Հայերեն   English   Русский  

Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել ցուցարարներին


  
դիտումներ: 647

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը տեսաուղերձ է տարածել ուղղված ցուցարարներին, որոնք վերջին 9 օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում և այլ քաղաքներում։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սերժ Թանկյանը տեսաուղերձում ափսոսանք է հայտնում, որ չի կարող միանալ պայքարին։

«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետն է։ Մինչև հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար»,- իր ուղերձում նշում է Թանկյանն ու շարունակում․

«Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»։

«Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք»,- նաև ասում է ամերիկահայ երաժիշտն ու մի քանի խորհուրդ տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: