Հայերեն   English   Русский  

​Քաղաքացիական ինքնաթիռի խոցումն առի՞թ էր, թե՞ պատճառ. դեռևս դժվար է ասել


  
դիտումներ: 1164

Հուլիսի 17-ին Ուկրաինայում կործանվեց Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր` MH17 չվերթով թռչող «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը: 298 մարդ զոհվեց:

Ինքնաթիռն ընկավ ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա` Ուկրաինայի տարածքում` Դոնեցկի մարզի Գրաբովո գյուղի մերձակայքում:

Այն հատվածում, որտեղ ընկել էր ինքնաթիռը, Ուկրաինայի իշխանությունները պայքարում են անջատողականների դեմ: Նախնական վարկածով` օդանավի վրա հրթիռ է արձակվել: Օդանավի ընկնելուց անմիջապես հետո կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրը շտապեց հայտարարել, որ ինքնաթիռը խփվել է մյուսի կողմից արձակված հրթիռով: Ու թեև դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով է արձակել այդ հրթիռը, կարծես բոլորը համակարծիք են, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով:

Դեպքից հետո Ուկրաինան սկսեց մեղադրել «ռուսամետ սեպարատիստներին», Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները` ուկրաինական բանակին, Ռուսաստանը` նույնպես ուկրաինական բանակին, բայց Արևմուտքի օժանդակությունը մատնանշելով, իսկ Արևմուտքը` Ռուսաստանին: Թե ով է մեղավոր և ով` անմեղ, այս պահին ուղղակի անհնար է հստակ ասել, բայց հարկ է նշել, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիաաղետից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները սրվում են ժամ առ ժամ:

Դեպքի հաջորդ օրը` հուլիս 18-ին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտտը հայտարարեց, որ Ռուսաստանը խստագույնս կպատժվի, եթե պարզվի, որ օդանավը կործանվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի անջատողականներին տրամադրված զենքով:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին CNN-ի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ունեցած տվյալներով` «Երկիր-օդ» հրթիռը, որով խփվել է «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը», Ուկրաինայի արևելքի անջատողականներին տրամադրել է Ռուսաստանը: ԱՄՆ-ն վստահ է, որ օդանավի կործանման տարածքում ուկրաինական իշխանությունները «Բուկ» զենիթային համակարգեր չունեին:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հուլիսի 20-ին հայտարարեց, որ Ուկրաինայի իշխանություններն արբանյակային լուսանկարներ ունեն, որոնք պատկերում են «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը» ոչնչացրած հրթիռի արձակման ճշգրիտ տեղը: Ուկրաինայի ղեկավարը զրույցում նորից մեղադրել է ռուս անջատողականներին` ասելով, որ նրանք խոչընդոտում են աղետի հանգամանքները պարզելու նպատակով ժամանած միջազգային փորձագետների աշխատանքը:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Բորոդայն էլ ասել է, որ իրենք հայտնաբերել են «Բոինգի» «սև արկղերը» և դրանք փոխադրել են Դոնեցկ: Արևմուտքի և Ուկրաինայի մեկնաբանների համոզմամբ` ռուս անջատողականներն ամեն կերպ փորձում են թաքցնել որևէ իր կամ սարքավորում, որը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա:

Ավիաաղետից հետո Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկեցին Ռուսաստանի նկատմամբ նոր` էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Եվրոպացիներից առավել անողոք է տրամադրված Մեծ Բրիտանիան: Այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը The Sunday Times-ում հրապարակեց հոդված, որում հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդ երկրի իշխանություններին պատասխանատվության կանչի այն դեպքում, եթե ապացուցվի, որ «Բոինգը» ռուս անջատողականներն են խփել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն էլ իր հերթին Daily Mail-ին ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի գործերին: «Եթե Ռուսաստանն է մեղավոր այդ աղետի համար, ապա մենք հստակ կհասկացնենք, որ պատերազմը հովանավորելու նման մեթոդներն անընդունելի են: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, ահաբեկչության հովանավորում է», - ասել էր Ֆելոնը:

Երկրորդ կողմի կարծիքը չեն էլ ուզում լսել, ուր մնաց` քննարկել

Մինչդեռ ինքնաթիռի խոցման ուրիշ վարկած է ներկայացնում Ռուսաստանը: ՌԴ բանակի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կորտոպոլովը ճեպազրույցի ընթացքում տարբեր գրաֆիկների ու թվային տվյալների միջոցով ապացուցել է, որ ողբերգությունից առաջ «Բոինգը» շեղվել է նախատեսված ուղուց, սակայն չի հասցրել կատարել վերադարձի մանևրն ու կործանվել է: Կորտոպոլովը նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը «Բոինգի» կործանման օրը Դոնեցկի շրջանում կենտրոնացրել էին 4 «Բուկ» տեսակի 4 հակահրթիռային կայան: Դրանից բացի, ռուսական ԳՇ-ն հայտնաբերել է նաև ուկրաինական զինուժի 2 ռադիոտեղորոշիչ կայան:

«Մալազիական «Բոինգի» թռիչքի պահին ռուսական տեղորոշիչ կայաններն արձանագրել են ուկրաինական օդուժի օբյեկտների` հավանաբար «ՍՈւ 25» կործանիչների օդ բարձրացում: «Բոինգի» և «ՍՈւ 25-ի» միջև տարածությունը եղել է 3-4 կմ: Իր տեխնիկական բնութագրի համաձայն` «ՍՈւ 25»-ը կարող է կարճ ժամանակում հասնել 10 հազար մետր բարձրության և իր զինանոցում ունի երկինք-երկինք տեսակի Ռ-60 հրթիռներ, որոնք կարող են թիրախին հարվածել մինչև 10 կմ հեռավորության վրա: Իսկ մինչև 5 կմ հեռավորության վրա թիրախը խոցելի է դառնում 100 տոկոսով»,- ասաց Անդրեյ Կորտոպոլովը:

Բայց այս տեսակետը ոչ միայն քննարկող չկա, այլև` լսող:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հորդորեց Ուկրաինայի ղեկավարությանն ու զինվորականներին ապահովել հետաքննության համար անհրաժեշտ պայմաններն ու որևէ կերպ չխոչընդոտել փորձագետների աշխատանքը: Նա կրկին հիշեցրել է, որ Մոսկվան քանիցս կողմերին կոչ է արել վայր դնել զենքն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Բայց այս ամենից հետո էլ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, Միացյալ Նահանգները սպառնում է միջազգային մեկուսացմամբ, Կրեմլն էլ ի պատասխան հայտարարում է մարտունակությունը բարձրացնելու մասին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 22-ին Վաշինգտոնում հայտարարեց, որ իրականում Ռուսաստանն ու ռուսների աջակցությունը վայելող անջատողականներն են խոչընդոտում անկախ հետաքննությունը: «Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի անջատողականների վրա, որևէ մեկը դա չի ժխտում, Ռուսաստանն է նրանց զինել, առաջ մղել ու վարժեցրել, անջատողականների առաջնորդները ՌԴ քաղաքացիներ են, այնպես որ Ռուսաստանը և նախագահ Պուտինն են, մասնավորապես, պատասխանատու, որպեսզի ստիպեն նրանց համագործակցել հետաքննության հետ: Դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել», - ասաց Օբաման:

«Եվրամիությունը պետք է անջատողականներին որպես ահաբեկիչ դիտարկի»,- հավելել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը` կոչ անելով գործընկերներին հստակ ուղերձ հղել Ռուսաստանի իշխանություններին: «Մեր համոզմամբ, ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով և, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններին տալ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Մեր անգործությամբ, մեր թույլ դիրքորոշմամբ, ոչ հստակ ուղերձով ու չհամակարգված քայլերով երբեմն հնարավորություն ենք տալիս, որ մյուսներն իրենց սկսածը շարունակեն», - ասել է Լինկևիչուսը:

Ինչևիցե, թե՛ Ուկրաինայի, թե՛ Դոնեցկի ղեկավարներն օրերս հայտարարեցին, որ օդանավի աղետի վայրից 40 կմ հեռավորությամբ դադարեցնում են մարտական գործողությունները` հետաքննությանը չխանգարելու համար: Իսկ արդեն հուլիսի 22-ին Դոնեցկի ապստամբները նախօրեին Դոնեցկ ժամանած Մալազիայի 12 պաշտոնական ներկայացուցիչ-փորձագետերին հանձնեցին խոցված «Բոինգ-777»-ի 2 «սև արկղերը»:

Vesti.ru-ի հաղորդմամբ` «սև արկղերը» չեն վնասվել և գտնվում են լավ վիճակում, ինչը հնարավորություն կտա միջազգային անկախ փորձագետներին արագ վերծանելու դրանք և լույս սփռելու «Բոինգի» հետ կապված միջադեպի վրա:

Արդեն հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է վերծանման ընդունել «Բոինգ 777»-ի սև արկղերը. դրա մասին իր թվիթերյան միկրոբլոգում համապատասխան գրառում կատարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Մենք ընդունել ենք Նիդեռլանդների խնդրանքը, որ Ֆարնբորոյի ավիամիջադեպերի հետաքննությամբ զբաղվող փորձագետները վերծանեն MH17-ի «սև արկղերը»` միջազգային վերլուծության համար»,- գրել էր Քեմերոնը:

Իսկ թե ինչով պետք է ավարտվի այդ «հետաքննությունը», արդեն գրեթե հասկանալի է, եթե հաշվի առնենք մինչ այժմ հնչած մեկնաբանություններն ու հայտարարությունները: Այնպես որ, մալազիական «Բոինգը» Ռուսաստանին ժանիքները ցույց տալու և սեփական հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության կողմը շրջելու իսկական առիթ էր Արևմուտքի համար:

Բայց մի հանգամանք էլ կա, որն, ի դեպ, առաջ են քաշում նաև Ռուսաստանի նախագահը և այլ ռուս պաշտոնյաներ: Նրանք չեն պնդում, որ ինքնաթիռը խոցվել է ուկրաինացիների կողմից, բայց միաբերան մեղադրում են ուկրաինական կողմին այն բանի համար, որ չի արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մարտական գործողությունների տարածքում: Այսինքն` եթե Ուկրաինան հիմնավորված է համարում, որ սեպարատիստները «Բուկ» համակարգեր ունեին, ապա պարտավոր էր արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրայով, որը, սակայն, չարվեց մինչ ավիաաղետը: Ուստի, եթե Ուկրաինան մեղք չունի «Բոինգի» խոցման մեջ, ապա գոնե մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռները վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար:

Մեկ այլ տարօրինակ հարց էլ դեռ բաց է մնում: Հուլիսի 22-ին համացանցում հայտնվեց մի հոլովակ, որն ամբողջացնում էր մալազիական «Բոինգի» կործանման վայրի` արբանյակից արված լուսանկարները: Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ արբանյակային տվյալներ կան, ու հստակ պարզ է, թե որտեղից է արձակվել ինքնաթիռը խոցած հրթիռը: Ուրեմն առնվազն տարօրինակ է` ինչու մինչ օրս չեն հրապարակվում արբանյակների տվյալները...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: