Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում կալանավորել են ընդդիմադիր քաղաքական գործչի


  
դիտումներ: 299

Ադրբեջանի Շիրվանի քաղաքային դատարանում ավարտվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության տեղի կազմակերպության ղեկավար Ալիքրամ Խուրշուդովի գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանն ընդդիմադիր գործչին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Խուրշուդովը ձերբակալվել է 2017 թ. նոյեմբերի 22-ին Շիրվանում:

Վերջնական մեղադրականում նրա դեմ ներկայացվել են «զենքի կիրառմամբ խուլիգանություն», «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն» հոդվածներով սահմանված մեղադրանքներ: «Մուսավաթ» կուսակցությունում կարծում են, որ Խուրշուդովին շինծու մեղադրանքներով կալանավորել են ընդդիմադիր գործունեության համար:

«Ալիքրամ Խուրշուդովը, լինելով «Մուսավաթ» կուսակցության անդամ, անզիջում դիրքորոշում է ունեցել Շիրվան քաղաքում իրականացվող անօրինականությունների դեմ: Վերջին ժամանակներս նա սոցիալական ցանցերում հանդես է եկել քաղաքի ղեկավարի անօրինական բիզնեսի, շրջանում տիրող կոռուպցիայի, ինչպես նաև ադմինիստրատիվ մեթոդներով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերում հանրային սեկտորի ընդգրկման մասին տեղեկությամբ: «Մուսավաթ» կւսակցության տեղական կազմակերպության հավաքներն անցկացվել են Խուրշուդովի բնակարանում: Խուրշուդովի կալանքի իրական պատճառը վերոնշյալ գործունեությամբ զբաղվելն է եղել»,- նշված է ընդդիմադիր կուսակցության հաղորդագրությունում:

Կուսակցությունը պահանջել է Խուրշուդովին անհապաղ ազատ արձակել: Վերջինիս պաշտպան Նեյման Քերիմլիի լիազորությունները Փաստաբանների կոլեգիայի նախագահության որոշմամբ նախորդ ամիս մեկ տարով դադարեցվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: