Հայերեն   English   Русский  

Եթե բոլոր արշավականները սննդի խնդիր ունեն, ապա ինչո՞ւ բրդուճ չպատրաստել


  
դիտումներ: 3537

Բիզնես կարելի է անել ցանկացած ոլորտում ու ցանկացած տեղ, կարևորը, որ այն խնդիր լուծի:

Այլ կերպ ասած՝ բիզնեսի իդեալական հիմքը հնարավորինս մեծ թվով մարդկանց ընդհանուր խնդրին լուծում գտնելն ու այդ լուծումը նրանց առաջարկելն է: Իսկ երբ մարդն իր խնդրի լուծումը տեսնի՝ պատրաստ կլինի նաև վճարել դրա համար:

Վերջերս ծանոթացանք հայկական մի ուշագրավ ու խոստումնալից բիզնես-նախաձեռնության: Խոսքը «Բրդուճ» (անգլ. brdooch) նախագծի մասին է: Սա հիմնականում ուղղված է արշավականների ու զբոսաշրջիկների համար լանչերի պատրաստմանն ու առաքմանը: Նրանք, ովքեր հաճախ են մեկնում արշավների կամ ակտիվ տուրիզմով են զբաղվում, կփաստեն, որ սնվելու խնդիրը կարևորագույններից է: Ամեն անգամ հարց է առաջանում՝ ի՞նչ տանել արշավի, որքա՞ն սնունդ վերցնել, ինչպե՞ս փաթեթավորել այն, որ պայուսակի կամ ուսապարկի մեջ տեղավորելու խնդիրներ չառաջանան, ի՞նչ սնունդ վերցնել, որ պատրաստման բարդություններ չառաջանան:

Նույն խնդիրներն ամեն անգամ ունեցել են նաև այս նախագծի համահիմնադիրները, քանի որ իրենք էլ ակտիվ արշավական են: Եվ ահա առաջացել է այս հետաքրքիր նախագիծը: Ինչպես «Անկախին» ներկայացրեց այս նախագծի համահիմնադիր և տնօրեն Սերգեյ Պետրոսյանը, «Բրդուճի» նպատակը զբոսաշրջության ոլորտում մի փոքրիկ ներդրում ունենալն է: Իրենք փորձում են հնարավորինս հարմարավետ փաթեթավորմամբ լանչեր մատուցել, որ ճանապարհին թափվելու, կողքի իրերին խառնվելու խնդիրներ չառաջանան:

«Արշավներով զբաղվել եմ շուտվանից, բայց առաջին անգամ «Արմենիան ջեոգրաֆիկի» հետ արշավ գնացի 2017 թվականի հունիսին ու պարբերաբար սկսեցի գնալ: Անընդհատ հարց էր առաջանում՝ լավ, այս անգամ ի՞նչ տանեմ ուտելու, մյուս անգամ ի՞նչ տանեմ: Ու աղոտ նման մի միտք ուրվագծվեց, որ լավ կլիներ, եթե նման մի ծառայություն լիներ, որ արշավների գնացողների սննդի հարցերը լուծեր: Հետո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընդունվեցի «Մարքեթերս քըմյունիթի բիզնես սքուլ ին Արմենիա» բիզնես դպրոցը: Դա մի տեսակ մեկնարկ եղավ, միջավայրն էլ խթան դարձավ, որ այդ գաղափարն իրագործեմ: Քանի որ ինքս միշտ այդ խնդրին բախվում էի, թե ինչ անեմ, և արշավականներից ում էլ հարցրի, բոլորն էլ ասում էին, որ լավ կլինի, եթե նման ծառայություն լինի, կամաց-կամաց փորձեցի իրականացնել: Արդեն 2017 թվականի նոյեմբերին սկսեցինք աշխատել գաղափարի իրագործման ուղղությամբ, իսկ արդեն դեկտեմբերի վերջին կար պատրաստի արդյունք»,- պատմեց Սերգեյ Պետրոսյանը:

Եվ այդպես նրանք սկսեցին արշավականների ու զբոսաշրջիկների համար հարմար փաթեթավորմամբ լանչեր պատրաստել ու առաքել մեկնարկի վայր, որտեղից որ արշավախումբը կամ տուրիստական խումբը պետք է շարժվի: Հետո սկսվեցին պատվերները: Հիմա արդեն համագործակցում են մի քանի արշավական խմբերի ու արշավներ կազմակերպող ընկերությունների, ինչպես նաև տուրիստական ընկերությունների հետ:

Նրանք առաջին հերթին աշխատել են փաթեթավորման վրա, քանի որ նկատել են, որ իրենց հիմնական առավելությունը շուկայում փաթեթավորումն է: 2-3 ամիս միայն փաթեթավորմամբ են զբաղվել. փոփոխում էին, ավելի պրակտիկ ու հարմարավետ դարձնում, փորձում ընթացքում բացթողումներն ու թերությունները շտկել: Ու արդեն այդ հարցը լուծել են:

Նախագծի վրա սկսել են աշխատել 3 հոգով՝ խոհարարը, համահիմնադիր Սերգեյ Պետրոսյանն ու ևս մեկ աշխատակից, որ զբաղվում է մարքեթինգի ու փիառի հարցերով: Նախնական «լուրջ» ներդրման խնդիրներ էլ չեն ունեցել: Նախագծի համահիմնադրի խոսքով՝ շատ դժվար է ասել, թե որքան կամ ինչ կարգի ներդրումներ են եղել սկզբում, որովհետև ամեն ինչ եղել է հընթացս:

«Այնպես չէ, որ մի 2000 դոլար գումար է եղել ու դրել ենք գործի մեջ: Ո՛չ: Գաղափարը եղել է, աշխատում էինք դրա իրականացման վրա: Ուրիշ տեղ աշխատում եմ, ու փորձեցի գումար տնտեսել աշխատավարձից, ընթացիկ փոքր-փոքր ծախսեր անելով՝ փորձեցինք գաղափարը կյանքի կոչել: Դրանք ինձ համար ինչ-որ լուրջ գումարներ չեն եղել»,- նշեց «Բրդուճի» համահիմնադիր ղեկավարը՝ հավելելով, որ ներկայումս իրենք արշավականներին ու զբոսաշրջիկներին առաջարկում են 5 տեսակի լանչ:

Դեռևս պատվերները քիչ են, ամսական մոտ 30-40 պատվեր են ստանում, բայց եթե հաշվի առնենք, որ դեռ տուրիզմով ու արշավներով զբաղվելու բուռն ու ակտիվ սեզոնը չի սկսվել, ապա սա վատ ցուցանիշ չէ: Բացի այդ, ներկա փուլը նաև յուրօրինակ փորձաշրջան է, որի ընթացքում փորձելու են գտնել թերություններն ու մինչ ակտիվ սեզոնի բացումը շտկել դրանք, որպեսզի արդեն արշավական ու տուրիստական ակտիվ սեզոնին իրենց մատուցած ծառայությունն անթերի լինի: Ուշագրավ է, որ «Բրդուճի» առաջարկած լանչերի միջին արժեքը բավականին մատչելի է՝ 1000-1200 դրամ:

Սերգեյ Պետրոսյան

Բոլոր դժվարությունները, որ շուկան կարող է փոքր լինել, որ սկզբնական շրջանում մարդիկ իրենց մասին շատ տեղյակ չեն լինելու, որ պատվերները քիչ են լինելու, այս նախաձեռնության հեղինակները գիտեին մեկնարկից առաջ, բայց որոշեցին կյանքի կոչել իրենց գաղափարը: Դրան, ինչպես նշում է Սերգեյ Պետրոսյանը, նպաստեցին նաև բիզնես դպրոցում իր ձեռք բերած ծանոթությունները, երբ ծանոթացավ մի շարք բիզնեսմենների հետ, որոնք իրենց սեփական գործն են սկսել շատ փոքր մեկնարկից: Ու որոշեց՝ եթե նրանք սկսել են փոքրից ու հաջողել, ապա ինչո՞ւ ինքն էլ չփորձի: «Իսկ դժվարությունները սկզբում անխուսափելի են,- ասում է «Բրդուճի» համահիմնադիրը և հավելում, որ երբ տեսնում ես առաջին արդյունքները՝ արդեն գոտեպնդվում ու շարունակում ես առաջ շարժվել, թեև գիտակցում ես, որ հետագայում խնդիրները ոչ թե վերանալու են, այլ ընդհակառակը՝ ավելանալու են:

«Իմ կարծիքով՝ համառությունն ամենակարևոր բաներից մեկն է, և երկրորդը՝ կրթվելն ու զարգանալը: Որովետև բիզնեսիդ հայելին հենց դու ես, բիզնեսդ քեզնից է սկսվում, ինչ կարողանում ես դնել բիզնեսիդ մեջ հոգով ու սրտով, այն էլ ստանում ես: Ինձ համար՝ թե սկսել եմ, ուրեմն պետք է առաջ գնամ, չպետք է կանգ առնել անգամ անկումային շրջանոմ, երբ ոչինչ չի ստացվում քո ուզածի պես, իսկ ցանկացած բիզնեսի սկզբում միշտ չէ, որ ստացվում է քո ուզածի պես: Բայց մեկ էլ մի փոքրիկ հաջողություն է լինում, օրինակ՝ տևական ժամանակից հետո մեկ էլ մի 6-հոգանոց պատվեր է լինում, ու մտածում ես՝ ուրեմն լավ կլինի, հետո լավ կլինի: Այսինքն՝ պիտի հասկանաս, որ նոր ես սկսել ու դեռ կարող են պատվերներ հաճախ չլինել: Հույս ունեմ, որ սեզոնին կունենանք բավականաչափ պատվերներ, որոնք մեզ հետագայում կգոհացնեն: Մի խոսքով՝ հուսալքվելու առիթ դեռ չկա»,- նշում է երիտասարդ ձեռներեցը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ համառությունը, դժվարությունների դեպքում չհանձնվելն ու նպատակասլացությունն ամենակարևորն են բիզնեսում: Համբերություն է պետք ու համբերատար սպասել, մինչ ամեն ինչ հունի մեջ ընկնի, բայց նաև այդ համբերությունն էլ, համառությունն էլ, նպատակասլացությունն էլ պետք է լինեն գիտակցված:

«Եթե չես տեսնում այն նշանը, որը հուշում է հաջողության մասին, չես հավատում, որ հաջողությունը վաղ թե ուշ կգա, ուրեմն անիմաստ է շարունակելը»,- ամփոփում է Սերգեյ Պետրոսյանը, որ իր իսկ խոսքով՝ հիմա ապրում է իր ժամանակի գերակշիռ մասը «Բրդուճի» մասին մտածելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: