Հայերեն   English   Русский  

«Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց». վարչապետը շրջայց է կատարել խանութներում


  
դիտումներ: 1174

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակումներով անդրադարձել է խոշոր սուպերմարկետներում թանկացումների մասին տեղեկություններին:

Փաշինյան. Քարֆուր

Նա նախ լուսանկար է հրապարակել, որն արվել է «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում:

«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը:

Որոշ ժամանակ անց վարչապետը ևս մեկ գրառում է կատարել.

«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:

Երեկ որոշ սուպերմարկետների ղեկավարներ պաշտոնական նամակով դիմել էին վարչապետին՝ նշելով, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում՝ գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ:

Ի պատասխան սրան ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: