Երևանում է Թամարա Գվերդցիթելին
Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին այսօր հանդիպեց լրագրողներին:
Նա խոստովանեց, որ Երևանի նման մշակութային քաղաքում համերգով հանդես գալն պատասխանատվություն է ու հուզումնալից պահ, որը կենդանացնում է հին զգացումները:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր համերգ երկխոսություն է արտիստի և հանդիսատեսի միջև: Համերգը կյանքի պես է՝ ունի սկիզբ, ընթացք և կուլմինացիա, և եթե հանդիսատեսը երջանիկ է համերգի վերջում, գոհ է, ուրեմն՝ երջանիկ է նաև արտիստը: Դրա համար էլ յուրաքանչյուր համերգին ես բացի ծրագրված գործերից, նաև իմպրովիզներ եմ կատարում, քանի որ յուրաքանչյուր հանդիսատես մի բան է ուզում»,-ասաց Գվերդցիթելին:
Նա գտնում է, որ հետխորհրդային տարիներին քաղաքական զարգացումները ազդել են նաև երաժշության վրա.«Արևմուտքը մեծ ազդեցություն ունի նախկին խորհրդային երկրների ժամանակակից մշակույթի վրա: Նկատելի է, որ նախկին խորհրդային պետություններում երիտասարդները մեծ հետաքրքրություն են դրսևորում ազգային մշակույթի հանդեպ, վերադառնոմ են դեպի իրենց արմատները: Երիտասարդները պետք է վերցնեն լավագույնը արևմտյան երաժշտությունից՝ մնալով առանձին, անկախ աշխարհից և յուրահատուկ »,-նշեց Թամարա Գվերդցիթելին:
Նա նաև ընդգծեց, որ արտիստի, մասնավորապես երաժշտի, առաքելությունն օգնելն է մարդկանց, որոնք տառապում են և կյանքի բարդ փուլում են գտնվում:
1987 թվականից սկսած՝ երգչուհին ընդգրկվել է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։
1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:
Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում:
2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով:
Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով: