Հայերեն   English   Русский  

​«Մայր Հայաստանի» բնորդուհին՝ չմարող լեգենդ


  
դիտումներ: 2700

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: 300 հազարը զինվորագրվել են Խորհրդային Հայաստանից, 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939 թ. տվյալներով՝ հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի այդ, 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ, այդ ցուցանիշով Հայաստանը գրավել է 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշն այսօր համարվում է «Հաղթանակ» զբոսայգում տեղադրված «Մայր Հայաստան» հուշահամալիրը: Հուշարձանի պատվանդանը՝ սև տուֆի տարբեր երանգներով, հայկական ճարտարապետության մեջ եզակի է: Սակայն այդ պատվանդանին 1950 թ. կանգնեցվել էր Իոսիֆ Ստալինի արձանը (քանդակագործ` Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): 1962 թ. Ստալինի արձանը ապամոնտաժելուց հետո նույն պատվանդանի վրա 1967 թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը», որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը:

«Մայր Հայաստան» հուշարձանի նախատիպը դարձավ սովորական մի աղջիկ` երևանաբնակ Եվգենյա Մուրադյանը, որ նվաճեց քանդակագործ Արա Հարությունյանի սիրտը և դարձավ նրա ոգեշնչման աղբյուրը:

Տիկին Գենյան, չնայած վատառողջ է, առանց տրտնջալու զրուցեց մեզ հետ, պատմեց, թե ինչպես է տասնյակ տարիներ առաջ հայտնվել հուշարձանին ու կենդանի լեգենդ դարձել:

- Տիկին Մուրադյան, այսօր շատերը «Մայր Հայաստան» հւշարձանի պատմությունը գուցե գիտեն, բայց ոչ բոլորին է հայտնի նրա բնորդի իրական պատմությունը: Ինչքանո՞վ եք մոտ Ձեզ մարմնավորած կերպարին:

- Արձանի բնորդուհին հեռու չէ իրեն մարմնավորած կերպարից: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ռուսաց լեզվի ուսուցչուհի, ծնվել եմ պատերազմական ժամանակաշրջանում, 1942 թ., հայրենասիրական ոգով դաստիարակել եմ մի քանի սերունդ, ուզում եմ, որ ապագա սերունդը Հայաստանը լքելու նպատակ չհետապնդի: Գիտակցում եմ, որ երիտասարդները ձգտում են բարեկեցիկ ապրել, սակայն այդ բարեկեցությունը հորդորում եմ հենց հայրենիքում ստեղծել, մտահղացումներն ի շահ երկրի ապագայի իրականացնել: Երիտասարդ տարիներին հայկական կինոստուդիայի որոշ ֆիլմերում մի քանի դրվագներում եմ խաղացել, հետո արդեն գլխավոր դերակատարման հրավեր եմ ստացել ու մերժել, ծնողներս ու իմ սիրելի տղամարդն էին դեմ:

- Ինչպե՞ս պատահեց, որ դարձաք մեծ քանդակագործի բնորդուհին:

- Ես 17-18 տարեկան էի, լոլիկի հերթում կանգնած, իսկ քանդակագործ Արա Հարությունյանը դիմացս լուռ ուսումնասիրում էր, նայում: Մայրս նկատեց ու շտապ վերադարձնելով լոլիկները՝ ձեռքս բռնած խանութից դուրս տարավ: Նա նկատեց, մոտեցավ ու մայրիկիս ասաց, որ «Մայր Հայաստան» արձան քանդակելու պետպատվեր ունի, Ստալինի արձանը պիտի հանեին, Մայր Հայաստանի արձանը դնեին՝ որպես հաղթանակի խորհրդանիշ: Արա Հարությունյանը խնդրեց մայրիկիս, որ գնամ արվեստանոց, մայրիկս մերժեց, բայց նա իր հեռախոսի համարը թողեց, իր արվեստանոցն էլ գտնվում էր մեր տան մոտ՝ Կիևյան փողոցում: Հետո իմացա, որ եղբորս դասախոսն է, դասավանդում է Թերլեմեզյան ուսումնարանում, նա էլ ուղեկցեց քանդակագործի արվեստանոց:

Եվգենյա Մուրադյան

- Արձանը խորհրդանշում է հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ ամենի մարմնավորումը:

- Փոխեց իմ ողջ ներաշխարհը: Ավելի ուժեղացա կամքով, ինձ զգում եմ նույնքան խրոխտ, որքան այնտեղ կանգնած կինը:

- Իսկ ինչպե՞ս ընդունեցիք քանդակագործի առաջարկը, այն ոգևորե՞ց, թե՞ ամոթխածություն առաջացրեց: Կրելու էիք հայ կնոջ հավաքական կերպարը, դառնալու էիք լեգենդ:

- Առաջարկն ընդունեցի զուտ սեփական էմոցիաներից ելնելով, օրիորդ էի՝ երազանքներով լի և դեռ շատ հեռու էի կերպարի իրական նշանակությունն իր ամբողջ էությամբ ընկալելուց: Հիշում եմ՝ ինչպես էր քանդակագործ Արա Հարությունյանը վեր հանում կերպարի իմաստությունն ու խորությունը, ընդգծում կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը՝ որպես քաջարի կնոջ օրինակ մատնանշելով Վարդան Մամիկոնյանի մորը: Ձեռքի թուրը պետք է դեպի վեր խոյանար, սակայն իմաստն այլ բան էր, այն պիտի ուղղվեր դեպի հակառակորդը ի նշան պաշտպանության, իսկ ոտքերի տակ դրված վահանը՝ ի նշան խաղաղության ու համերաշխության:

Լ.Ն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: