Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում շարունակում են սպանել Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի կազմակերպման կասկածյալներին


  
դիտումներ: 325

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպանել նրանց, ովքեր մեղադրվում են հուլիսի 3-ին Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ հարձակման և հուլիսի 10-ին այդ պաշտոնյայի դեմ անցկացված բողոցի ցույցի կազմակերպման մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովը հայտնել է, որ հուլիսի 25-ին զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ սպանվել է Գյանջայի քաղաքացի Աղա Սարհանը, ով Յունիս Սաֆարովի հետ միաին կազմակերպել էր Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը: Ըստ նույն աղբյուրի՝ Սարխանը նաև հետախուզվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ «ահաբեկչություն», «դիտավորյալ սպանություն» և «քաղաքական գործի դեմ մահափորձ» հոդվածներով:

Հաղորդվում է՝ պարզվել է, որ Աղա Սարհանովը 2016 թ-ին Սիրիայի տարածքում ռազմական պատրաստություն է անցել զինված կազմավորումների կազմում և պարբերաբար այցելել է Իրան: Մինչ օրս քաղաքապետի դեմ մահափորձի հետաքննության շրջանակներում սպանվել է ևս երեք անձ:

Սակայն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը մատնացույց է անում, որ չի հաղորդվում, թե որտեղ և ինչ պայմաններում է սպանվել է Աղա Սարհանովը: Ադրբեջանի իշխանությունները նաև չեն պատասխանում այն հարցին, թե ինչու են բոլոր կասկածյալներին սպանում, այլ ոչ թե ձերբակալում: Նման պայմաններում դժվար է ասել, թե առանց մեղադրյալներին ինչ է հետաքննվելու:

Հուլիսի 3-ին հարձակում են գործել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովի վրա, ինչի արդյունքում վերջիններս մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հանցագործը՝ ծագումով Գյանջայից Ռուսաստանի բնակիչ 35-ամյա Յունիս Սաֆարովը, ձերբակալվել է: Գյանջայի բնակիչներից մեկն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝ այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:

Մահափորձի՝ ոչ պաշտոնական վարկածի համաձայն՝ Սաֆարովը կրակել է թիկնապահին, սակայն հետո զենքի հետ խնդիր է առաջացել, ինչի պատճառով վերջինս ատրճանակով հարվածել է թիկնապահի ծոծորակին: Մինչ այդ վախեցած Վելիևը վայր է ընկել և կոտրել գլուխը: Ներկայում Վելիևը բուժվում է, սակայն նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրան տեղափոխել են Թուրքիա, այնուհետև՝ Իսրայել:

Հուլիսի 10-ին 150-200 անձանց մասնակցությամ բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է Գյանջայի ոստիկանության ղեկավարությունից երկու ավագ սպա: Ըստ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվել է ակցիայի ավելի քան 20 մասնակից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: