Հայերեն   English   Русский  

Թուրքիան Ռուսաստանին խնդրել է արագացնել C-400-ի մատակարարումը


  
դիտումներ: 457

Թուրքիան Ռուսաստանին խնդրել է արագացնել C-400 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունն ու մատակարարումը, և արտադրողը ընդառաջ է գնացել. առաջին համակարգերը Թուրքիա կմատակարարվեն 2019 թվականին:

Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտել է «Ռոստեխ» ռուսական պետական պաշտպանական կորպորացիայի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը:

«Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից մեր C-400 համակարգերի ձեռքբերում նշանակալի իրադարձություն է: Բացի այդ, մեր թուրք գործընկերները խնդրել են արագացնել համակարգերի արտադրությունն ու մատակարարումը, և արտադրողը ընդառաջ է գնացել: Ակնկալում ենք, որ դրանք Թուրքիա կմատակարարվեն 2019 թ-ին»,- ասել է Կլադովը:

Ռուսական կորպորացիայի ներկայացուցիչը մեկնաբանել է Թուրքիայի հետ C-400-ի համատեղ արտադրության հնարավորությունը: «Պետք է հաշվի առնել, որ մենք խսում ենք շատ լուրջ տեխնոլոգիաների մասին: Նման արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական և կադրային բազա, ինչի պատրաստման համար ժամանակ է պետք»,- ասել է Կլադովը:

Ըստ նրա՝ Թուրքիան և Ռուսաստանը ունեն նաև հինգերորդ սերնդի կործանիչ ինքնաթիռների համատեղ արտադրության համար անհրաժեշտ բավարար տեխնոլոգիական և արդյունաբերական կարողություններ:

«Նման մեծ նախագծի համար կողմերի հետաքրքրությունը բավարար չէ: Պետք է, որ կողմերը պատրաստ լինեն համատեղ աշխատանքի: Վստահ եմ, որ եթե նման որոշում կայացվի, Ռուսաստանն ու Թուրքիան ունեն բավարար տեխնոլոգիական և արդյունաբերական ենթակառուցվածք»,- նշել է Կլադովը:

2017 թ. դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են C-400 ձեռքբերման վերաբերյալ վարկային համաձայնագիր: Անկարան գնելու է օդային պաշտպանության համակարգերի երկու մարտկոց, որը կօգտագործվի թուրքական անձնակազմի կողմից: Կողմերը պայմանավորվել են նաև Թուրքիայում C-400 արտադրության զարգացման գործում տեխնոլոգիական համագործակցության շուրջ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս քննադատել են Անկարային այս գործարքի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: