Հայերեն   English   Русский  

​Ընտանեկան դրամագլուխը կարելի է նաև կանխիկացնել, բայց գոնե՝ մտածված


  
դիտումներ: 2174

Կառավարությունը մարտի 6-ին հաստատեց «Նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելու միջոցով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանելու մասին» որոշումը:

Այս որոշմամբ ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը ընտանեկան դրամագլխից կարող է գումար փոխանցել ցանկացած բանկային հաշվի, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 ՀՀ դրամ: Այդ գումարը կարելի է օգտագործել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու հաջորդ ամսից ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով:

Քանի որ ընտանեկան դրամագլխին վերաբերող հարցերը միշտ էլ եղել են հանրության ուշադրության առարկա, փորձենք մի քիչ ավելի հանգամանալից ներկայացնել, թե ինչ է այն, ինչպես է ձևավորվում, ինչպես է տնօրինվում, ով, ինչպես կամ որ դեպքերում կարող է այն տնօրինել:

Նախ հիշեցնենք, որ 2014 թ. ընդունված օրենքի համաձայն՝ ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելուց հետո պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 հազարն անմիջապես ծնողներին վճարվող գումարն է, մյուս 500 հազար դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: Իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից արդեն ընտանեկան դրամագլուխ է համարվում մեկ միլիոն դրամը:

Ավելի մանրամասն այս հարցի վերաբերյալ «Անկախը» զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության առաջատար մասնագետ Տաթևիկ Միքայելյանի հետ: Նա տեղեկացրեց, որ անմիջապես երրորդ երեխայի ծնվելուց հետո ծնողը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է սոցիալական ապահովության տարածքային ստորաբաժանում, բանկում բացվում է հատուկ հաշվեհամար և այդ ամսին կամ հաջորդ ամսին արդեն միանվագ նպաստի մի մասը՝ 500 հազար դրամը, փոխանցվում է ծնողի հաշվին, որը ծնողները կարող են կանխիկացնել:

«Հաջորդ ամսին, անկախ նրանից, ծնողը կկանխիկացնի այդ գումարը, թե ոչ, դրամագլուխը՝ 500 հազար դրամը երրորդ և չորրորդ երեխաների դեպքում և 1 միլիոն դրամը՝ հինգերորդ և հաջորդ երեխաների համար, արդեն փոխանցվում է երեխայի անունով բացված հաշվեհամարին: Բայց եթե ծնողը պարզապես նշել է բանկը, որտեղից ինքը ցանկանում է ստանալ գումարը՝ առանց կոնկրետ հաշվեհամարի, բանկը վիրտուալ հաշվեհամար է բացում: Այդ դեպքում ծնողը պետք է գնա, կանխիկ գումարը հաշվից հանի, որից հետո հաջորդ ամսին նոր ընտանեկան դրամագլուխը կակտիվանա աջակցության հաշվեհամարին»,- պարզաբանեց Տաթևիկ Միքայելյանը:

Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Եթե մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի դիմում միանվագ նպաստ ստանալու համար, արդեն կորցնում է այդ իրավունքը: Եվ մյուս կարևոր հանգամանքը. եթե նախորդ տարիներին առաջին երկու երեխաների ծննդյան դեպքում էր միայն հնարավոր առցանց դիմել միանվագ նպաստ ստանալու համար, որը 50 հազար դրամ է, ապա այս տարվանից արդեն հնարավոր է առցանց դիմել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում:

Փաստորեն, երեխայի ծնվելու դեպքում տրամադրվող միանվագ նպաստի առաջին մասը՝ 500 հազար դրամը, որը ծնողները կամ երեխայի ներկայացուցիչը կարող են կանխիկացնել, «ծնողի գումարն» է: Իսկ ընտանեկան դրամագլուխը երեխայի հաշվեհամարին փոխանցվող մյուս 500 հազարը կամ 1 միլիոն դրամն է՝ «երեխայի գումարը»: Այսինքն՝ 500 հազար դրամով պետությունը փորձում է աջակցել երեխայի ծնվելուց հետո նրա ծննդյան հետ կապված կարիքները հոգալու հարցում, իսկ դրամագլուխը՝ 500 հազարը կամ 1 միլիոնը, արդեն ավելի հեռահար նպատակներ ունի: Պետությունը հնարավորություն է տալիս, որ այն երեխան տնօրինի չափահաս դառնալուց հետո: Ընտանեկան դրամագլուխը մնում է բանկում ավանդ՝ որոշակի ավանդային տոկոսներով՝ ըստ բանկի կողմից սահմանված պայմանների:

Սակայն օրենքով նախատեսված են բացառություններ, թե որ դեպքերում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մինչև երեխայի չափահաս դառնալը հնարավորություն ունի այդ դրամագլխից անկանխիկ փոխանցումներ անել:

«Այդ գումարները կարող են ուղղվել ծնողներից որևէ մեկի անունով գործող հիփոթեքային վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարմանը: Կա նաև կառավարության սահմանած գյուղական բնակավայրերի բավականին մեծ ցանկ:՝ Դրանք հիմնականում բարձրլեռնային և սահմանամերձ գյուղական բնակավայրերն են, որտեղ պետությունը հնարավորություն է տալիս ընտանեկան դրամագլխի միջոցներից անշարժ գույք գնել առանց վարկի՝ կանխիկ եղանակով: Որովհետև այնտեղ տները հիմնականում շատ էժան են: Դա էլ նպատակ ունի, որ նոսր բնակեցված բնակավայրերը գոնե այս կերպ բնակեցվեն կամ չդատարկվեն:

Այդ գումարը հնարավոր է մինչև երեխայի չափահաս դառնալը տնօրինել նաև ծնողի կամ ընտանիքի մյուս երեխաների ուսման վարձը վճարելու նպատակով, փոխանցում կատարելով:

Երրորդ ուղղությունը գյուղատնտեսական վարկերի մարումն է, բայց բոլոր գյուղատնտեսական վարկերը չեն, որ այս ծրագրով հնարավոր է փոխհատուցել, այլ միայն նրանք, որոնք պետության կողմից սուբսիդավորվող գյուղվարկերն են:

Մյուս ուղղությունն էլ առողջապահության ոլորտում կարող է օգտագործվել, ինչն արդեն իրականացվում է բացառապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ: Այս դեպքում ընտանիքը աղքատության գնահատման համակարգում պետք է 0-ից բարձր միավորներ ունենա, բացի այդ տվյալ անհրաժեշտ ծառայության համար պետությունը պետք է համավճար սահմանած լինի, և այդ գումարն ուղղվի համավճարին»,- շարունակեց պարզաբանել Տաթևիկ Միքայելյանը:

Այսպիսով, սկսած 2016 թվականից, ընտանեկան դրամագլուխը կարելի է օգտագործել նաև ամեն ամիս մինչև 25 հազար դրամ փոխանցելով որևէ այլ բանկային հաշվեհամարի ու այնտեղից փոխանցումներ կատարել կամ կանխիկացնել: Այս կարգը կառավարությունը սահմանեց օրենքն ընդունելուց երկու տարի հետո միայն՝ հաշվի առնելով հասարակական պահանջը, շահառուների բազմաթիվ խնդրանքները, սոցիալական վիճակը և այլն: Արդեն երկու անգամ ծնողները կամ երեխաների օրինական ներկայացուցիչները հնարավորություն են ստացել այս եղանակով կամաց-կամաց օգտագործել ընտանեկան դրամագլխի գումարները: Հիմա էլ արդեն 3-րդ անգամ այդ ժամկետը երկարաձգվեց: Շահառուները կարող են մինչև մայիսի 1-ը դիմել համապատասխան փոխանցումները կատարելու համար:

Հարց է առաջանում՝ ինչու հենց 25 հազար դրամ, ինչու ծնողը չի կարող ավելի շատ օգտագործել կամ ամբողջ գումարը միանգամից կանխիկացնել: Ինչքան հասկացանք մեր մասնավոր զրույցներից, դա արվում է, որպեսզի գումարները, որոնք նախատեսված են երեխաների համար, բայց տնօրինվում են ծնողների կողմից, գոնե կամաց-կամաց օգտագործվեն և ուղղվեն ընտանիքի առօրյա խնդիրների լուծմանը: Պատկերավոր ասած՝ ծնողը միանգամից 500 հազար դրամ չկանխիկացնի ու ասենք՝ գերթանկարժեք հեռախոս, օրինակ՝ Iphone գնի:

Բացի այդ, քանի որ թե՛ միանվագ նպաստի դեպքում, թե՛ ընտանեկան դրամագլխի դեպքում բոլոր բանկային ծառայություններն անվճար են, եթե գումարները միանգամից նստեն հաշիվներին ու միանգամից էլ կանխիկացվեն, ապա այդ գործարքներն արդեն ձեռնտու չեն լինի բանկերի համար, նրանց արդեն չեն հետաքրքրի ընտանեկան դրամագլուխները:

Ինչ վերաբերում է բանկերին, ապա նշենք, որ յուրաքանչյուր բանկ տարբեր առաջարկներ կարող է անել ընտանեկան դրամագլուխը որպես ավանդ ներդնելու համար: Այս կապակցությամբ Տաթևիկ Միքայելյանը խորհուրդ է տալիս, որ քաղաքացիները լավ ուսումնասիրեն, թե որ բանկն ինչ տոկոսադրույքներ ու պայմաններ է առաջարկում, ու ընտրեն լավագույն տարբերակը, չտանեն ու իրենց ամենամոտ բանկում հաշվեհամար բացեն:

«Սա կարևոր է, քանի որ երկարաժամկետ գործող ծրագիր է: Ու եթե ծնողը ժամանակին ամեն ինչ ճիշտ անի ու, Աստծո հաջողությամբ, մինչև երեխայի չափահաս դառնալն այդ գումարը տնօրինելու կարիք չլինի, նրա չափահաս դառնալուց հետո բավականին կլորիկ գումար կուտակված կլինի, որն արդեն կարող է տնօրինել երեխան»,- նշեց Տաթևիկ Միքայելյանը:

Չմոռանանք նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարները նախատեսված են երեխայի համար և խիստ անհրաժեշտության դեպքում միայն ծնողների կամ ընտանիքի կարիքների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: