Հայերեն   English   Русский  

​Հերոսություն սահմանին․ Տավուշցի Սեդան 12 երեխա է մեծացրել և բոլորին Հայաստանի պատվին անվանակոչել հո տառով սկսվող անուններով


  
դիտումներ: 14989

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակչուհի Սեդա Կլեկչյանը ամուսնու՝ Վաղինակ Կլեկչյանի հետ 12 զավակ են ունեցել՝ ինը տղա, երեք դուստր: Տիկին Սեդան զգեստապահարանից հանում է իր օրիորդական հնամաշ պայուսակը:

Նրա մեջ, թաշկինակով փաթաթած, պահում է ամենաթանկը՝ շողշողուն պարգևները, որ ստացել է մեծ ընտանիք ստեղծելու համար:

1981 թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվան՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, Սեդա Սարգիսովնային պարգևատրել է «Հերոս մայր» ոսկե մեդալով: Բարձրագույն պարգևը տիկին Սեդային հանձնել են հանդիսավոր:

«Բերեցին մեր ֆերմայի մոտ, ասացին՝ ապրես, ծափերով տվին ինձ»,- 36 տարի անց հիշում է Սեդա Կլեկչյանը:

Եվ այս պարգևը բազմազավակ մայրը ստացել է, երբ ընդամենը տասը երեխա ուներ: Հերոսի կոչումն ավելի է ոգևորում տավուշցի կնոջը, և նա ևս երկուսին է լույս աշխարհ բերում: Ծնողները տասներկու երեխաներին էլ կոչել են հո տառով սկսվող անուններով՝ Հովսեփ, Հարություն, Հրանտ, Հրածին, Հասմիկ...ու այդպես շարունակ: «Մեր Հայաստանի պատվին՝ անունները տրինք «հ» տառով: Աստծուց շատ շնորհակալ եմ, որ էդքան զավակ է ինձ նվիրել»,- ասում է տիկին Սեդան, որ զավակներին մեծացրել է մեծ դժվարությամբ, գիշեր-ցերեկ աշխատելով: «Հիսուն կով եմ կթել, յուղ ու պանիր արել, հող մշակել, էրեխեքիս պահել եմ անդրավարտիքի փողքերում, հին ու նոր շորերով»:

Անցած տարի դժվախտ դեպք է տեղի ունեցել. ավտովթարից տիկին Սեդան կորցրել է որդիներից մեկին:

Բազմանդամ այս ընտանիքն այժմ էլ ապրում է սահմանամերձ գյուղում, զբաղվում գյուղատնտեսությամբ: Կլեկչյանները մեծ ֆերմա ունեն, տասնյակ անասուններ են պահում, հոգում ընտանիքի հոգսը: «Վատն էն ա, որ կոպեկ չի տուն մտնում, ըշխատանք չկա»,- ասում է տիկին Սեդան, որ արդեն 15 թոռ ունի, 3 ծոռ:

Տունը Կապի տակ է (Տավուշ գյուղի ծայրամասում գտնվող թաղամասի անունն է): Երեխաների մի մասին տիկին Սեդան տեղավորել է, մի մասն իր մոտ է: Տիկին Սեդայի որդիներից հինգը ծառայել են Հայկական բանակում: Հարությունը զինվորական ծառայության ընթացքում հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել: «Ցավդ տանեմ, Վայքըմն ա ըլել, հըմի կեսը վիրավոր ա կյրած, թղթըմը թոշակի կյրած ա, վեր 3-րդ կարգ ա հըմի, քիչ ա ստանում»:

Հարությունի մայրը նշում է, որ որդին դեռևս 2002 թվականից հերթագրվել է բնակարան ստանալու համար: Մեծ ընտանիքը շատ կարիքներ ունի, բայց ամենակարևորը ամեն մի երեխայի համար առանձին տանիքն է, ինչը հնարավորություն կտա, որ զավակները ընտանիք կազմեն:

Հարությունը վիրավորվել է 1999 թվականին: «Դիրք բարձրանալու առաջին օրն էր: Սահմանին լարվեց իրավիճակը: Հակառակորդի զինուժը սկսեց կրակել մեր հենակետի վրա: Ես ու ևս վեց զինվոր վիրավորվեցինք: Փառք Աստծո, չզոհվեցինք»,-ասում է Հարությունը: 18 տարի է անցել, բայց նա դեռևս ամբողջությամբ չի բուժվել, Բերդի հոսպիտալում պարբերաբար բուժզննում է անցնում: «2017-ի վերջին գնացի Երևան, ասացին, որ բնակարանի իմ հերթը դեռ չի հասել, 300 ու չեմ հիշում ՝ քանիերորդն եմ»,- ասում է Հարությունը: 38-ամյա նախկին զինծառայողը հուսով է, որ առաջիկայում կլուծվի իր բնակարանի խնդիրը և ինքն էլ կկարողանա ընտանիք ստեղծել: «12 չէ, բայց ես էլ կուզեմ շատ երեխաներ ունենալ»,- ասում է Հարությունը, որ արհամարհելով առողջական խնդիրները՝ առավոտից իրիկուն օգնում է ծնողներին:

Սեդա Կլեկչյանը ամուսնու՝ Վաղինակ Կլեկչյանի հետ

Կրտսեր դուստրը՝ Հասմիկը, որ մեր այցի պահին խմոր էր արել ու պատրաստվում էր հաց թխել, ասաց, որ սահմանամերձ գյուղի իրենց բազմանդամ ընտանիքը երբևէ որևէ մեկից օգնություն չի ստացել: Այսքան տարի անց տիկին Սեդայի խնդրանքն է, որ լուծվի զինվոր որդու տանիքի հարցը:

Գարունը բացվեց, էլ հերոս մայրիկին գյուղում չեք տեսնի: Հենց որ կանաչը ճեղքեց սառած հողը՝ անասունը քշում է հանդ: Կրտսեր որդին՝ Հովսեփն էլ թաղի ավտոյից հասկացողներին էր գլխին հավաքել: Անծածկ, բեռնատար դարձրած վիլիսն էր նորոգում: Աշխատանքի սեզոնը բացվեց, էլ փոխադրամիջոցը կանգնեցնել չկա:

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: