Հայերեն   English   Русский  

​Արթուր Արշակյան. «Հավաքականում ընդգրկվում են ուժեղագույնները»


  
դիտումներ: 4612

Մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայացավ քիք-բոքսինգի WAKO-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ստուգատեսին մասնակցած 25 հայ մարզիկներից 14-ը դարձան մրցանակակիր՝ հայրենիք բերելով 2 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալ:

«Անկախի» հետ զրույցում քիք-բոքսինգի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Արշակյանն ամփոփում է մրցաշարի արդյունքները, խոսում մարզիկների նվաճումների, մարզաձևի զարգացման հետագա հեռանկարների և ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին:

- Պարո՛ն Արշակյան, աշխարհի գավաթի խաղարկությունից հայ մարզիկները մեդալների հարուստ ավարով վերադարձան, որպես գլխավոր մարզիչ՝ մարզիկների ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- WAKO-ն մարզական աշխարհի ամենահզոր կառույցներից է և հեղինակավոր մրցաշարեր է կազմակերպում: Աշխարհի գավաթի խաղարկությանը շուրջ 20 երկիր է մասնակցում: Ուստի ստուգատեսից առաջ շուրջ 2 ամիս նախապատրաստական շրջան անցանք: Ֆիզիկապես պատրաստ, բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ մեկնեցինք մրցավայր՝ գիտակցելով, որ մրցելու ենք ուժեղագույն մարզիկների հետ:

Անապա էինք մեկնել մեծ պատվիրակությամբ՝ 25 մարզիկ և 4 մարզիչ (գլխավոր մարզիչ Արթուր Արշակյան, մարզիչներ Արայիկ Սարգսյան, Վիկտոր Խաչատրյան և Արմեն Ղահրամանյան): Մեր պատվիրակությանը դիմավորեց աշխարհի ֆեդերացիայի նախագահը:

Առաջին մենամարտերից արդեն իսկ պարզ էր, որ կունենանք մեծ թվով մեդալի հավակնորդներ և մրցանակակիրներ: 25 մարզիկներից 14-ը մեդալներ նվաճեցին, թեև եղան նաև անհաջող ելույթներ: Նշեմ նաև, որ երկրպագուների աջակցությունը մեծապես նպաստեց մեր հաջողությանը:

Վետերանների պայքարում փայլուն հանդես եկավ Վարդան Աբգարյանը (մինչև 74 կգ)՝ սեմի կոնտակտ ոճում նվաճելով ոսկե մեդալ: Նա նաև քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահն է: Երկրորդ ոսկե մեդալը պատանիների պայքարում նվաճեց Փաշիկ Հասոյանը (13-14 տարեկաններ, -42 կգ) քիք լայթ ոճում: Տարբեր մրցաձևերում արծաթե մեդալակիրներ դարձան Վանյա Բեգոյանը (Ֆուլ կոնտակտ), Սամվել Գևորգյանը (սեմի կոնտակտ), Նոյ Անտոնյանը (քիք լայթ), Արեն Հակոբյանը, Հարություն Գալստյանը (Կ-1): Վերջինս մասնակցեց նաև պրոֆեսիոնալ ոճին մոտ գալա մենամարտի, բավական հաջող պայքարեց ռուս մարզիկի դեմ, սակայն մի քանի միավորով պարտվեց:

Երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրին Արսեն Սահակյանը, Աշոտ Ղազարյանը (ֆուլ կոնտակտ), Վաչե Գյուլբուդաղյանը (լայթ կոնտակտ), Վահե Հարությունյանը (քիք լայթ) Արտյոմ Վանեցյանը, Իգոր Հարությունյանը, Հրաչյա Համբարձումյանը (լոու քիք): Համբարձումյանի ձեռքբերումը կրկնակի կարևոր էր նաև այն առումով, որ նա զինծառայող է և պաշտպանում է հայրենիքի սահմանները:

- Միջազգային մրցաշարերում կողմնակալությունից խուսափելու համար կարևոր է նաև ներկայացուցիչներ ունենալ մրցավարական բլոկում, մինչդեռ մեր պատվիրակությունից որպես մրցավար հանդես եկավ միայն Արմեն Ղահրամանյանը:

- Անչափ կարևոր է, որ բացի մարզիկներից, ներկայացուցիչներ ունենանք նաև մրցավարների շարքերում: Քիք-բոքսինգն ունի մի քանի մրցաոճեր: Ուստի ցանկալի կլինի, որ բոլոր ոճերում մրցավարներ ունենանք: Մեր երկրի միակ մրցավարն Արմեն Ղահրամանյանն էր, այնինչ մյուս պետությունները բոլոր ոճերում ունեին իրենց մրցավարները: Երբ մրցավար ես ունենում որևէ մրցաոճում, այդ դեպքում կողմնակալությունից խուսափելն ավելի հեշտ է: Մյուս մրցավարները սկսում են ավելի ուշադիր գործել, սխալներ թույլ չտալ, որպեսզի իրենց երկրի ներկայացուցիչների նկատմամբ էլ վերաբերմունքն արդար լինի: Ցանկալի կլինի, որ բոլոր մրցաոճերում մրցավարներ ունենանք: Ցավոք, մեր մարզաձևում այդ ամենը ֆինանսական հնարավորություններից է կախված:

Եզրափակչում մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով մեր մարզիկներից 2-ն արժանացան միայն արծաթե պարգևի:

Նշեմ, որ որպես մարզիչ անչափ գոհ եմ մարզիկների մասնակցությունից, քանի որ նրանք ֆինանսների սղության պատճառով այնքան հաճախ չեն մասնակցում միջազգային մրցաշարերի, որքան իրենց մրցակիցները, ուստի ցույց տված արդյունքները միանգամայն գոհացուցիչ են:

- Քիք-բոքսինգը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվելու և օլիմպիական ընտանիք մտնելու հնարավորություն ունի՞:

- WAKO-ն այսօր մարզական աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից է: Շուրջ 50-60 տարվա պատմություն ունի և տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում: Աշխատանքներ են տարվում մարզաձևն օլիմպիական դարձնելու ուղղությամբ: Քիք-բոքսինգը լիարժեք բոլոր հնարավորություններն ունի. այն տարածված է ողջ աշխարհում, մեծ մասսայականություն է վայելում, միևնույն ժամանակ հանդիսատեսի համար դիտարժան է, դինամիկ:

- Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան ի՞նչ աշխատանքներ է իրականացնում մարզաձևը մասսայականացնելու և զարգացնելու ուղղությամբ:

- Քիք-բոքսինգը մեր հանրապետությունում շուրջ 25 տարվա պատմություն ունի, և վստահաբար կարող եմ ասել, որ մեծ մասսայականություն է վայելում: Ամեն տարի Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններ է կազմակերպում, որոնց արդյունքներով ձևավորվում են հավաքականների կազմերը:

Լավագույն մարզիկները, մրցանակակիրները հավաքականի կազմում ընդգրկվելու, մարզումներին մասնակցելու հնարավորությունն են ստանում: Հետագայում նրանք, ովքեր լավ մարզավիճակ են ձեռք բերում, արդարացնում են ապասելիքները, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությամբ են աչքի ընկնում, մեկնում են միջազգային մրցաշարերի: Որպես աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր՝ իմ փորձով կիսվում եմ սաներիս հետ՝ հոգեբանորեն նախապատրաստվելով: Պետք է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր մարզիկի՝ մատնանշելով սխալները, ոչ միայն չկոտրել, այլև ոգևորել ու առաջ մղել: Նշեմ, որ մեր ֆեդերացիայի բոլոր մարզիչներն ամենայն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ են կատարում են իրենց աշխատանքը, և նրանց շնորհիվ է նաև, որ ունենք հեռանկարային մարզիկներ:

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ոստիկանության մարտական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը մեծապես աջակցում է մարզիչներին ու մարզիկներին: Նրա գործունեության շնորհիվ քիք-բոքսինգն այսօր տարածված ու սիրված է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մյուս մարզերում ու Արցախում: Հանրապետության մասշտաբով ուժեղագույն մարզիկներն են ընդգրկվում հավաքականում և մասնակցում միջազգային մրցաշարերի:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: