Հայերեն   English   Русский  

Հայկական կողմի պատասխանն էլ ավելի ծանր է լինելու. Արծրուն Հովհաննիսյան.razm.info


  
դիտումներ: 1142

Ինչպես արդեն հայտնել ենք, ադրբեջանական կողմն այսօր` հունվարի 4-ին, մեղադրել է հայկական զինուժին շմփան գծի Աղդամի հատվածում ադրբեջանական գյուղերը հրետակոծելու համար, ինչը Ռազմինֆոյի հետ զրույցում հերքել է ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Նշենք նաև, որ հունվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել` հայտարարելով, որ հայկական կողմի գործողությունները հանգեցնելու են «էլ ավելի ծանր ու շոշափելի կորուստների», ինչպես նաև հերթական անգամ հայտնել «օկուպացված տարածքները թշնամուց ազատագրելու լիակատար պատրաստության» մասին։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան

«Եթե Ադրբեջանը նոր տարին սկսում է նման կերպ, ապա հայկական կողմի պատասխանն էլ ավելի ծանր է լինելու», — մեկնաբանել է Ռազմինֆոյին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ երեկ՝ հունվարի 3-ին, ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական զինուժի կորուստների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը:

Միաժամանակ, ՀՀ ՊՆ-ն միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: