Հայերեն   English   Русский  

​Նախատոնական Այգեպարում տոնածառի լույսերը չեն վառի


  
դիտումներ: 1307

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղն այսօր ևս գնդակոծվել է խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ամանորի նախաշեմին սա եզակի դեպք չէ, երբ հակռակորդը կոպտորեն խախտում է հրադադարը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Անկախի թղթակցին ասել է, որ կրակոցները հնչել են առավոտյան՝ ԴՇԿ տեսակի զինատեսակից:

Արբեջանական դիրքապահները կրակել են Այգեպարի այն թաղամասի ուղղությամբ, որտեղ գտնվում է Արշալույս Գևորգյանի նախկին տունը, որը ամռանը թշնամին այրեց ամբողջությամբ: Անդրանիկ Այդինյանի խոսքով, զգուշությունից ելնելով՝ գյուղում տոնական լույսեր չեն վառել: ՛՛Տոնածառի լույսեր, զարդեր բերել եմ, գյուղապետարանում դրած են: Եկեք գյուղ, հարցրեք, ասեք՝ խի տոնածառի լույսերը չեք վառում, պատասխանում են՝ վառենք, որ մեր տոնը փչացնե՞ն: Ամեն դեպքում, մեր ուժգին հակահարվածը յուրաքանչյուր անգամ լռեցնում է հակառակորդին՛՛,-նշեց գյուղապետը: Այգեպարում չեն վառում անգամ սովորական լույսերը, այն տները, որոնք նայում են դիրքերի ուղղությամբ: Սահմանապահ Մովսեսում գյուղում նախատոնական օրերին խաղաղ է եղել: Արարատ Ավալյանի խոսքով, արդեն իսկ անցկացվել են ամանորյա միջոցառումները, գյուղացիները՝ խաղաղության ցանկությամբ՝ պատրաստվում են դիմավորել 2015 թվականը: ՛՛Վաղը առավոտյան գնալու եմ Մովսեսի սահմանագծին տեղակայված բոլոր դիրքեր, որոնք մեկ տասնյակից ավելի են, շնորհավորեմ առաջնագծում կանգնած մեր զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հետո նոր ընտանիքում բաժակ բարձրացնենք հանուն մեր երկրի խաղաղության: Խաղաղություն եթե լինի, մնացածը իրենք կստեղծեն՛՛,-նշեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: