Հայերեն   English   Русский  

​Ուղեկցորդները զինվորներ են իրենց գործում


Քաղաքացիական օդանավերի ուղեկցորդները և ուղեկցորդուհիներն ամեն տարի հուլիսի 12-ին նշում են իրենց մասնագիտական տոնը:


  
դիտումներ: 13361

Այս համեմատաբար երիտասարդ մասնագիտության յուրահատկություններին ծանոթացել ենք «Արմենիա» ավիաընկերության բորտուղեկցորդների ծառայության պետ Իզաբելլա Սարգսյանի օգնությամբ:

Նա այս բնագավառում է 1995-ից՝ աշխատելով ոչ միայն հայկական բոլոր հնարավոր ավիաընկերություններում, այլև արտասահմանում: Նա վաղուց է հետաքրքրված եղել այս մասնագիտությամբ, քանի որ մայրը՝ Լուիզա Իսկոյանը, Ավիաուսումնական կենտրոնում մասնագիտական անգլերեն է դասավանդում: Իզաբելլան խոստովանում է, որ երբևէ չի զղջացել ընտրության համար, բայց հիմա է հասկանում՝ ինչու էր մայրը դեմ:

Զրույցի սկզբում անդրադարձանք ուղեկցորդի մասնագիտական հմտություններին:

- Մեր առաջնահերթ խնդիրն ուղևորների անվտանգության ապահովումն է, երկրորդ՝ նրանք օդանավ մտնելու հենց առաջին րոպեից պետք է զգան հարմարավետություն և պաշտպանված լինելու զգացում ունենան: Նույնիսկ ուտելիս ուղևորները փորձում են քեզ հետ խոսել իրենց հուզող խնդիրների մասին՝ սկսած վախերից մինչև նեղ անձնական հոգսերը: Եվ նրանց հաճախ չի հետաքրքրում, որ քո ժամանակը սուղ է: Բայց ուղեկցորդը պիտի կարողանա շփվել յուրաքանչյուր ուղևորի հետ: «Արմենիա» ավիաընկերության առանձնահատկությունն այն է, որ մեզ համար բոլոր ուղևորներն անհատականություն են, ոչ թե աթոռին տեղավորված մանեկեն, որին պետք է կերակրել ու առաջ անցնել՝ առանց որևէ էմոցիայի: Մենք անպայման զրուցում ենք մեր ուղևորների հետ, երբ լարվածություն ենք նկատում՝ ցուցաբերելով սրտացավ վերաբերմունք: Բացի այդ, բորտուղեկցորդը չպիտի անձնական կյանքը բերի ինքնաթիռ. համազգեստը հագնելուն պես նա պարտավոր է ժպտալ, ինչը հեշտ չէ: Մեր աշխատանքը նաև շատ ռիսկային է: Ցանկացած սթրեսային իրավիճակում բոլորը նայում են քեզ, և դու պարտավոր ես հանգստություն ներշնչել: Եթե սկսես հիմարաբար ժպտալ` քաոս կսկսվի, ինչն ամենավտանգավորն է օդանավում, որովհետև տարածվելու հատկություն ունի: Պիտի կարողանաս կանգնեցնել առաջին ազդակը:

Մեր մասնագիտական յուրահատկություններից է նաև անընդհատ ճանապարհորդ լինելը, ստիպված ես միշտ ճամպրուկդ դասավորել և աշխատանքի գնալիս ամեն անգամ հրաժեշտ տալ տան անդամներին: Դա անբացատրելի զգացողություն է, երբ այդքան հաճախակի են քեզ հրաժեշտ տալիս ու սրտի թրթիռով դիմավորում: Աշխատանքային 22 տարիների ընթացքում ունեցել եմ 15000 թռիչքային ժամ, այսինքն՝ իմ կյանքից 15000 ժամ անցել է օդում, ինչն ինձ դարձրել է ավելի ինքնավստահ: Պարզապես կա մի հետաքրքիր հոգեբանական պահ. բոլորն էլ սկզբում ուզում են դուրս գալ սովորական առօրյայից, անգամ՝ ռիսկերի ենթարկվելու գնով: Իրոք, մի օր Ամստերդատում ես, մյուս օրը՝ Թիֆլիսում, հետո՝ Չինաստանում և այլն: Ու այդ ողջ ընթացքում շփվում ես շատ տարբեր մարդկանց հետ, ինչը ևս բարձրացնում է ադրենալինը: Բայց այս ամենը շատ ուրախալի է սկզբում, իսկ տարիներ անց, երբ արդեն շատ բան ես տեսած լինում, սկսում ես գիտակցել իրական ռիսկերը:

- Առհասարակ ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա այս մասնագիտությունն ընտրած մարդը:

- Ուղեկցորդն անպայման պետք է առողջ լինի: Մեզ մոտ գործի ընդունվելուց առաջ մարդիկ անցնում են շատ խիստ բուժզննում՝ ավիացիոն ստանդարտներին համապատասխան: Պարտադիր է հիանալի լսողություն, տեսողություն, հոտառություն ունենալը, մթության մեջ կողմնորոշվել կարողանալը, արագաշարժ և ճկուն լինելը: Այս հատկանիշները կարող են փրկել կյանքդ, քանի որ օդանավում չկան րոպեներ. այնտեղ կան վայրկյաններ: Ուղեկցորդը պետք է ունենա բարձրագույն կրթություն, լինի բազմակողմանիորեն զարգացած, տիրապետի մի քանի լեզուների, որպեսզի կարողանա պատասխանել ուղևորների տարաբնույթ հարցերին: Նաև անսահման համբերատարություն է պահանջվում: Եթե ծնված ես այս գործի համար` կաշխատես տարիներ, եթե ոչ, ապա չես դիմանա 2-3 տարուց ավելի, որովհետև այս աշխատանքը շատ էներգիա է տանում:

Ուզում եմ նկատել՝ հայերիս մեջ երբեմն սխալ պատկերացում կա. մեզ շփոթում են մատուցողի հետ: Ամենայն հարգանքով այդ մասնագիտության հանդեպ պիտի շեշտեմ, որ բորտուղեկցորդները նախ փրկարար են, բժիշկ, դասախոս, հոգեբան, նոր միայն սպասարկող: Ուղեկցորդները զինվորներ են իրենց գործում:

- Ի՞նչն է ամենադժվարը Ձեր մասնագիտության մեջ: Եվ արդյոք ժամանակի ընթացքում ուղեկցորդները չե՞ն ունենում օդաչու դառնալու ցանկություն:

- Այս մասնագիտության մեջ ամենադժվարն անձնական կյանք կառուցելն է, որովհետև անընդհատ օդում ես, որտեղ չկա անձնական կյանք: Իսկ հողի վրա լինելու համար պիտի ժամանակ ունենաս, որը նույնպես չկա:

Այո, կան ուղեկցորդներ, որ ժամանակի ընթացքում ցանկանում են դառնալ օդաչու, ինքս էլ ճանաչում եմ այդպիսի մարդկանց: Կան, որ դառնում են, բայց ես համոզմունք ունեմ՝ եթե ընտրում ես օդաչուի մասնագիտությունը, պետք է հենց այդտեղից էլ սկսել, որովհետև օդաչու դառնալու համար տարիք կա՝ 20-22 տարեկանը: Եթե չդարձար` կորցնում ես պահը: Օդաչուն մենակ սովորելով չէ: Դու կարող ես լինել գերազանցիկ, բայց այդպես էլ օդաչու չդառնալ, որովհետև դրա համար պետք է «զգալ» ինքնաթիռը:

- Որո՞նք են ուղեկցորդի գլխավոր պարտականությունները:

- Դրանք շատ-շատ են: Միայն կասեմ՝ թե՛ թռիչքից առաջ, թե՛ թռիչքի ընթացքում ունենք անփոփոխ պարտականություններ՝ անկախ ժամանակի սղությունից: Անվտանգության միջոցների ծայրից ծայր ստուգում, մաքրության պահպանում, խոհանոցային սարքավորումներ, մթերքներ, ուղեբեռներ թե ուղևորների հետ տարվող տարաբնույթ աշխատանքներ, ամեն ինչ պիտի արվի շատ արագ ու ժպիտով:

- Թռիչքների ընթացքում, երբ վտանգավոր պահեր են լինում, ի՞նչ վարք պիտի դրսևորի ուղեկցորդը, և արդյոք սեփական վախի զգացումը չի՞ խանգարում օգնել ուրիշներին:

- Սա լայն ուսումնասիրության թեմա է: Փորձը ցույց է տալիս, որ երբեք չես իմանա, թե մարդը սթրեսային իրավիճակում իրեն ինչպես կդրսևորի: Անգամ ամենափորձառու բորտուղեկցորդը կարող է մի իրավիճակում իրեն անսպասելիորեն կորցնել, իսկ երկրորդական գործով զբաղվող մեկն այդ պահին կարողանա կարգավորել դրությունը: Այնպես որ չես կարող նախօրոք ասել՝ որ իրադրության մեջ քեզ ինչպես կպահես: Սթրեսային ֆոնը շատ տարբեր դրսևորումներ կարող է ունենալ: Անգամ տարիներ առաջ պատահած որևէ իրադրություն միայն տարիներ հետո է իրեն զգացնել տալիս, և հասկանում ես՝ մեջդ վախ է մնացել, որն այդ պահին չես գիտակցել: Վախի զգացում բոլորն են ունենում, միայն թե պիտի կարողանաս կառավարել ինքդ քեզ: Ամեն դեպքում կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը՝ չճոխացնելով կամ չնվազեցնելով վտանգը: 99,9 տոկոս դեպքերում դա օգնում է: Մարդիկ կան, որ սթրեսից դառնում են պասիվ, ինչն ավելի վտանգավոր է, քան ակտիվանալը, որովհետև պասիվ մարդուն այդ պահին չես կարող շարժել տեղից: Ուստի ասել, թե վտանգավոր իրավիճակում ով իրեն ինչպես կդրսևորի, շատ դժվար է, միակ բանը, որ կարող եմ փաստել, այն է, որ ինչքան շատ փորձ ունես, այնքան շատ կուտակված վախեր և դրանք կառավարելու միջոցներ ունես:

- Մեր երկրում ի՞նչ հայկական ավիաընկերություններ կան:

- Որպես «Զվարթնոցից» աշխատող ավիափոխադրող ներկայումս միայն «Արմենիա» ավիաընկերությունն է:

- Հայաստանում կա՞ն ուղեկցորդներ պատրաստող ուսումնական հաստատություններ:

- Ավիաուսումնական կենտրոնը՝ միակ հաստատությունը ՀՀ-ում, որ իրականացնում է կրթական ծրագրեր քաղաքացիական ավիացիայի մասնագետներ պատրաստելու համար: Մեր ընկերությունն այսօր ունի 18-ն անց երիտասարդներ, որոնց բարձրագույն կրթություն ստանալու փաստը շատ ենք կարևորում: Անգամ այնպես ենք դասավորում չվերթի օրերը, որ դրանք չխանգարեն նրանց քննական գրաֆիկին: Նաև մեր ընկերությունում, որքան էլ ծանր լինի զբաղվածության գրաֆիկը, չենք խախտում մարդկանց հանգստյան ժամերը, որովհետև սա այն աշխատանքը չէ, որ կարող ես գերհոգնած անել: Իսկ համեմատաբար թեթև սեզոններին, որպես ծառայության պետ, ինքս կազմակերպում եմ քննական թեստեր ու հարցազրույցներ: Նշեմ, որ շատ խիստ ենք աշխատակիցների ընտրության հարցում: Ուղեկցորդների վերջին մրցույթին ներկայացել էր 150 մարդ, բայց ընտրեցինք ընդամենը 10-ին: Բայց չընտրվածների մեջ էլ կային հիանալի երիտասարդներ, որոնք պարզապես չէին համապատասխանում վերը թվարկածս հատկանիշներից որևէ մեկին: Այսպիսի ընտրություններ սովորաբար անցկացնում ենք ձմռանը, որ մինչ ամառ հասցնենք նրանց պատրաստել բոլոր հնարավոր առումներով, որովհետև բորտուղեկցորդ միանգամից չեն դառնում, առնվազն անհրաժեշտ է կես տարի: Հիմնականում աղջիկներն են ձգտում ուղեկցորդ դառնալ, իսկ տղաները հակված են օդաչուի մասնագիտությանը:

- Հայաստանում ինչպե՞ս է նշվում ձեր մասնագիտական տոնը:

- Բորտուղեկցորդների տոնը միշտ էլ մենք մեր մեջ ենք կազմակերպել: Երբ մարդկանց ասում ես՝ այսօր մեր տոնն է, զարմանում են, որ նման օր կա: Իսկ աշխարհում, որտեղ շատ ավելի հարգված ու սիրված է այս աշխատանքը, տոնն ավելի ճոխ ու համակարգված է նշվում:

- Ավարտին ի՞նչ կուզենայիք ասել մեր ընթերցողին:

- Շատ մարդիկ անգամ չգիտեն, որ կա հայկական «Արմենիա» ավիաընկերություն: Կցանկանայի՝ բոլորն իմանան այդ մասին և այն մասին, որ աշխատում ենք մեր ուղևորի համար՝ օրեցօր ավելի բարելավելով պայմանները: Մեր տնօրինությունն անում է ամեն ինչ, որ ուղևորներն իրենց լավ զգան: Փոխադարձ ջերմությունն ու բարձր մակարդակի ապահովումը մեզ համար կարևոր պայմաններ են: Եվ այդ ամենում իրենց ներդրումն են ունենում ավիաընկերության բոլոր անդամները: Ուրախ ենք, որ մեր ինքնաթիռները լիքն են լինում, ուզում ենք, որ նոր ուղղություններ լինեն, նոր չվերթներ և մարդիկ միշտ ժպիտով գան մեզ մոտ և ժպիտով էլ հեռանան:

Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: