Ցույցեր և տնտեսական անկայունություն Իրանում
Ճիշտ է, իրանական իշխանությունները սև շուկաների գործունեությունը և երկրից արտարժույթի դուրսբերումը կանխելու քայլեր են ձեռնարկում, սակայն արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն:
Տնտեսական երերուն վիճակն ավելի է սասանում նաև այն, որ չնայած միջուկային ծրագրի հնգյակը ցանկություն ունի շարունակելու համագործակցությունն Իրանի հետ, շուրջ 5 տասնյակ եվրոպական ընկերություններ արդեն իսկ հայտարարել են Իրանից հեռանալու մասին:
Իսկ ԱՄՆ ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում իրանական նավթի վաճառքը կանխելու ուղղությամբ: Թրամփի հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել նավթի արդյունահանումը մեծացնելու համար, որպեսզի համաշխարհային շուկան չզգա իրանական նավթի պակասը: Իրանի ներկայացուցիչները, սակայն, իրենց երկրի կողմից նավթի վաճառք չիրականացնելը դատարկ խոսակցություն են որակել, որը երբեք չի իրականանա:
Միջուկային համաձայնագրի ապագան դեռևս անորոշ է
Հուլիսի 6-ին կհանդիպեն Իրանի և միջուկային համաձայնագրի կողմ հնգյակ երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) ներկայացուցիչները: Նպատակն է քննարկել և հասկանալ, թե ինչպես է հնարավոր կենսունակ պահել ծրագիրը, շարունակել համագործակցությունն Իրանի հետ՝ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից:
Իրանը, իր հերթին, հստակեցրել է, որ համաձայնագրին հավատարիմ կմնա, եթե հնգյակ երկրները կարողանան կոմպենսացնել ԱՄՆ-ի բացակայությունը: Թեհրանը ցանկանում է տնտեսական օգուտներ ստանալ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների դիմաց: «Մեզ համար կարևոր չէ, թե եվրոպացիներն ինչպես կպաշտպանեն իրենց ընկերությունները ամերիկյան պատժամիջոցներից: Մեզ համար էական է, որ նրանց ընկերություններն աշխատեն մեզ հետ: Անհրաժեշտ է, որ իրանական նավթը վաճառվի և այդ փողերը հետ գան, այսինքն՝ իրականացվեն բանկային փոխանցումներ: Թե ինչպես նման պայմաններ կապահովեն, եվրոպացիների գործն է»,- հայտարարել է Իրանի ԱԳ ներկայացուցիչը:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ավստրիա կատարած այցի ժամանակ հայտարարել է. «Միջուկային համաձայնագիրը կարևոր է թե՛ Իրանի, թե՛ ԵՄ-ի և թե՛ ողջ աշխարհի համար: Այն, ինչ արեց ԱՄՆ-ն, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի որոշումներին և բազմաթիվ պարտավորություններին: Չեմ կասկածում, որ ամերիկացիները կվնասեն իրենք իրենց: ԱՄՆ-ի որոշումը որևէ մեկին օգուտ չի բերում, և դա սեփական շահերի դեմ ուղղված տարօրինակ որոշում էր»: Իրանի նախագահը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Իրանը համաձայնագրին հավատարիմ կմնա այնքան, որքան հնարավոր է խելամտության սահմաններում:
Տնտեսական վիճակը՝ ցույցերի պատճառ
Պայմանավորված երկրի օրեցօր վատթարացող տնտեսական վիճակով՝ երկրում չեն դադարում բողոքի ցույցերը: Հունիսի 30-ից Իրանում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվել երկրի հարավ-արևմտյան հատվածում՝ Խուզիստան նահանգում: Պատճառը խմելու ջրի անբավարարությունն է, որն առաջացել է չորային եղանակի պատճառով: Խաղաղ ցույցերը շուտով վերածվել են բախումների ոստիկանության հետ: Իսկ Թեհրանում ցույցերի պատճառով նախորդ շաբաթվանից փակ է շուկան և երկու խոշոր առևտրի կենտրոններ: Այս առևտրի կենտրոնների աշխատակիցներն էլ բողոքի ցույցեր են անցկացրել՝ ի նշան դժգոհության ազգային արժույթի արժեզրկումից:
Հնարավո՞ր է իմպիչմենտ Իրանում
Տարբեր մասնագետներ նշում են, որ բողոքի ցույցերը, որոնք առայժմ բացառապես տնտեսական բնույթ ունեն, շուտով կարող են վերածվել քաղաքականի: Ի վերջո, տնտեսական դժվարությունները նախագահ Հասան Ռոուհանիի վարչակարգի ձախողման հետևանք են: Ըստ այդմ՝ Ռոուհանիի վարչակարգը պարզապես չի կարողացել արդյունավետ գործել ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում:
Սակայն բողոքի ցույցերը կարո՞ղ են հանգեցնել Ռոուհանիի հրաժարականին կամ իշխանությունից հեռացմանը: Այս հարցում կարծիքները տարբեր են: Գերակշռում է այն մոտեցումը, որ անգամ Ռոուհանիին ընդդիմադիր ուժերի մեծ մասը կարծում է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում իշխանափոխությունն էլ ավելի կսրի իրավիճակը: Մյուս կողմից՝ լուրեր են շրջանառվում, որ Ռոուհանին ինքը ցանկանում է փոխել իր տնտեսական գծով աշխատակազմը: Թե ինչ փոփոխություններ տեղի կունենան և այդ ամենն ինչ արդյունք կունենա, դեռևս հստակ չէ: Սակայն արդեն իսկ պարզ է, որ առաջիկա ընտրություններում Ռոուհանիի մրցակիցները մեծ խաղաքարտ ունեն:
Մեղադրանքներ՝ ուղղված արտաքին ուժերին
Ուշագրավ է, որ Իրանի իշխանությունները կամ իշխանության որոշ ներկայացուցիչներ արտաքին ուժերին են մեղադրում ոչ միայն իրենց երկրում ստեղծված տնտեսական վիճակի, այլև չորային եղանակի համար: Այսպես՝ Իրանի բանակի գեներալներից մեկը հայտարարել է, թե Իսրայելը և տարածաշրջանի թշնամական երկրներից մեկը միասին նորագույն տեխնոլոգիաներ են կիրառում Իրանի տարածքում երաշտ առաջացնելու համար: Գեներալը, հղում անելով ինչ-ինչ ուսումանսիրությունների, պնդել է, որ հատուկ միջոցներով դեպի Իրան եկող ամպերը չորացվում են, որպեսզի ո՛չ անձրև տեղա, ո՛չ էլ ձյուն: Որպես օրինակ նա մատնանշել է, որ 2200 մետրից բարձր լեռներն Աֆղանստանում և Միջերկրածովյան շրջանում ծածկված են ձյան շերտով, մինչդեռ Իրանում ձյան շերտ չկա սարերին:
Հակառակ իրանական գեներալի հայտարարությանը՝ այդ երկրի հիդրոմետ ծառայության մասնագետներից մեկը ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ Իրանի տարածքում դիտվող չորային եղանակը գլոբալ միտում է, որը միայն իրենց երկրին չէ, որ վերաբերում է:
Նշենք, որ 2011-ին Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եվրոպական երկրներին էր մեղադրել հատուկ տեխնիկական միջոցներով Իրանում չորային եղանակ ստեղծելու համար: