Հայերեն   English   Русский  

​Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը


  
դիտումներ: 4460

ՀՀ Ազգային ժողովը 2018 թ. փետրվարի 9-ին ընդունեց ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որի անցումային դրույթներով սահմանվեց, որ այն ուժի մեջ է մտնում հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը։ 2018 թ. ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, և քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը մտավ ուժի մեջ։

Նոր օրենսգրքով, ի թիվս այլ հարցերի, նախ հստակեցվել և լրացվել են քաղաքացիական դատավարության սկզբունքները։

Այսպես, սահմանվել է նոր սկզբունք՝ տնօրինչականության սկզբունքը, որի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով: Հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

Մյուսը դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության սկզբունքն է, որի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:

Հստակեցվել է գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքը։ Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց բացատրում է իրենց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: