Հայերեն   English   Русский  

​Քաղբանտարկյալների խնդիրը խոսում է Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների առկա ճգնաժամի մասին


  
դիտումներ: 1060

Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը բավականին լուրջ է:

Համաձայն իրավապաշտպանների կողմից կազմված միասնական ցուցակի՝ երկրում ավելի քան 150 քաղբանտարկյալներ կան: Չնայած նրան, որ նման իրավիճակը գոյություն ունի ավելի քան 25 տարի, վերջին տարիներին այն առավել հրատապ է, գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ անմեղ մարդկանց կեղծ մեղադրանքներով ձերբակալելը սովորական երևույթ է դարձել: Երկրում արդար դատաքննությունն անհնար է: Ժամանակավոր ազատազրկման մեկուսարաններում պահվող մեղադրյալների նկատմամբ խոշտանգումների դեմ բողոքող փաստաբաններին պատժելը, դատարանների՝ պատվիրված բնույթի դատավճիռներ կայացնելը, ինչպես նաև նմանատիպ այլ անօրինությունները մատնացույց են անում Ադրբեջանի հասարակությունում ծանր իրավական ճգնաժամի առկայությանը:

Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի կառավարության միջև բազաթիվ շփումներ են գրանցվել: Տարբեր ժամանակներում նշանակվել են քաղբանտարկյալների հարցով զեկուցողներ, պատրաստվել են զեկույցներ, սակայն քաղբանտարկյալների հարցը ոչ միայն լուծում չի ստացել, այլև, ընդհակառակը, նախորդ տարիների համեմատությամբ էլ ավելի է բարդացել:

Ադրբեջանական գործակալությունը գրում է՝ չնայած նրան, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի քան 25 տարիների ընթացքում քաղաքակականապես մոտիվացված ձերբակալություններ են իրականացնում, նրանք շարունակում են միջազգային կառույցներին հավաստիացնել, որ երկրում քաղբանտարկյալների խնդիր չկա: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են կոնկրետ հանցագործությունների համար, և վերջիններս քաղբանտարկյալներ չեն համարվում:Պաշտոնական Բաքուն այդ առնչությամբ ճնշում է գործադրել միջազգային կառույցների վրա՝ տարբեր միջոցներ կիրառելով: Հնչեցվում է նաև Եվրոպական միության անդամակցությունից Ադրբեջանի դուրս գալու սպառնալիքը:

Սակայն, այնուամենայնիվ, սույն թվականի ապրիլի 22-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակել է կոռուպցիային առնչվող, ավելի քան 10 ամիս տևած հետաքննության արդյունքները: 219-էջանոց զեկույցում նշված է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ Ադրբեջանին օգտին որոշ էթիկական նորմերի խախտում են թույլ տվել:

Դիտորդները պատահական չեն համարել այն փաստը, որ 2013 թ. ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում գերմանացի պատգամավոր Կրիստոֆեր Շտրասսերի կողմից նախապատրաստված զեկույցը՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ, մերժվել է: Ադրբեջանի պատվիրակության անդամների անունները բազմիցս շոշոփվել են «խավիարային դիվանագիտության» շրջանակներում կոռուպցիայի, կաշառակերության մասին հայտարարություններում:

Ըստ գործակալությանը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի լիարժեք լուծման համար բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները ստիպված կլինեն լուրջ ջանքեր գործադրել: Վերջին գործընթացները ցույց են տալիս, որ քաղբանտարկյալների գործով սցենարն այդ ուղղությամբ է զարգանում: Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանում սոցիալ-քաղաքական հարաբերությունների համակարգը մուտք է գործում իշխանությունների համար ծանր ծգնաժամային շրջան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: