Հայերեն   English   Русский  

​Հայաստան-ԵԱՏՄ, արդարացա՞ն ակնկալիքները


  
դիտումներ: 1984

Շուրջ երկու տարի առաջ վավերացվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ադամակցության մասին պայմանագիրը, որը գործողության մեջ մտավ 2015 թ. հունվարի 1-ից։ Ինչքանո՞վ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նպաստեց գործարար կապերի ընդլայնմանն ու արտահանմանը, ինչպիսին էին ակնկալիքները կամ ինչպիսին են կանխատեսումները: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Գործարարների (գործատուների) և արդյունաբերողների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի հետ:

- Պարո՛ն Ղազարյան, վերջին շրջանում կարծքիներ են շրջանառվում, թե շատ հայ գործարարներ այնքան էլ լավ չեն գիտակցում ԵԱՏՄ միասնական տարածքում գործելու հնարավորությունները և լրիվ չեն օգտվում ընձեռված արտոնություններից: Որքանո՞վ է այս տեսակետն արդարացի:

- Քանի որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի տնտեսական ինտեգրումը մինչ մաքսային միություն ստեղծելն արդեն իսկ 20-25 տարվա իրողություն էր և հումք, մեքենասարքավորում ու ներդրումներ ավելի շատ ունեինք այդ երկրներից, ԵԱՏՄ-ին անդամակցությունը պետք էր ու անհրաժեշտ: Մենք միացանք ԵՏՄ-ին, մեր օրենսդրությունը և տեխնիկական կանոնակարգերը օպերատիվ մշակեցինք և արդեն երրորդ տարին ԵՏՄ իրավական տնտեսական ռեժիմի մեջ ենք: 5-7 տարով մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր սահմանվեցին, որոնք մեզ արտոնություն տվեցին երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վրա չունենալ մաքսային դրույքաչափերի աճ: Ընդամենը երկու տարի ԵՏՄ-ի հետ գործակցելով՝ համոզվեցինք, որ ճիշտը սա էր: Իրավական դյուրացված ռեժիմի շնորհիվ ահռելի քանակությամբ հումք, ապրանք, արտադրանք սկսեց ներկրվել ԵԱՏՄ երկրներից ավելի արագ, մատչելի և ավելի էժան տարբերակով: Կատարվեց կառուցվածքային փոփոխություն, որն առաջիկայում ավելի է ընդլայնվելու:

- Ի՞նչ ցուցանիշներ ունենք այսօր, որոնք արձանագրվել են այդ կառուցվածքային փոփոխություններից հետո:

- Եթե նախկինում տարեկան, պայմանականորեն ասենք, 1000 միավոր ուղեբեռ էր գալիս ԵԱՏՄ տարածքից, ապա այսօր՝ 3000 միավոր: Այն տնտեսվարողների համար, որոնք ռեալ շուկայում են, ծավալային արդյունքներն առավել ակնառու կլինեն: Եթե հայ գործարարները սովորաբար սանտեխնիկա ներմուծում էին Չինաստանից այլընտրանքային ուղղություն չգտնելու պատճառով, ապա այժմ ներմուծում են նաև Ռուսաստանից: Ընդ որում, նախկին 40-50 օրվա փոխարեն ուղեբեռը Հայաստան է հասնում 3-5 օրվա ընթացքում և ներմուծման գործընթացը գնային առումով դառնում է ավելի մատչելի:

- Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ շատ գործարարներ դժգոհում են, չեն կարողանում հարմարվել նոր տնտեսական հնարավորություններին: Ի՞նչն է խոչընդոտում այս արտոնյալ հնարավորություններից օգտվելը, որոնք բավական գրավիչ ու շահեկան են թվում առաջին հայացքից:

- Այդ տեսակետին համաձայն չեմ: Խնդիրն ուրիշ է: ԵԱՏՄ անդամակցության հնարավորություններն ամբողջապես չերևակվեցին այն պարզ պատճառով, որ ռուբլու կտրուկ անկումն էականորեն նվազեցրեց դեպի ՌԴ արտահանումը:

Հայաստանի անդամակցությունը պատմականորեն համընկավ ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացմանը հաջորդած ռուբլու կոլապսի հետ, մոտ մի տարի հայ գործարարները չկարողացան ավանդական պահածոները, խմիչքը, հյութը արտահանել: Ռուբլու կտրուկ անկումը, տատանումները հանգեցրին պայմանագրերի կնքման անորոշության: 2016 թ. կեսերից նոր միայն իրավիճակը սկսեց կայունանալ և մեր արտահանողները կարողացան ռուսական մատակարար ընկերությունների հետ իրենց պայմանագրերը վերակնքել:

Այս գործընթացն էապես ազդեց մեր շուկայի գնողունակության և ծավալների վրա: Հայաստանը կորցրեց մոտ 1,5 մլրդ տրանսֆերտների հոսք: Միայն անցած տարի ծավալները կամաց-կամաց վերականգնվեցին: Ուստի մեր սպասելիքները լիովին չիրականացան՝ պայմանավորված զուտ ստեղծված տնտեսական իրավիճակով: Բայց որ մեր ընտրած ռազմավարական ուղին այս 5 երկրների շրջանում ճիշտ է, մենք ճիշտ ճանապարհին ենք, փաստ է:

Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը դրական եմ համարում մեկ այլ տեսանկյունից ևս: Մաքսային միության անդամակցությունը մեծացնում է Հայաստանի ֆունկցիոնալությունը: Երկիրը հարևան երկրների համար շատ լավ հարթակ է Հայաստանով ԵՏՄ մուտք գործելու համար, որտեղից կարելի է ներկրվող ապրանքն առանց մաքսատուրքերի, առանց վարչարարական խնդիրների արտահանել, ինչը երկրի սահմանափակ հաղորդակցության պայմաններում մեծ առավելություն է: Արտասահմանյան գործարարներն արդեն սկսում են հասկանալ Հայաստանի ֆունկցիոնալ հատկանիշները: Իսկ եթե մինչև տարեվերջ լիարժեք սկսի գործել Մեղրու ազատ առևտրի գոտին, ապա այդ ֆունկցիոնալությունն ավելի կմեծանա:

- Իսկ տնտեսական ի՞նչ էֆեկտ կարող ենք ակնկալել առաջիկա տարիներին, որպեսզի տեսանելի լինի, թե ինչ տվեց ԵԱՏՄ անդամակցությունը:

- Ամփոփելով ԵՏՄ-ին ադամակցության 2 տարին՝ փաստեմ, որ 2017-ին Հայաստանն արձանագրել է արտահանման 14,5 տոկոս աճ, և աճի մեկնարկը նախորդ տարվանից է սկսվել: Միամտություն է ակնկալել, որ այս կարճ ժամանակահատվածում որակական տնտեսական թռիչք և մարդկանց կենսամակարդակի փոփոխություն էր տեղի ունենալու: Ցավոք սրտի, աշխարհաքաղաքական գործոնը ազդում է նաև մեր երկրի տնտեսության վրա: Նախորդ տարի դրվեց աճի սկիզբ: Որքան էլ քննադատաբար մոտենան, բայց փաստ է, որ տնտեսական աճ է արձանագրվել և աննախադեպ արտահանման աճ: Այս տարի սպասվում է նաև ներդրումների ակտիվություն, ինչի համատեքստում կարևորվում է ԵՏՄ անդամակցությունը: Ի դեպ, ներդրումների քանակն այս տարի ավելանալու է կատարվելիք նոր ներդրումների շնորհիվ, որոնք ուղղվելու են տրիկոտաժի և կոշիկի արտադրությանը, էներգետիկայի, շինարարական ինդուստրիայի և ջերմոցաշինության ոլորտներին:

- Իսկ հիմնականում ո՞ր գործարար շրջանակների համար է շոշափելի առաջընթաց արձանագրվել, որո՞նք են դաշտի հիմնական խաղացողները:

- Եվրատնտեսական միության ընձեռած հնարավորություններից օգտվողը հիմնականում միջին բիզնեսն է: Եթե նախկինում կայացած մատակարար ընկերությունների հետ չէր ստացվում մրցակցել, ապա այսօր նրանց քանակն է ավելացել, ոլորտում նոր ընկերություններ են հայտնվել: Կան նաև, որ զրոյական կարգավիճակից բիզնես են ստեղծել այս արտոնություններից օգտվելու համար:

Հայաստանին հաջողվեց զարգացնել և պահպանել իր առևտրային ռեժիմը նաև Եվրոպայի և ԱՄՆի հետ GSP+ի շրջանակներում: GSP ստանդարտ համակարգը շուրջ 66%-ով նվազեցնում է ԵՄ ներմուծման տուրքերը 23 երկրների համար: Հատուկ խրախուսական դրույթները զրոյացնում են մաքսային տուրքերը 10 այլ խոցելի երկրներից:

Տրված է լիարժեք հարթակ արտահանման համար: Հայ գործարարներն արդեն ոչ թե արտահանման շուկաներ գտնելու, այլ ստեղծված պահանջարկը բավարարելու առումով խնդիր ունեն: Այս պարագայում գերխնդիրը ապրանքատեսակների ծավալների մեծացումն է, արտադրության ընդլայնումը: Նշեմ նաև, որ ներկրողների և արտահանողների համար միության շրջանակներում տարեսկզբից հարկային օրենսդրության մեջ որոշ դրույթներ են փոփոխվել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ տարեսկզբին Աժ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մի օրենքի նախագիծ, համաձայն որի՝ 2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտները մեքենա-սարքավորումներ, տարբեր տեսակի հումք և բեռնատար ավտոմեքենաներ ներմուծելիս սահմանի վրա ազատվելու են ԱԱՀ-ի վճարումից: Այն միտված է հարկային բեռի կրճատմանը և ՀՀ-ում ներդրումների նպաստմանը: Սահմանի վրա ԱԱՀ-ից ազատվելու են միայն ԱԱՀ վճարողները:

Լ.Ն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: