Հայերեն   English   Русский  

«Ուշ ընկալողը դուք եք». Պայմանական վաղաժամկետ ազատմանը վերաբերող օրինագիծն այսօր կքննարկվի հատուկ ընթացակարգով


  
դիտումներ: 373

Խորհրդարանն այսօր աշխատանքները սկսեց նախօրեին քննարկված օրենքի նախագծերը քվեարկության դնելով։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց 81 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ այս նախագծի երկրորդ ընթերցումը կանցկացվի այսօր՝ հատուկ ընթացակարգով։

Այնուհետև վարման կարգով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որ քննարկումից հետո այսօր անցկացնել նաև քվեարկություն, որպեսզի վաղը միայն քվեարկության համար չհավաքվեն, ինչը պատգամավորների մեջ տարաձայնություններ առաջացրեց։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Անկեղծ ասած, ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը Ազգային ժողովն է և ինձ թվում է՝ ես չեմ սխալվում: Ուստի վաղը աշխատանքի գալը եթե ոմանց համար ծանր բեռ է, մեր կարծիքով մեր պարտականությունն է: Որեւէ հրատապություն մենք չենք տեսնում այսօր ժամը 3-ին հրատապ կազմակերպել քվեարկությունը:

Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ քվեարկությունը խնդիր չի, խնդիրը նրանում է, որ ինչքան շուտ պետք է այս օրենքն ընդունվի, որ կարգավորման ազդեցությունը սկսվի տարածվել. «Ոչ մեկը չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու»:

Վահրամ Բաղդասարյանը նույնպես խոսեց. «Ես խնդրում եմ, ով ուշ է ընկալում, մի քիչ ուշադիր լսեք, որ ընկալեք իմ ասածները»:

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Ուշ ընկալողը դուք եք, պարոն Բաղդասարյան»

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ գործընկերներին դիմեց՝ ասելով. «Կարիք չկա փոքր բանից մեծ վեճ սարքել»։

Քվեարկության դրվեց հատուկ ընթացակարգի մասին առաջարկը, ինչն ընդունվեց 66 կողմ ձայնով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: