Հայերեն   English   Русский  

Հազվադեպ դեպքերից էր՝ հաճելի թե՛ հայ, թե՛ միջազգային հանրության ականջներին


  
դիտումներ: 2898

Փետրվարի 17-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին: Այդ համաժողովի շրջանակներում էլ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով ու պատասխանեց ներկաների հարցերին: Այս անգամ, հանուն ազնվության նշենք՝ Սերժ Սարգսյանի շեշտադրումներն ու դիտարկումները թե՛ ելույթի ժամանակ, թե՛ հարցերին պատասխանելիս բավական ամուր դիրքերից էին:

Ուստի անդրադառնանք դրանցից մի քանիսին: Առաջին շեշտադրումը, որ կատարեց Սերժ Սարգսյանը, վերաբերում էր առկա աշխարհաքաղաքական իրողություններին, ինտեգրացիոն գործընթացներին ու դրանց նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը: Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի հետևյալ շեշտադրումը. Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ջատագով է, մենք ամեն ինչ արել և անելու ենք, որպեսզի մեր տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, այլ Հայաստանն իր ավանդը բերի խաղաղության և կայունության գործընթացին։

«Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ՝ փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները հնարավորության վերածել համագործակցության և շահերի համադրման միջոցով»,- իր ելույթում շեշտեց Սերժ Սարգսյանը:

Այս համատեքստում էլ կարևոր և ուշագրավ էր նաև ՀՀ նախագահի մյուս շեշտադրումը՝ կապված Հայաստանի փոխգործակցությանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ։ Մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, բոլորովին վերջերս Եվրամիության հետ ստորագրեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», նշեց.

«Արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլելու ժամանակին համընթաց: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերն այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև: Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս շեշտադրումները դրական է գնահատում՝ նկատի առնելով աշխարհում այսօր տիրող լարվածությունն ու անհանգիստ իրավիճակը և նշում է, որ այս ֆոնին Հայաստանի պահվածքը ճիշտ է։

Սերժ Սարգսյանի այս շեշտադրումները կարևոր ակնարկ էին, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ: Այսինքն՝ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը երկու տարբեր բևեռների, դաշտերի միջև այն պարագայում, երբ այդ բևեռների միջև կան որոշակի հակասություններ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ օրերս «Արմենպրեսի» հետ զրույցում նշում էր, որ այս առումով կարևոր էր այն շեշտադրումը, որ Հայաստանը հաջող օրինակ է, թե ինչպես կարելի է համադրել երկու ուղղությունները և օգտագործել այն ոչ միայն սեփական անվտանգության, տնտեսական, քաղաքական շահերի համար, այլև չհակադրել մեկը մյուսին:

Բնականաբար, թե՛ իր ելույթում և թե՛ հարցերին պատասխանելիս Սերժ Սարգսյանը չէր կարող շրջանցել արցախյան հիմնախնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերը:

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով ավելի քան կարևոր էր, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը, քանի որ ընդամենը օրեր առաջ էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Երևանի ու Զանգեզուրի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների մասին: Ու Ալիևի այս հայտարարությունների պատասխանը Սերժ Սարգսյանը փայլուն տվեց: Նա նախ «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում» որակեց Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ու հիշեցրեց Ալիևի հայտարարած տարածքային նկրտումները:

«Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, որքան հնարավոր է շուտ, խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

Ելույթից հետո նրան հարց ուղղեց Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովն ու սկսեց երգել Ադրբեջանի հին երգը «օկուպացված» տարածքների մասին՝ հիշելով իր «ղարաբաղյան արմատները»: Ադրբեջանցի դիվանագետը հետաքրքրվում էր, թե երբ կարող է վերադառնալ «իր տուն»: Սերժ Սարգսյանը բավական հանգիստ ու վստահ տոնով պատասխանեց.

«Ուզում եմ սկզբից մի հարց տալ: Հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել:

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որ իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եկած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը... Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն (խոսքս Ադրբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է), իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ սթափվելու ժամանակն է: Երևանն ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդն առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, որոնք, Աստված գիտի, թե երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Շատ ճիշտ վայրում արված ճիշտ արձագանք ալիևյան հայտարարություններին ու Ադրբեջանի վարած հայատյաց ու նացիստական քաղաքականությանը, որով Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ ուզում է ոչնչացնել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,- այսպես է բնորոշում Սերժ Սարգսյանի շեշտադրումները Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Իսկ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի մասին կարողանում ենք խոսել այն լեզվով, որը հաճելի ու ընդունելի է միջազգային հանրության համար:

Մյուս ուղղությունը, որտեղ Սերժ Սարգսյանի շեշտադրումներն առանձնակի կարևորություն ունեին, հայ-թուրքական հարաբերություններն էին: Նախ ՀՀ նախագահը հիշեցրեց, որ Բեռլինի պատի քանդվելուց 30 տարի հետո էլ Թուրքիայի կատարմամբ Եվրոպայում շարունակում են փակ սահմաններ մնալ՝ շրջափակման մեջ պահելով Հայաստանը, իսկ այնուհետև անդրադարձավ «ֆուտբոլային դիվանագիտության» հետագա ճակատագրին: ՀՀ նախագահը խոսեց՝ այսպես ասած «վերջնահաշվարկ» ներկայացնելով ու շեշտելով, որ Հայաստանն իրենից կախված ամեն ինչ արել է այդ հարաբերությունները բարելավելու համար, իսկ Թուրքիան, որ շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանները, քայլ անգամ չի արել հարաբերությունների բարելավման ուղղությամբ և փորձել է խոսել նախապայմանների լեզվով, ինչը Հայաստանի համար անընդունելի է: Այս առումով կարևոր էր նաև, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայի սրտում հայտարարեց, որ շատ շուտով հայ-թուրքական տխրահռչակ՝ ցյուրիխյան արձանագրությունը Հայաստանը չեղյալ կհամարի, և զուգահեռ էլ շեշտեց՝ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար։

Անկեղծ ասած, հազվադեպ է պատահում, որ Սերժ Սարգսյանն իրեն այսքան վստահ դրսևորի ու կատարի այնպիսի շեշտադրումներ ու հայտարարություններ, որոնք հաճելի են թե՛ հայ և թե՛ միջազգային հանրությանը: Սա այդ հազվադեպ դեպքերից էր:

Լուսանկարները՝ նախագահի պաշտոնական կայքից





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: