Հայերեն   English   Русский  

​Մեր երկրում ապրող «պոզիտիվ եվրոպացիները»՝ որպես ՀՀ ազգային փոքրամասնություն


  
դիտումներ: 4369

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր վերջին հանդիպումը Հայաստանի լեհերի միության «Պոլոնիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիանա Հարությունյանի հետ է:

1994-ից ընտանիքով Լեհաստան տեղափոխված զրուցակիցս 2004-ին վերադառնում է Հայաստան: Չցանկանալով մոռանալ լեհերենը՝ որպես կամավոր ընդունվում է «Պոլոնիա» (Լեհաստանի անվանումը լատիներեն): Ծնունդով լինելով Գյումրիից՝ ուրախանում է, երբ իմանում է, որ այնտեղ էլ կա «Պոլոնիայի» մասնաճյուղ, որտեղ շաբաթ-կիրակի օրերին լեհերեն է դասավանդվում: Մեկ տարի շարունակ Լիանան մասնակցում է այդ դասերին, ինչից հետո Երևանում Լեհաստանի հյուպատոս Լուկաշ Յաբլոնսկուց առաջարկ է ստանում պայմանագրով աշխատել Գյումրիի «Պոլոնիայում» որպես լեհերենի դասախոս: Համաձայնելուց հետո նա մեծ սիրով ու նվիրվածությամբ անցնում է իր աշխատանքին: Բոլորը տեսնում էին, որ Լիանայի շնորհիվ համայնքում շատանում են ոչ միայն լեհական արմատներ ունեցող, այլև Լեհաստանը սիրող, Լեհաստանի մշակույթով, լեզվով հետաքրքված երիտասարդներ, ինչն էլ նպաստում է, որ 2014-ին Լեհերի միության նախագահ Ալլա Կուզմինսկայի առաջարկով նա դառնա Գյումրիի մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2017-ի նոյեմբերին՝ Երևանի «Պոլոնիայի» նախագահը, քանի որ այդ ժամանակ արդեն տիկին Կուզմինսկան հրաժարական էր տվել: Որոշ տարաձայնություններ են եղել՝ պայմանավորված զրուցակցիս ոչ լեհական ծագմամբ և երիտասարդ տարիքով, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվել է: Նա իր դրական տրամադրվածությամբ ամեն ինչ անում է լեհական համայնքի զարգացման և հետաքրքիր առօրյայի համար:

Լեհերի թիվն, ըստ վերջին մարդահամարի տվյալների, 124 է, բայց համայնքի նախագահը չի կարող այդ մասին ստույգ տեղեկություն տալ, քանի որ դեռ պիտի վերանայի ձեռքի տակ եղած 400-ից ավելի անկետաները: Ըստ կանոնադրության՝ համայնք հաճախող և ակտիվ գործունեություն ծավալող բոլոր մարդիկ իրավունք ունեն դառնալու համայնքի անդամ, իսկ 6 ամսվա ընթացքում համայնք չհաճախողները զրկվում են անդամակցությունից՝ անկախ ազգային պատկանելությունից: Լիանայի խոսքով՝ համայնքում ավելի շատ են մեծահասակները և գերակշռում են կանայք: Լեհերը, որ Հայաստանում հատկապես շատացել են Երկրորդ համաշխարհայինից հետո, երբեք չեն նեղվել մեր երկրում, քանի որ մշտապես հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքին են արժանացել: Նրանք մեծ թիվ են կազմում Երևանում և Շիրակի մարզում: Ուստի պատահական չէր, որ 2017-ի հոկտեմբերի 28-ին Գյումրիում բացվեց Հայաստանում լեհերի միության «Պոլոնիա» հասարակական կազմակերպության մասնաճյուղի պաշտոնական նստավայրը: Զրուցակիցս շեշտում է, որ Գյումրիի 50-ից ավելի անդամ ունեցող լեհական համայնքը բավականին ակտիվ էր ու կազմակերպված նստավայր չունենալու համար: Բացի լեհերենի դասերից, նրանք նշում են լեհական տոները, կազմակերպում կինոնկարների դիտումներ, գրքերի քննարկումներ, հյուրեր են ընդունում Երևանի «Պոլոնիայից», դեսպանատնից, ունեն թատերական խմբակ և այլն: Այսուհանդերձ Գյումրիում գործում է ոչ թե առանձին կազմակերպություն, այլ համայնքի մասնաճյուղը, քանի որ, ըստ Լիանայի, փոքր Հայաստանում առանձնանալու իմաստ չկա:

1996-ից գործող լեհական համայնքն ընդգծված խնդիրներ չունի: Զրուցակիցս նկատում է՝ միակ լուրջ հարցը նախկինում ծայրամասում գտնվող իրենց գրասենյակն է եղել, բայց երիտասարդ ղեկավարի ջանքերով լեհական համայքն արդեն մի քանի ամիս է, ինչ հարմարավետ փոքրիկ անկյուն ունի Երևանի կենտրոնում, ինչը նպաստում է մարդկանց դեպի համայնք ներգրավելու հարցում: Լիանան բազում ուսուցողական ծրագրեր է նախատեսել, նաև՝ փորձի փոխանակում Լեհաստանի և աշխարհի բոլոր անկյուններում գտնվող «Պոլոնիաների» միջև: Առաջիկայում ծրագրվում է նախագիծ իրականացնել Ֆրանիսայի և Վրաստանի լեհական համայնքների հետ:

«Պոլոնիան» ՀՀ-ի կողմից ֆինանսավորվում է այնքան, որքան մյուս ազգային փոքրամասնությունները: Բացի դրանից, լուրջ օգնություն է ստանում և́ Լեհաստանի, և́ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան կողմից՝ հոգալով տարածքի վարձակալության, կոմունալ և մեծ միջոցառումների ծախսերը: Լիանան շեշտում է՝ մնում է միայն աշխատել:

Լեհերը Հայաստանում

Անդրադարձանք նաև համայնքում նշվող հայկական ու լեհական տոներին: Պարզվում է՝ լեհերն ամբողջ տարին սպասում են Ս. Ծննդին, նշում են նաև Հարության տոնը, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության Անկախության օրը (նոյեմբերի 11), որը վերջին տարիներին մեծ շուքով տոնում են Պատանի հանդիսատեսի թատրոնում: «Այս տարի լրանում է Լեհաստանի Հանրապետության 100-ամյակը, ինչի կապակցությամբ նախաձեռնում ենք ելույթներ ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև Լեհաստանի մի շարք քաղաքներում»,- տեղեկացնում է համայնքի նախագահը:

Այն հարցին, թե ինչ առանձնահատկություններ ունեն լեհերը, Լիանան միանգամից պատասխանում է՝ «պոզիտիվ» եվրոպացի, «տաք» ժողովուրդ, որ հումոր է հասկանում, ջերմություն կա մեկը մյուսի նկատմամբ, և դեռևս պահպանվում են ընտանիք, ընկերներ, հարևան հասկացությունները: «Հետաքրքիր է, որ ժամանակին հայ տղամարդկանց հետ ամուսնացած լեհ կանայք հայերեն ընդհանրապես չգիտեին, բայց շնորհիվ իրենց սիրո հաղթահարել են շատ խնդիրներ: Եվ այսօր նրանք դարձել են ավելի շուտ հայկական ավանդական ընտանիքներ, քան լեհական: Լեհերը հեշտությամբ են գնում խառնամուսնությունների՝ մեր երկրում ընտանիք կազմելով հիմնականում հայերի հետ: Իհարկե փոքրաթիվ, բայց կան նաև հայուհիների հետ ամուսնացած լեհ տղամարդիկ»,- պատմում է զրուցակիցս:

Այնուհետև տեղեկացանք, թե համայնքում ինչպես են լուծվում լեզվի իմացության, կրթական ոլորտի հետ կապված հարցերը: Ամեն ինչ արվում է լեհերենի և լեհական մշակույթի պահպանման համար: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում երեխաների, երիտասարդների հետ կապված կրթական ծրագրերին, որ լեզուն չմոռանան: Կազմակերպվում են լեհերենի դասընթացներ: Հիմա երեք խումբ կա, որոնցից յուրաքանչյուրը շաբաթական երկու դաս ունի ժամուկես տևողությամբ: Սկսնակների խմբում 15-20 հոգի կա: Բոլորին դասավանդում է նույն ուսուցչուհին՝ Ագնիեշկա Վասիլչուկը: Նա աշխատում է ոչ միայն լեհերի, այլև հայերի հետ՝ հրաշալի մատուցելով լեզվական գիտելիքները: Ագնիեշկան արդեն 7 տարի է՝ բնակվում է Հայաստանում: Լինելով ազգությամբ լեհ, խոսելով ռուսերեն, հայերեն քիչ հասկանալով՝ նա իրեն շատ լավ է զգում մեր երկրում: Նա եկել է Ալլա Կուզմինսկայի հրավերով՝ Հայաստանի լեհական համայքներում լեհերեն դասավանդելու համար: Իսկ այսօր նա արդեն օգնում է համայնքի հետ կապված գրեթե բոլոր հարցերում: Դասագրքերը ստանում են Լեհաստանից, հարուստ գրադարան ունեն: «Ասեմ նաև, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանում ամեն շաբաթ ունենք լեհերենի անվճար դասեր բոլոր ցանկացողների համար, ինչի մտահղացումը Յոլանտա Գոժջիկինն է, որ նաև դասախոսում է այդ համալսարանում: Նա «Պոլոնիայի» հետ կապ չունի, բայց կազմակերպել է այս դասընթացները, որ ավելի շատ մարդկանց ծանոթացնի լեհերենին ու լեհական մշակույթին: Իսկ Բրյուսովում դեռևս 2001-2002-ին է բացվել լսարան՝ լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի անունով: Լսարան ունենք նաև ԵՊՀ-ում լեհ մեծ գրող Յան Կոխանովսկու անունով: Քանի դեռ մենք ունենք լեհերենի ուսուցիչներ, դժվար թե լեզուն կորցնելու վտանգի առջև կանգնենք: Թերևս այս պահին կարևոր է Գյումրիում մշտական լեհ ուսուցիչ ունենալու հարցը: Մինչև հիմա ինքս եմ զբաղվում դրանով՝ շաբաթ և կիրակի օրերին գնալով Գյումրի, բայց արդեն ֆիզիկապես դժվարանում եմ: Եվ չէի ուզի՝ իմ պատճառով տուժեն երիտասարդները: Հուսամ՝ շուտով Գյումրին էլ կունենա մշտապես քաղաքում ապրող ուսուցիչ, ինչը հնարավորություն կտա շաբաթվա ընթացքում դասեր անելու երկու անգամից ավելի շատ: Մենք պարբերաբար Հայաստանում ընդունում ենք լեհ կամավորների, որոնք զբաղվում են ոչ միայն ուսուցչությամբ, այլև «Պոլոնիայի» առօրյայի հետ կապված բազմազան հարցերով»,- տեղեկացնում է Լիանան:

Լիանա Հարությունյան

Զրուցեցինք նաև այն խնդրի շուրջ, թե Լեհաստանն այսօր ի՞նչ ծրագրեր և նախապայմաններ ունի Հայաստանում ապրող լեհերին ընդունելու հարցում: Լիանայի խոսքով՝ «Վերադարձ հայրենիք» ծրագրի շրջանակներում ազգությամբ լեհ երկու կին պիտի վերադառնա Լեհաստան: Բոլոր հարցերով զբաղվում է դեսպանատունը, իսկ արդեն Լեհաստանի Պուտուսկ քաղաքում կա հայրենադարձության կենտրոն, որտեղ էլ սկզբում հանգրվանում են հայրենադարձները: Հայրենադարձվողն անպայման պետք է լինի ազգությամբ լեհ, ինչը պիտի որևէ տեղ նշված լինի: Պարտադիր պայման է նաև լեհերենի իմացությունը: Բոլոր ծախսերը հոգում է պետությունը՝ ապահովելով աշխատանքով, տան վարձակալությամբ և այլն: Այսուհանդերձ լեհերը, որոնք արդեն տասնամյակներ շարունակ ապրում են Հայաստանում, հիմնականում չեն լքում մեր երկիրը: Պատճառները տարբեր են: Կա՛մ լեհերենի իմացությունից են կաղում, կա՛մ չեն ուզում կորցնել այստեղ իրենց ստեղծածը՝ վախենալով անորոշությունից, կա՛մ էլ շատ են սիրում Հայաստանը: Զրուցակիցս նկատում է, որ երբ այստեղից միջեվրոպական ծրագրերով լեհ ուսանողներ են ուղարկում, նրանք արձակուրդներին նորից վերադառնում են Հայաստան:

Համայնքն ունի ՀՀ մշակույթի նախարարության և Լեհաստանի աջակցությամբ եռամսյակը մեկ լույս տեսնող, լեհերի առօրյան ներկայացնող եռալեզու հանդես՝ «Քանի դեռ ապրում ենք» (վերցված է Լեհաստանի հիմնից): «Պոլոնիան» ունի նաև 15 տարի գործող երգչախումբ՝ «Գվիազդեչկա» («Աստղիկ»):

Զրույցի ավարտին Լիանա Հարությունյանը խոստովանեց, որ պարտադիր չէ ունենալ լեհական ծագում լեհականությունը սրտով զգալու համար. «Ես հայ եմ, որ չհրաժարվելով իր հայկական ծագումից՝ հպարտ է իր լեհական քաղաքացիությամբ: Նաև հպարտ եմ, որ հայերենի հետ մեկտեղ լեհերենն ընկալում եմ որպես մայրենի լեզու: Գոհ եմ, որ կարող եմ Հայաստանում սերմանել այն լավը, որ կա Լեհաստանում և լեհերի մեջ, իսկ Լեհաստանում՝ այն, ինչով հպարտանում են հայերը: Եվ անկախ Հայաստանում առկա բազում խնդիրներից՝ ամեն ինչ անում եմ վատը անտեսելու և համայնքի անդամներին միայն լավը հասցնելու համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: