Հայերեն   English   Русский  

ՄԻԵԴ-ն ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ հարցեր է հղել Վրաստանին և Ադրբեջանին


  
դիտումներ: 401

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս սկսել է կալանավորված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի բողոքի հիման վրա հետաքննությունը: Մուխթարլըի բողոքներն ուղղված են Ադրբեջանի և Վրաստանի դեմ:

Եվրոպական դատարանն Աֆղան Մուխթարլըի առևանգման գործի առնչությամբ արդեն հարցեր է ուղղել Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, Աֆղան Մուխթարլըի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին հայտնել է, որ Վրաստանին ուղարկվել է 8 հարց, Ադրբեջանին՝ 6 հարց: «Կարծում եմ, որի հարցերի պատասխանները դատարանին ավելի շատ հնարավորություն կտան ադրբեջանցի լրագրողի նկատմամբ խախտումների փաստերը հաստատելու համար: Պետությունները պատասխանելու համար 30 օր ժամանակ ունեն:

Այդ պատասխաններից հետո հայցվոր կողմին պետության պատասխանների առնչությամբ գրավոր մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն կտրվի: Հուսով ենք, որ Եվրոպական խորհրդարանի մեխանիզմն այն միջոցը կլինի, որի միջոցով ադրբեջանցի լրագրողի շահերը կվերականգնվեն»,- նշել է փաստաբանը:

Վերջինս հավելել է, որ պետությունը չի կարող անտեսել այն հարցերը, որոնք բարձրացնում է Եվրոպական դատարանը, և այն ակտերը, որոնք վիճարկում է Մուխթարլըն:

Հիշեցնենք, որ լրագրող Աֆղան Մուխթարլըն 2017 թ-ի մայիսի 29-ին անհետացել էր Թբիլիսիի կենտրոնում: Հաջորդ օրը նա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կալանքի տակ էր հայտնվել: Իշխանությունները նրան մեղադրել են սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության մեջ: Լրագրողն իր փաստաբանին հայտնել է, որ վրացական ոստիկաններն իրեն առևանգել և ծեծի են ենթարկել, տարել են սահման և հանձնել ադրբեջանական կողմին: Դատարանի որոշմամբ Աֆղան Մուխթարլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: