Հայերեն   English   Русский  

​Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան. Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր


  
դիտումներ: 893

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:

Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք:

Այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Լոռու մարզպետարան, որտեղ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը կազմակերպված են պատշաճ մակարդակով, պարարտանյութերի 3000 տոննա հայտից 1300-ն արդեն մատակարարվել է, ընթացքի մեջ է դիզելային վառելիքի բաշխման գործընթացը: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը զեկուցել է մարզում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների մասին` ընդգծելով, որ այս տարի ակնկալվում է ցանքատարածությունների 10,6 տոկոս աճ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2017 թվականին մարզի ֆերմերների համար կազմակերպվել է 21 դասընթաց, որոնց արդյունքում 60 տնտեսության տրամադրվել է մոտ 207 մլն դրամի վարկ:

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ կարևորվել է անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է համայնքային անասնաբույժների ինստիտուտի ձևավորման ու զարգացման հարցին` շեշտելով, որ անասնաբույժները դառնալու են նախարարության գործընկերը համայնքում, քանի որ առաջիկայում այս ոլորտում տարբեր ծրագրեր են իրականացվելու: Նախարարը մասնավորապես հայտնել է, որ քննարկվում է արհեստական սերմնավորման ծրագիր սկսելու հարցը, որի շրջանակում սուբսիդավորվելու է անասնաբույժի ծառայությունը, ինչը ևս մեկ լրացուցիչ եկամուտ է և խթան համայնքային անասնաբույժների ինստիտուտի կայացման համար: Անասնաբույժը նաև պետք է իրականացնի կենդանիների համարակալման աշխատանքներ։

«Ֆերմերը կվճարի միայն սերմնանյութի համար, իսկ ծառայության մատուցման գումարը կփոխանցի պետությունը, արդյունքում ծնված կենդանին կաթնատվության տարիքում կտա 500 կգ ավել կաթ և 50 կգ ավել միս, ինչն ակնհայտ շահավետ առաջարկ է»,- հավելել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով` կենդանու խնամքը, անասնապահությունը գյուղացու համար շատ ծանր աշխատանք է, իսկ այս ծրագիրը հնարավորություն կտա էականորեն ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը, և ավելի քիչ գլխաքանակով ավելի շատ եկամուտ ստանալ:

Խորհրդակցությունից հետո նախարար Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է «CARMAC Group» իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այնուհետև նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի:

«CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ:

«Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարի խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:

Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: