Հայերեն   English   Русский  

​Նազիկ Ավդալյան. «Հայ կանայք մշտապես տարբերվել են իրենց առաքինությամբ, ուժով և պայքարի ձգտմամբ»


  
դիտումներ: 6232

Համաշխարհային սպորտի պատմության մեջ թերևս շատ չեն այն մարզուհիները, որոնք, ծանր վնասվածքից հետո վերադառնալով մրցահարթակ, վերստին դափնիներ են նվաճել: Աշխարհի (2009) և Եվրոպայի կրկնակի (2008, 2016) չեմպիոն Նազիկ Ավդալյանն իրավամբ դասվում է նրանց շարքը: Գյումրեցի ծանրորդուհու նվաճումները հայկական սպորտի պատմության փառահեղ էջերի անքակտելի մասն են:

«Անկախի» հետ զրույցում Նազիկ Ավդալյանը խոսում է մարզաձևի ընտրության, դժվարությունների, անցած ուղու, հաղթանակների բերկրանքի և կնոջ երջանկության մասին:

- Ծանրամարտից առաջ երկար տարիներ զբաղվել եմ ակրոբատիկայով` 4 տարեկանից սկսած: Հասուն տարիքում, քանի որ շատ էի սիրում սպորտը, ցանկացա անպայման շարունակել: Մարզիչս հուշեց, որ իմ տվյալներով կարող եմ հաջողության հասնել ծանրամարտում: Մարզումների ընթացքում սիրեցի մարզաձևը և հասկացա, որ իրոք կարող եմ:

2003 թվականին պարզապես որոշեցի փորձել՝ առանց մտածելու, որ բավական երկար ու դժվար, բայց միևնույն ժամանակ հիշարժան ու տպավորիչ ճանապարհ եմ անցնելու:

- Կարծիք կա, թե սպորտը կնոջը զրկում է կանացիությունից: Դուք Ձեր նրբագեղությամբ կոտրում եք բոլոր կարծրատիպերը:

- Յուրաքանչյուր կին բնությունից օժտված է կանացիությամբ: Անկախ ընտրած մասնագիտությունից՝ կինն ամեն տեղ կարող է լինել կանացի, նուրբ և քնքուշ:

Նազիկ Ավդալյան

Ամբողջ կյանքում սպորտի մեջ լինելով` մշտապես իմացել եմ, որ ծանրամարտը կամ որևէ այլ մարզաձև չի կարող զրկել կնոջը կանացիությունից ու նրբագեղությունից: Սպորտի միջոցով մարզուհիները փոքր-ինչ աթլետիկ կառուցվածք են ձեռք բերում, ինչը բացարձակ չի խանգարում կանացի լինելուն: Եթե կինը ֆիզիկապես ուժեղ է, չի նշանակում, թե կանացի չէ: Ես կարող եմ վստահ ասել, որ սպորտը դրական է անդրադառնում ցանկացած մարդու վրա: Սպորտը կոփում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Սպորտի միջոցով մարզիկները ձեռք են բերում բնավորության դրական գծեր՝ անկոտրում կամք, պայքարի ոգի, կարողանում են կյանքի դժվարությունները հաղթահարել:

- Հաղթանակներով և նվաճումներով հարուստ մարզական ուղի եք անցել: Ձեր հաջողությունների շնորհիվ այսօր ունենք ծանրամարտով զբաղվող բազմաթիվ մարզուհիներ: Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր գրավականը:

- Մարզիկը պետք է համապատասխան բնավորություն ունենա սպորտով զբաղվելու համար: Կյանքը պայքար է, սպորտը` առավել ևս: Պետք է կարողանալ և՛ սպորտում, և՛ կյանքում դժվարություններից չընկճվել, նպատակասլաց և աշխատասեր լինել: Յուրաքանչյուր ոլորտում էլ հնարավոր է հաջողության հասնել, եթե մարդ ունի կամք և այնպիսի բնավորության գծեր, որոնք հարկավոր են առաջ գնալու համար:

Պետք է ինչ-որ բան զոհաբերել առաջինը լինելու, հաջողության հասնելու համար: Ցանկացած մարդ պետք է հասկանա, թե ինչ է ուզում և ինչի է պատրաստ հանուն նպատակի: Սպորտով զբաղվելիս պետք է տրամադրվել և միայն ու միայն մտածել մարզումների մասին: Կողմնակի մտքերը կարող են խանգարել: Պետք է կարողանալ կտրվել արտաքին աշխարհից և լիովին մտնել սպորտի մեջ: Օրինակ` երբեմն ընթերցանության ժամանակ չես կարողանում կենտրոնանալ և ընկալել բովանդակությունը, այդպես էլ սպորտում է, եթե վարժությունը կատարում ես և չես տրամադրվում, արդյունքն այն չի լինում, մկանը ճիշտ չի զարգանում:

- 2016 թվականին տևական ընդմիջումից հետո վերադառնալով մեծ սպորտ՝ մարզական սխրանք գործեցիք՝ կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչը Ձեզ ստիպեց հաղթահարել դժվարությունները և հասնել հերթական նվաճմանը:

- Մշտապես ապրում եմ այն գիտակցությամբ, որ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ապա ես էլ կկարողանամ, իսկ եթե անգամ ոչ ոք մինչ այժմ չի արել դա, ապա առաջինը ես կլինեմ: Հաճախ կյանքում պատահում են գրեթե անիրական, անհնար թվացող դեպքեր և իրավիճակներ, որոնց հանդիպում են մարդիկ և կարողանում են հաղթահարել: Հարկավոր է ցանկություն, նպատակասլացություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ: Սակայն միևնույն ժամանակ չպետք է լինել չափից ավելի ինքնավստահ:

- Ձեր կյանքի կարևորագույն օրերից է նոյեմբերի 27-ը. 2009-ին հռչակվեցիք աշխարհի չեմպիոն, 2013-ին ծնվեց Ձեր որդին:

Նազիկ Ավդալյան

- Մինչ փոքրիկիս ծնունդը, 2009 թվականի նոյեմբերի 27-ն ինձ համար ամենակարևոր և հիշարժան օրն էր: Երկար տարիներ աշխատել եմ ու մարզվել, որ հասնեմ այդ նվաճմանը: Նշեմ նաև, որ ամուսնուս հետ հարաբերությունները սկսեցին խորանալ հենց այդ օրվանից հետո: Փոքրիկիս ծնունդից հետո ամեն ինչ փոխվեց: Այդ օրը հասկացա, թե որն է կյանքիս ամենամեծ բերկրանքը, անհամեմատելի նվաճումն ու ձեռքբերումը: Զարմանալի զուգադիպությամբ խորհրդանշական օր ստացվեց ինձ համար նոյեմբերի 27-ը:

- Որպես ծնող կցանկանա՞ք, որ Ձեր տղան ընտրի սպորտի ոլորտը:

- Յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու համար հարկավոր է դժվարությունների միջով անցնել, փորձություններ հաղթահարել: Ամեն մասնագիտություն իր դժվար կողմերն ունի: Ինչ ճանապարհ էլ որ ընտրի տղաս, լինի սպորտ, արվեստ, գիտություն, միշտ էլ իր կողքին կլինեմ ու կաջակցեմ նրան: Ցանկացած ոլորտում հաջողությունը հենց այնպես չի տրվում, նվիրում և աշխատասիրություն է հարկավոր:

- Վերջերս պաշտոնապես հայտարարվեց Ձեր մարզական կարիերան ավարտելու մասին: Որոշ ժամանակ Դուք զբաղվել եք նաև մարզչական աշխատանքով: Ցանկություն ունե՞ք շարունակելու այդ գործունեությունը:

- Որոշ ժամանակ աշխատեցի կանանց պատանեկան և երիտասարդական հավաքականում որպես գլխավոր մարզիչ: Ընթացքում հասկացա, որ ուզում եմ և սիրում եմ կատարել այնպիսի աշխատանք, որ ինքս ինձ համար միայն պատասխանատու լինեմ: Բացի այդ, մարզչական աշխատանքը ժամանակատար է: Շատ դժվար է համատեղել սպորտն ու ընտանիքը: Հեռավորությունն ու կարոտը գործն ավելի են բարդացնում: Երբ որպես մարզիկ ենք հանդես գալիս, գիտենք, որ այդ ամենը ժամանակավոր է, իսկ մարզչական աշխատանքով պետք է տարիներ շարունակ զբաղվել: Որպես կին չեմ կարող այդ ժամանակը տրամադրել աշխատանքին և ոչ թե ընտանիքին:

- Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է՝ նվիրված կանանց: Սիրով շնորհավորում ենք Ձեզ:

- Շնորհակալ եմ: Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին: Հայ կանայք մշտապես տարբերվել են իրենց առաքինությամբ, ուժով և պայքարի ձգտմամբ: Անկախ մեկամսյակից՝ թող բոլորն առողջ լինեն, գնահատված ու սիրված, միշտ ժպտան և ունենան իրենց պատկերացրած երջանկությունը:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: