Հռոմի պապից ավելի կաթոլիկ Ակոպովան․ Ախալցխայի դպրոցի տնօրենի հակահայ նախաձեռնությունն ու ջավախահայության ընդվզումը
Դպրոցի նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովան հայտարարել էր, որ պետք է դադարեցնել ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դպրոցի դահլիճում անցկացվող միջոցառումները, և առհասարակ, երեխաներին դուրս բերել այդ «տխուր թեմայից», քանի որ կարիք չկա հիշելու ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը:
«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն, ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել այս մասին՝ գրելով. «Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և դպրոցի տնօրենը պատրաստվում է այն իրագործել, ապա սա հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանզի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ջավախքում օրեցօր մեծ թափ ստացող թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր լցնել»:
Ավետիսյանը նշել էր նաև, որ Ջավախքում գործող հայկական հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված հայազգի ներկայացուցիչները և Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները պետք է օր առաջ պարզեն այս զազրելի և հակահայ հայտարարության իսկությունը և առաջարկեն դպրոցի տնօրենին և ուսուցչական կոլեկտիվին ապրիլի 24-ին կազմակերպել ու հավուր պատշաճի դպրոցի դահլիճում անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումը, ինչպես նախորդ տարիներին:
«Անկախն» այս թեմայով զրուցել է Արմեն Ավետիսյանի հետ:
-Պարոն Ավետիսյան, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա, կարելի է ասել, մենք լուրջ խնդիր ունենք նախ ինքներս մեր մեջ: Ո՞վ է Ակոպովան, ի՞նչ տեղեկություններ ունեք նրա մասին:
-Շատ տեղեկություններ չունեմ, ասում են՝ Թբիլիսիից Ախալցխա տեղափոխված հայ ընտանիք է, ի դեպ, ամուսնու ազգանունն էլ՝ Պողոսով, բայց էականը, մեծ հաշվով, դա չէ. Պողոսով, Ակոպովա, թե Կիրակոսով, մեզ հետաքրքրում է այն, որ այդ դպրոցն ավանդույթներ ունեցող դպրոց է և մշտապես կազմակերպել է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառում դահլիճում, որի ընթացքում հնչել են դատապարտող հայտարարություններ, պահանջատիրության հետ կապված հայտարարություններ և այլն: Հիմա նոր տնօրենը որոշել է, որ այդ ամենը պետք չէ: Ասեմ նաև, որ խորհրդային տարիներին հիմնադրված այս միջնակարգ դպրոցը ժամանակին կրել է Հովհաննես Թումանյանի անունը, սակայն Սահակաշվիլու տխրահռչակ իշխանության տարիներին դպրոցներից բոլոր անունները հանվեցին, հանվեց նաև «հայկական դպրոց» ձևակերպումը, և այժմ այն պարզապես կոչվում է հանրային թիվ 4 դպրոց: Հիմա հաջորդ խնդիրը: Չնայած պաշտոնապես Հովհաննես Թումանյանի անունը հանվել էր, բայց դպրոցի շքամուտքին, պատի վրա դպրոցի նախկին անունը կրող վահանակը պահպանված էր հայերեն ու վրացերեն լեզուներով: Ակոպովան իր գալուց անմիջապես հետո հանել է նաև այդ վահանակը:
-Կարծում եք՝ Ակոպովան ի՞ր նախաձեռնությամբ է այդ ամենն անում:
-Կարող եմ վստահ ասել՝ այո: Ինքն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Իրեն թվում է, թե ինքն այդ ձևով կարող է Վրաստանի իշխանություններին դուր գալ, և իրեն կասեն՝ հալալ է քեզ, էն, ինչ մենք չէինք անում, դու արեցիր: Բայց իրականում դրանով նա վրաց իշխանություններին արջի ծառայություն է մատուցել, որովհետև իր քայլերով բորբոքել է տեղի հայ ազգաբնակչությանը:
-Եվ ինչո՞վ է արտահայտվել այդ բողոքը:
-Ե´վ Ախալցխայում, և´ Ջավախքի տարածաշրջանի մյուս քաղաքներում հարցը բարձրացել է, անձամբ ինձ զանգել են դպրոցի որոշ ուսուցիչներ, դժգոհել են: Բացի այդ, տեղի հայկական կազմակերպությունները, լրատվամիջոցները անդրադարձել են հարցին: Երբ խնդիրն արդեն լայն տարածում ստացավ, Ակոպովան հայտարարեց, թե ինքը չի ասել՝ ցեղասպանությունը պետք է մոռանանք, պարզապես ասել է՝ եկեք ամենամյա միջոցառումը չանենք, փոխարենը դասարաններում խոսենք թեմայի մասին: Բայց բոլորս էլ լավ հասկանում ենք, որ եթե այսօր դահլիճային մեծ միջոցառումն է հանում, վաղն էլ կասի՝ դասարաններում էլ պետք է չէ այդ մասին խոսել: Առհասարակ Ակոպովայի գործունեության նկատմամբ մեծ դժգոհություն կա: Ասում են՝ սկսել է հայոց լեզվի, հայ գրականության երկարամյա մանկավարժների «հետևից ընկնել», այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ մարդիկ ստիպված դիմում գրեն, դուրս գան:
-Բարձրացված աղմուկն արդյունք տվե՞ց, թե՞ այնուամենայնիվ այս տարի ապրիլի 24-ին նախատեսված ավանդական միջոցառումը չի իրականանա:
-Բարեբախտաբար, աղմուկն արդյունք տվեց, ես երեկ եմ վերադարձել Ջավախքից, տնօրենը ի վերջո տեղի է տվել և համաձայնել, որ ապրիլի 24-ի միջոցառումը տեղի ունենա: Ես վստահ եմ, որ տնօրենի վրա ազդել է ոչ միայն ջավախահայության բարձրացրած աղմուկը, այլ Վրաստանի իշխանությունները նույնպես վրդովմունք են հայտնել, որովհետև գոնե այս պահին վրաց իշխանություններին բոլորովին ձեռնտու չէր այս խնդիրը:
-Ինչո՞ւ, փաստորեն, հայազգի տնօրենն իր նախաձեռնությամբ անում է մի բան, որն ընկած է ջավախահայության նկատմամբ վրացական պետական քաղաքականության հիմքում:
-Այսօր Վրաստանը մխրճված է թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի մեջ և ավելի, քան երբեք հայկական գործոնը Վրաստանին պետք է: Դրա համար վրացիներն այսօր չէին ուզենա հավելյալ բողոքի ալիք բարձրացնել հայության շրջանում, առավել ևս, որ դա իրենց համար առանձնապես մի մեծ բան չի նշանակում. տարիներ ի վեր դպրոցում այդ միջոցառումն արվել է, հետո գնացել են հուշակոթողի մոտ ծաղիկներ են դրել, ելույթներ ունեցել, իսկ երեկոյան ջահերով երթ կազմակերպել, այսքանը: Ես մի բան գիտեմ՝ այդ կինն առհասարակ ադեկվատ չէ իրականությանը, բացի այդ, լինելով հայկական դպրոցի տնօրեն, նա նաև հայոց լեզվին նորմալ չի տիրապետում, ամեն երկրորդ բառը ռուսերեն է նույնիսկ հարցազրույցների մեջ: Ես կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլինի այս ամենից հետո բարձրացնել, եթե ոչ ամբողջությամբ դպրոցից, այլ գոնե տնօրենի պաշտոնից նրան հեռացնելու հարցը:
-Պարոն, Ավետիսյան, խոսենք Ջավախքի դպրոցների խորքային խնդիրների մասին: Առհասարակ, այսօր ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած մեր դպրոցները՝ անկախ տնօրենների որակից ու մտածողությունից:
-Ջավախքի դպրոցների ամենամեծ խնդիրները սկսվեցին Սահակաշվիլու իշխանության տարիներին: Նախ ամբողջությամբ հանվեց «Հայոց պատմություն» առարկան, հետո կամաց-կամաց սկսեցին նվազել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների դասաժամերը, փոխարենը ավելացան վրաց լեզվի և գրականության ժամերը: Ոչ ոք չի ասում, որ չպետք է ուսումնասիրել վրաց լեզու և գրականություն, բայց դա չպետք է անել հայոց լեզվի և գրականության հաշվին: Հասցրին այն աստիճանի, որ այսօր հայոց լեզվի և գրականության ժամերը նվազագույնն են: Հետո մի համակարգ մտցրեցին, որ հայկական դպրոցներում որոշ առարկաներ, ասենք, ֆիզիկան, մաթեմատիկան, պիտի անցնեն և´ հայերենով, և´ վրացերենով: Բայց Ջավախքում երեխաների գերակշռող մասը նույնիսկ վրացերեն արտահայտվել չգիտի, էլ ուր մնաց վրացերենով ֆիզիկա ու մաթեմատիկա սովորի:
-Նպատակը վրացերենի իմացության մակարդակի բարձրացո՞ւմն է:
- Ցավոք՝ ոչ: Ես կարծում եմ՝ այստեղ ավելի խորքային խնդիր կա: Ես մշտապես ասել եմ, որ Վրաստանի քաղաքացին՝ ապրի Ախալցխայում, Ախալքալաքում, թե Ծալկայում, լավ կլինի, որ վրացերեն սովորի, բայց դա ինքնանպատակ և պարտադրված չպետք է լինի, որովհետև որևէ լեզու պարտադրված անհնար է սովորել: Հիմա Ձեզ մի հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ջավախքցիները չեն սովորում իսպաներեն:
-Դե, որովհետև իրենց իսպաներեն պետք չէ:
-Այո, շատ տրամաբանական պատասխան է:
-Բայց վրացերե՞նն էլ պետք չէ, վերջիվերջո, ապրում են Վրաստանի տարածքում:
-Այո ապրում են, ավելին՝ հանդիսանում են Վրաստանի քաղաքացի, բայց փաստացի իրենց վրացերեն պետք չի: Իրենք որևէ տեղ դա չեն կիրառում: Ասում են՝ աշխատանքի տեղավորվելիս պետք է: Այո, պետք է, բայց ո՞վ է Վրաստանում այսօր ազգությամբ հային կենտրոնական իշխանությունում աշխատանքի վերցնում: Ոչ ոք: Սա է խնդիրը: Վրացական պետական ողջ իստեբլիշմենտում չկա գեթ մի հայ պաշտոնյա, գոնե նմուշի համար, որ ցույց տան, ասեն՝ սա հայ է: Հիմա ջավախցին մտածում է. իմ տարածաշրջանում 99 տոկոսը հայ է, ես առավոտյան արթնանում եմ, հարևանիս հայերեն եմ բարևում եմ, շուկա եմ գնում, հայերեն եմ խոսում, խանութ եմ մտնում, հայերեն եմ խոսում, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հայերեն եմ խոսում, ամեն տեսակի կենցաղային և այլ բնույթի գործունեությունս ծավալում եմ հայերենով, վրացերեն սովորեմ, որ ի՞նչ անեմ, մենակ նրա համար, որ Վրաստանի քաղաքացի՞ եմ, ո´չ, դա շատ քիչ է:
-Իսկ Թբիլիսիում իրավիճակը նո՞ւյնն է:
-Ո´չ, Թբիլիսիում ապրում է 200 հազարից ավելի հայ, որոնք վրացերեն գիտեն ավելի լավ, քան վրացիները: Բա ինչո՞ւ Թբիլիսիում ապրող և լավ վրացերեն իմացող հայերից գոնե մեկը Վրաստանի պետական իշխանության մեջ պաշտոն չունի, որ ջավախքցին էլ մի օր հեռուստացույցը միացնի ու լուրերով տեսնի, որ վրացերեն իմացող մի հայի Թբիլիսիում պետական պաշտոն են տվել, մտածի վրացերեն սովորելու մասին: Իսկ առհասարակ, ում վրացերենը պետք է, ինքնակամ սովորում է, չի սպասում, որ պարտադրեն:
-Վերադառնանք կրկին դպրոցներին: Ի՞նչ այլ խնդիրներ կան այսօր հայկական դպրոցներում:
-Դասագրքերի խնդիրը: Դասաժամերը կրճատեցին, լավ, ենթադրենք, համակերպվեցինք դրա հետ: Հիմա Վրաստանի իշխանություններն ասում են, որ Հայաստանից Ջավախք ուղարկվող գրքերը նախ ուղարկվեն Թիֆլիս, իրենք նայեն, ուսումնասիրեն, տեսնեն, թե իրենց պետության համար վտանգավոր էլեմենտներ պարունակող բաներ չկան, հետո իրենք իրենց ձևով տպագրեն և ուղարկեն Ջավախք: Եղել է ժամանակ, երբ հայկական դպրոցներում 5 տարուց ավել հայոց լեզվի և գրականության նոր դասագիրք չի մտել, որովհետև չէին հաստատում: Մի ուրիշ խնդիր էլ կա. օրինակ, Հայաստանում մաթեմատիկայի գրքում գրված է. Արամն ունի 2 խնձոր, ևս 3-ը նվիրեց Անին: Ջավախքի դպրոցների դասագրքերում գրված է. Նոդարն ունի 2 խնձոր, ևս 3-ը նվիրեց Նինոն: Այսինքն, լեզվամտածողությունն են փոխում: Բայց մեկ է, դա էլ չի օգնելու, Վրաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ ջավախքցին երբևէ անջատողականություն չի ցուցաբերել, ընդհակառակը, երբ Վրաստանը եղել է վտանգի մեջ, ջավախքցին մշտապես կանգնած է եղել Վրաստան պետության թիկունքին: Ջավախքցին ընդամենը ասում է՝ ես հայ եմ, թողեք իմ ազգային պատկանելությամբ, իմ մշակույթով, իմ պատմությամբ, իմ լեզվով ապրեմ՝ լինելով ձեր երկրի լիիրավ քաղաքացի: Իսկ եթե ուզում եք, որ ես նաև ձեր լեզուն սովորեմ, ցույց տվեք, որ դա ինձ իսկապես պետք է: Մենք հիմա Հայաստանում Ջավախքի հայ ուսանողների համար հատուկ վրացերենի դասընթաց ենք կազմակերպում, որ վերջում համալսարանն ավարտելուց հետո մասնագիտությունը ձեռք բերած, վրացերենի սերտիֆիկատն էլ ձեռքները գնան, որպեսզի չպատճառաբանեն, թե լավ մասնագետ եք, բայց վրացերեն չգիտեք: Բայց էլի աշխատանքի չեն գտնելու: Հայկական կողմը 10 տարուց ավելի է՝ վրացի գործընկերներին առաջարկում է Ջավախքում հիմնել Հայ-վրացական համալսարան: Դա մեզ համար այնքանով է կարևոր, որ ջավախքի երիատասարդները դուրս չեն գա այնտեղից, դրսում սովորելը արտագաղթի պատճառ չի դառնա, իրենց համար էլ լավ կլինի, քանի որ հայ երիտասարդները ակադեմիական մակարդակի վրացերեն կսովորեն, եթե իհարկե, նրանց նպատակը դա է: Բայց, ինչպես հասկանում ենք, նրանք նման նպատակ չունեն, հակառակ դեպքում այդ առաջարկը տասը տարուց ավել օդի մեջ չէր մնա: Ամեն անգամ ասում են՝ կքննարկենք, կասենք, մինչև հիմա ասում են…
Զրուցեց Անի Գասպարյանը