Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում սոցցանցերի 17 օգտատեր քրեական և վարչական մեղադրանքներով ձերբակալվել է


  
դիտումներ: 460

Ադրբեջանի էներգետիկ համակարգում արգելափակման և Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձի առնչությամբ սոցիալական ցանցերում «ապօրինի կոչերով» հանդես գալու համար վերջին օրերին վարչական կալանքի է դատապարտվել 14 անձ: Եվս երեք անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, հուլիսի 9-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են Ադրբեջանի տարբեր քաղաքներում և շրջաններում վարչական կարգով 10 անձանց կալանքի մասին:

Կալանավորվածների թվում է լրագրող և Ջալիլաբադի շրջանից ակտիվիստ Աֆղան Սադըգովը, ում ձերբակալության մասին նրա ընտանիքի անդամները հայտնել էին դեռևս հուլիսի 7-ին: Եվս 4 մարդ դատապարտվել է 10-25 օրվա վարչական կալանքի: Երկու մարդ տուգանվել է, և ևս մեկին նախազգուշացում է արվել: Երեք անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չի հաղորդվում, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներն են նրանց նկատմամբ կիրառվում:

Հուլիսի 3-ին հարձակում են գործել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովի վրա, ինչի արդյունքում վերջիններս մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հանցագործը՝ 35-ամյա Յունիս Սաֆարովը, ձերբակալվել է: Գյանջայի բնակիչներից մեկն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝ այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի լույս 2-ի գիշեր Ադրբեջանի խոշորագույն էլեկտրակայանում՝ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում, վթար է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է մայրաքաղաք Բաքուն և Ադրբեջանի այլ շրջաններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: