Հայերեն   English   Русский  

«Մարդկային սխալ է տեղի ունեցել». ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Մերկելի հրապարակումների մասին


  
դիտումներ: 416

Գերմանիան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ: Իսկ դրան հասնելու ամենալավ բանալին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է:

Այսօր տեղ ունեցած ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

» Գիտեք՝ Ադրբեջանի և Արցախի շփման գծի, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրադրության սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը, մարդկանց միջև շփումների կանխարգելումը պետք է հստակորեն մերժվեն»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ դրանք են եղել Գերմանիայի ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթությունները 2016 թվականին, որոնք առավել հստակ բարձրաձայնվել են Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ապրիլյան ագրեսիայից հետո: Իսկ Գերմանիայի կանցլերի այցի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվել է, որ իրենք հանձնառու են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Եվ նաև կանցլերը շեշտել է, որ իրենք պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս հարցում:

«Նորից եմ ասում՝ Գերմանիան որպես ԵՄ առաջատար պետություն, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: Եվ, խոսելով Բաքվում, նույն առումով ես կարող եմ հավելել, կանցլեր Մերկելը շեշտել է նաև մեկ կարևոր հանգամանք, որ պետք է հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներին իրական լուծումներ տրվեն: Սրանք բոլորը այն ուղերձներն են, որոնք կանցլեր Մերկելը ներկայացրել է հակամարտության հարցում»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ այցից հետո գերմանական կողմը տեսանյութեր էր պատրաստել, որտեղ Ադրբեջանի անվան տակ հայաստանյան կադրեր էին, Նաղդալյանը նշեց. «Մենք էլ էինք նկատել այդ սխալները, որոնք եղել են գերմանական կողմից սոցիալական հարթակներում, անմիջապես նկատելուց հետո կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ: Պարզապես մարդկային սխալ է տեղի ունեցել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: