Հայերեն   English   Русский  

Բաշար Ասադի անվերապահ հեռացման պահանջի մասին այլևս խոսք չկա. ֆրանսիացի դեսպան


  
դիտումներ: 449

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը հայտարարել է, որ իր երկիրը համերաշխ է Ռուսաստանի հետ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում, իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անվերապահ հեռացման պահանջի վերաբերյալ «խոսքերն այլևս բացակայում են»: Գրում է Russian.rt.com-ը:

Ֆրանսիացի դեսպանն այդ մասին հայտարարել է «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակներ է Ֆրանսիան հետապնդում Սիրիայի Արաբական Հանրապետությունում` Բերմանը հայտարարել է, որ «դա առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարն է»:

«Եվ այս հարցում մենք համերաշխ ենք Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի առաջին հարվածները եղել են Ռաքքայի` «Իսլամական պետության» ուղղությամբ, որի մասնակցությամբ կազմակերպվել են ահաբեկչական հարձակումներ Ֆրանսիայի քաղաքացիների նկատմամբ, այդ թվում` 2015թ. նոյեմբերին Փարիզի «Բատակլան» համերգասրահում», - նշել է դիվանագետը:

Նա նաև հավելել է, որ «երկրորդ հարցը փախստականներին է առնչվում»:

«Մենք կնախընտեինք, որպեսզի սիրիացիները կարողանան մնալ իրենց երկրում, իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական լուծում: Հնարավոր չէ, որպեսզի ինչ-որ մեկը պարզապես կարողանա զինյալներից ետ գրավել երկրի տարածքը, իսկ Ասադը ինչպես նախկինում մնա իշխանության ղեկին», - ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ասադը կարող է մնալ իշխանության ղեկին` ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ Փարիզը «չի որոշի Սիրիայի ժողովրդի փոխարեն»:

«Սակայն Բաշար Ասադի անվերապահ հեռացման պահանջի մասին խոսքերն այժմ բացակայում են», - ասել է Բերմանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը կավելացնի իր ներդրումը Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողություններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: