Հայերեն   English   Русский  

​Աշխարհը հետևում է հայաստանյան զարգացումներին


  
դիտումներ: 1622

Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է: Միջազգային լրահոսում հայաստանյան զարգացումների մասին լուրերը, կարծիքներն ու վերլուծությունները ո՛չ մեկն են, ո՛չ էլ երկուսը:

Հայաստանյան իրադարձությունները լուսաբանող ԶԼՄ-ները տեղեկացնում են վերջին զարգացումների` փակ փողոցների, մետրոյի, երկաթուղու, օդանավակայանի աշխատանքների դադարեցման մասին, հիշեցնում, որ պատճառը մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրություններն են, այնուհետև իրենց ընթերցողին տեղեկացնում են, թե ինչու և ինչպես են սկսվել բողոքի գործողությունները Հայաստանում: Գրեթե բոլոր լրատվամիջոցները շեշտում են, որ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը հայաստանցիները դիտարկել են որպես իշխանության զավթում: Ավելին, որոշ լրատվամիջոցներ նաև նշում են, որ 90-ականների վերջից սկսած՝ նույն քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ են երկրի ղեկին եղել:

Բրիտանական The Gardian-ը չի մոռանում իր ընթերցողներին հիշեցնել նաև, որ Հայաստանը նախկին խորհդրային հանրապետություն է, սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, երկրի տարածքում ռուսական ռազմաբազա կա և Կրեմլն էլ զգոն հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին։

CNN-ը ոչ միայն լուսաբանում է հայաստանյան զարգացումները, այլև ներկայացնում վերլուծաբանների կարծիքները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այսպես, Chatham House վերլուծական կենտրոնի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի մասնակից Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ բողոքի գործողությունները տարիներ շարունակ կուտակված դժգոհությունների հետևանք են։ Նա նշում է, որ հայերը տեսել են իրենց երկրի, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ժողովրդավարական լինելու հնարավորություն ուներ, կենտրոնացումն օլիգարխիայի ձեռքին, ուստի շատերը նախընտրում էին հեռանալ։

Բրոերսը վերջին բողոքի ցույցերի զանգվածայնության վաստակը միայն Փաշինյանին չի վերագրում, սակայն ասում է, որ ընդդիմության ներկայացուցիչը «շատ հաջողակ է եղել փոփոխության ցանկությունն ու էներգիան կառավարելու գործում»։ «Հարցն այն է, թե կկարողանա՞ Փաշինյանը դրսևորել կոալիցիա կազմելու հմտություններ»,- եզրափակում է մասնագետը։

The New York Times-ը, մանրակրկիտ լուսաբանելով վարչապետի ընտրությունները և հաջորդած բողոքի ցույցերը, ներկայացնում է Կալիֆոռնիայի հայագիտության ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքը, ըստ որի՝ Փաշինյանի պարտությունն անորոշ և անկայուն իրավիճակ է ստեղծում։

Խոսելով Փաշինյանի չընտրվելու պատճառների մասին՝ պարբերականը գրում է․ «Նա և նրա համախոհները երդվել են վերացնել քաղաքական և տնտեսական մոնոպոլիաները, որոնք երկիրը ղեկավարել են տարիներ շարունակ։ Սա հավանաբար ամենամեծ սպառնալիքն է եղել, որը ստիպել է դեմ քվեարկել նրան, քանի որ Հանրապետական կուսակցությունը սերտ կապեր ունի բիզնեսի հետ։ Օրենսդիրները հավանաբար ցանկանում են բանակցել որոշակի երաշխիքների շուրջ նախքան նրան որպես վարչապետի թեկնածու ընդունելը»,- ամփոփում է պարբերականը։

Իսկ ահա Al Jazeera-ն, վերլուծելով հայաստանյան զարգացումները, նշում է․ «Հաջողակ վերջնարդյունքի համար հարկավոր է, որ քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը և պետությունը փոխլրացնեն միմյանց։ Փողոցների ժողովրդավարական էներգիան պետության քաղաքական կառույցների վերածելու համար հարկավոր են կուսակցություններ, ընտրություններ, ընտրական կանոններ, քաղաքական առաջնորդություն, կոալիցիաներ և օրենսդիր մարմիններ։ Պարզ ասած, մարդիկ իրենց մասն արդեն արել են, հիմա քաղաքական գործիչների բանակցելու, զիջումների գնալու և կոալիցիաներ կազմելու հմտությունները ցույց տալու ժամանակն է»։

Գերմանական DW պարբեականը «Հայաստանի վարչապետի ընտրությունները ձախողված են։ Ի՞նչ կլինի հետո» վերնագրով նյութում նշում է․ «Փորձագետներն ափսոսում են, որ իշխանությունները չլսեցին փողոցի ցուցարարների ձայնը, և հույս ունեն, որ ընդդմիությունը դուրս չի գա խաղաղ ցույցերի շրջանակից»։

Ռուսական պարբերականներում իրադարձությունների լուսաբանմանը զուգահեռ կարմիր թելով անցնում է այն հարցը, թե արդյոք ինչ-որ պահի հայաստանյան իրադարձությունները կարո՞ղ են հակառուսական բնույթ ստանալ, արդյոք ընդդիմությունն իշխանության գալուց հետո չի՞ փոխի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքը։

Московский Комсомолец պարբերականն այդ հարցով դիմել է մի քանի վերլուծաբանների։ Այսպես, պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող Սերգեյ Մարկովը պնդում է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանն այլևս հաշվի չի նստի պրոռուսական տրամադրվածություն ունեցող հասարակության հետ և կվատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մինչդեռ Մոսկվայի հումանիտար ինստիտուտի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը հակառակ կարծիքն ունի։ «Հայաստանի օրինակով Ռուսաստանը կարող է ի ցույց դնել, որ ողջունում է իշխանության անարյուն փոխանցումը, որն իրականացվում է առանց արտաքին ուժերի միջամտության։ Մենք պահպանողական չենք, մենք ոստիկաններ չենք, մենք ժողովրդի կամարտահայտության կողմնակից ենք, ինչպես, օրինակ՝ Հայաստանում»։

Իսկ ահա ռազմական վերլուծաբան, գնդապետ Վիկտոր Լիտովկինը հերթական անգամ հիշեցնելով, որ «Հայաստանն առանց Ռուսաստանի օգնության չի կարող գոյատևել թշնամական երկրներով շրջապատված տարածաշրջանում», նշում է․ «Ինչ էլ կատարվի Հայաստանի քաղաքական կյանքում, ով էլ գա իշխանության, Հայաստանի ղեկավարությունը միշտ ռուսական կողմորոշում կունենա։ Առանց դրա Հայաստանը չի կարող գոյատևել»։

Ռուսական լուրերի դաշնային գործակալությունն էլ հաղորդվող լուրում զերծ չի մնում երանգավորող բառերից։ «Ժպիտների հեղափոխությունը» դեպի քաոս է գնում․ Փաշինյանը վրեժ է լուծում վարչապետ չընտրվելու համար»,- գրում է թերթը՝ կանխագուշակելով, որ իրավիճակն ամեն վայրկյան կարող է դուրս գալ Փաշինյանի և նրա կողմնակիցների վերահսկողությունից։

Չնայած ռուսական լրատվամիջոցները փորձում են հնարավորինս չեզոք լուսաբանել տեղի ունեցող զարգացումները, հետզհետե դա ավելի ու ավելի է դժվարանում։ Երանգավորող արտահայտությունները, հայաստանյան զարգացումները քննադատող մեջբերումներն ու արտատպությունները ավելի ու ավելի հաճախ են հանդիպում։

Թվարկածները միայն մի քանիսն են Հայաստանի քաղաքական զարգացումների մասին ամեն օր արվող տասնյակ հրապարակումներից։ Եվ այդ հրապարակումները միավորող հիմնական հարցն այս է՝ կկարողանան արդյո՞ք հայերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել իրավիճակը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: