Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արցախի գլխավոր դատախազություն. ՄԻՊ
«Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։
Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն»,- գրված է հաղորդգրությունում։
Հիշեցնենք, որ մարտին Epress.am-ի հետ հարցազրույցում Ասյա Խաչատրյանը հայտնել էր, որ Ստեփանակերտում աշխատելու օրերին բռնության է ենթարկվել տեղի ոստիկանների կողմից: Արցախը ՄԻՊ-ը դիմել էր ԱՀ ոստիկանություն պարզաբանում ստանալու համար: Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն դիմաց տեղի էր ունեցել բողոքի ակցիա՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի: