը, կրթօջախը չի կարող լինել քաղաքականացված, կարող է լինել խիստ մշակութային, կրթական, գիտական, բաց աշխարհի համար, բայց պետական ուժերի ազդեցություն չի կարող ունենալ: Տեսեք՝ հիմա բուհերը ոնց են աշխատում, քաղաքական դեմքերի ազդեցությունը անպայման գործում է: Աշխարհում բուհի էլիտան որոշվում է գիտելիքների բարձր որակով: ՀՀ-ում այդպես չէ, հանրությանը տվել են տեսարան, որ եթե մի տեղ վարչապետն է խորհրդի նախագահը, ուրեմն առաջնային է, եթե նախարար է, ուրեմն տվյալ բուհը երկրորդ պլանում է գտնվում »,-ասաց նա:

Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի խոսքով՝ նախագիծը ուղղված է երեք ուղղության՝ հասարակություն և քաղաքացի, պետություն և քաղաքացի, պետություն և կրթական համակարգ: Ըստ նրա՝ այս ճյուղերը կանոնակարգման խիստ անհրաժեշտություն ունեն, ինչը Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած խառնաշփոթի հետևանք է:

Նրա խոսքով՝ եթե բուն նախագծում չկան կարգավորումներ, պետք է ենթաօրենքներով լրացնել: «Այդ առումով, կարծում եմ, անհրաժեշտ է ներգրավել նաև սովորողներին, հին կրթական ձևերը գերակշռում են, երբ ուսանողը կախված է դասախոսից, այն դեպքում, երբ ճիշտ հակառակը պետք է լինի »,-նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: