Հայերեն   English   Русский  

Բուենոս Այրեսը կընդունի Համաշխարհային Պատանեկան Երրորդ Օլիմպիական խաղերի մասնակիցներին


  
դիտումներ: 527

Հարավամերիկյան Փարիզ են անվանում Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսը: Հավանաբար գնահատել են քաղաքի լայն փողոցները, բարձրաճաշակ ճարտարապետությունը, Եվրոպական ոճի որոշ կառույցներ և այլն: Այդ քաղաքում հոկտեմբերի 6-18-ը տեղի կունենան երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը:

Պատանեկան սպորտի համաշխարհային այդ ստուգատեսում առաջին անգամ ասպարեզներում հանդես կգան հավասար քանակի ` 1963–ական մարզիկներ և մարզուհիներ: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակիցներ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ: Նախորդ` երկրորդ խաղերի համեմատ / 2014թ. Նանկին / Բուենոս Այրեսի մրցումների ծրագրում ընդգրկված է հինգ նոր մարզաձև. բրեք- դանս,կարատե,ժայռամագլցում,ռոլլեր-սպորտ և ակրոբատիկա: Ցուցադրական ելույթներ կունենան սկվոշ և պոլո մարզաձևերի ներկայացուցիչները:

Մարզահամալիրները գտնվում են քաղաքի չորս տարբեր հատվածներում: Խաղերի մասնակիցների և հյուրերի համար ելույթներ կունենան մշակույթի և արվեստի ներկայացուցիչները: Մարզասերները անվճար կհետևեն մրցումների ընթացքին:

Օլիմպիական ավանի շինարարությունը սկսվել է 2016 թվականից:Արդեն լիովին պատրաստ են բոլոր 31 շենքերը,որոնք իրարից տարբերվում են իրենց արտաքին տեսքով:Կգործեն ճաշարանը, ավտոկայանը,կապի,ինֆորմացիայի, բուժսպասարկման և դոպինգ ստուգման կենտրոնները: Խոհանոցը ազգային է,որը կազմակերպիչների համոզմամբ կխթանի բարձր արդյունքների հասնելու գործին:

Խաղերի բացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: Այդ հանդիսությունը կանցկացվի ոչ թե մարզադաշտում,այլ դրան հարակից տարածքներում. փողոցներում,հրապարակներում,նպատակով,որպեսզի յուրաքանչյուր մարզասեր կարողանա անարգել դառնալ այդ միջոցառման մասնակիցը, զգա օլիմպիական շունչը: Ենթադրվում է,որ տեղական ժամանակով ժամը 20-ին սկսվող օլիմպիական խաղերի մասնակիցների երթին,ավելի քան 350 դերասանների և երաժիշտների ելույթներին, կհետևի շուրջ 350 հազար հանդիսական: Օլիմպիական տոնը կկրկնվի նաև փակման արարողության ժամանակ,հոկտեմբերի 18-ին: Այդ օրը կմասնակցեն խաղերի չեմպիոնները և մրցանակակիրները:

Խաղերի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր և բաց հանդիպումներ` աշխարհահռչակ չեմպիոնների հետ: Մասնակիցները կքննարկեն բովանդակ թեմաներ,սկսած առողջ ապրելակերպից,վերջացրած մարզական հարուստ կենսագրություն ստեղծելու հարցերից: Պատանի աթլետները իրենց կուռքերի հետ շփվելով կհամոզվեն,որ հաջողության հասնելը հնարավոր է և իրենց ուժերից վեր գործ չէ:

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ –ի նախկին նախագահ Ժակ Ռոգեին: Միջոցառումը հաջողված է ,կայացած, և միայն տարիքային տարբերությունն է բաժանում ժամանակակից օլիմպիական խաղերից:

Պատանեկան խաղերի թալիսմանը Պանդի անունով կատվազգիների ներկայացուցիչ յագուարն է: Այդ հովազը Արգենտինայի հյուսիսի ծագում ունի:Միջոցառման կարգախոսն է << Գիտակցիր ու զգա ապագան >>:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: