Հայերեն   English   Русский  

​Իսկ սահմանապահ գյուղերում մարդիկ են ապրում ու տեսնում ոչ թե քաղաքական փոխհրաձգություն, այլ իրական գնդակոծություն


  
դիտումներ: 1119

«Երեխաներ, ինչպե՞ս եք»: Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հարցին սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները պատասխանում են միայն գլխի թեթև դրական շարժումով: Նման կերպ են արձագանքում մյուս հարցերին ևս: Բայց պատկերը լրիվ փոխվում է, երբ տեր Բագրատը հարցնում է՝ գիշերը կրակոցներ եղե՞լ են... Այդ ժամանակ բոլորը միաբերան ու լայն ժպիտներով պարզապես բացականչում են՝ այո՜: Ներկա բոլոր մեծահասակների դեմքերին ներողամիտ ժպիտ է հայտնվում:

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան Բաղանիս է շտապել հատկապես գյուղի փոքրիկներին՝ դպրոցի աշակերտներին ու մանկապարտեզի սաներին աջակցելու և զորակցելու, նրանց հույս ու հավատ ներշնչելու համար, քանի որ նախորդ երկու-երեք գիշերներին գյուղում, մեղմ ասած, «թեժ» է եղել: Հակառակորդը դարձյալ կրակել է գյուղի ուղղությամբ: Եվ ոչ միայն Բաղանիսի, այլև հարևան մյուս սահմանապահ գյուղերի՝ Կոթիի, Վազաշենի, փոքր-ինչ ավելի հեռու գտնվող Չինարիի ուղղությամբ: Հակառակորդը, իսկ այս գյուղերի խաղաղ բնակիչների համար պարզապես նենգ թշնամին, վերջին օրերին բավականին հաճախակի է կրակել իրենց գյուղերի վրա: Ու բարձրաստիճան հոգևորականը շրջում էր գյուղերում, որ գոտեպնդի հատկապես փոքրիկներին: Ի դեպ, հաճելիորեն զարմացանք, որ նա գրեթե բոլոր աշակերտներին գիտեր անունով, իսկ աշակերտները նրան անթաքույց սիրում էին:

Մինչ այդ՝ երկուշաբթի օրվա վաղ առավոտյան, ես ու գործընկերս կանգնած ենք սահմանապահ Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցի բակում ու սպասում ենք համայնքային ներկայացուցիչ Նարեկ Սահակյանին: Մինչ համայնքային ներկայացուցիչը կհասնի, անցնում է մի տարեց բաղանիսցի, ջերմորեն բարևում, հարցնում ողջություններս (Հայաստանի գյուղերում մարդիկ միշտ են ջերմորեն բարևում անծանոթներին, ողջություն հարցնում), հետո հետաքրքրվում է՝ ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք եկել, ինչո՞ւ ենք եկել: Մի փոքրիկ հարցուպատասխանից հետո պապիկը չի էլ սպասում, որ հարցնենք, թե իրավիճակը գյուղում ինչպես է, միանգամից սկսում է պատմել, որ հարևան Կոթի գյուղում հակառակորդի գնդակից մի գյուղացի հրազենային վնասվածք է ստացել, իրենց գյուղի վրա էլ են կրակել, Վազաշենի վրա էլ: Հետո արագ-արագ սկսում է թվարկել համագյուղացիների անունները, ում տան ուղղությամբ, իր կարծիքով, թռել են մահաբեր գնդակները՝ այս անգամ, փառք Աստծո, որևէ մարդու չգտնելով:

Պապիկի հեռանալուց հետո գալիս է համայնքային ներկայացուցիչը, բարևում ենք իրար, մեկ-երկու խոսք փոխանակում: Այդ ընթացքում մի քիչ ուշացած իր երեխային դպրոց է բերում համագյուղացի երիտասարդներից մեկ: Նարեկ Սահակյանը հարցուփորձ է անում՝ ինչպե՞ս անցկացրեցին գիշերը: Երիտասարդը հանգիստ, առանց դեմքին որևէ անհանգստության նշանի, անգամ ժպտալով պատասխանում է՝ սովորական, ինչպես միշտ...

Արևոտ ու պայծառ առավոտ է, ոչինչ չի հուշում, որ գիշերն այստեղ անհանգիստ է եղել, ու նայելով համայնքային ներկայացուցչի ու համագյուղացու զրույցին՝ կարելի է տպավորություն ստանալ, թե իրոք խաղաղ ու պայծառ է եղել: Իսկ իրականում այդ գյուղերում ապրում են մարդիկ՝ իրենց ընտանիքներով, երեխաներով: Ու իրենք նորմալ են համարում, որ իրենց վրա կրակում են, իսկ մեզ՝ սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրողներիս համար կեսգիշերային անդորրը կարող է խաթարել առավելագույնը կեսգիշերին փաբերից ու ռեստորաններից հարբած կամ կիսահարբած տուն վերադարձող անկարգ հարևանի մեքենայի քոքած երաժշտությունը, ծայրահեղ դեպքում՝ օրենքով սահմանված ժամից հետո հնչող տրաքոցները: Եվ մենք էլ կարող ենք նետվել դեպի պատուհանները, բայց ոչ թե հասկանալու համար, թե ում տան վրա են կրակում, այլ ականատեսը լինելու հերթական ճոխ հրավառության: Այնտեղ էլ են մարդիկ ապրում ու խնդրում են՝ եթե հանկարծ կրակոց լինի` խուճապի չմատնվենք ու խուճապային լուրեր մայրաքաղաք չտանենք: Նրանք ավելի շատ անհանգստանում են հարազատներին ևս մի լրացուցիչ անհանգստություն ու մտահոգություն չպատճառելու, քան իրենց տների ուղղությամբ թռչող գնդակների համար:

Բաղանիս

Դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանն էլ րոպեներ անց հպարտորեն նշում է՝ այսքան ժամանակ այնպես չի եղել, որ գիշերվա կրակոցներից հետո ծնողները աշակերտներին դպրոց չուղարկեն: Այնպես չէ, որ ծնողները չեն անհանգստանում իրենց երեխաների համար, այնպես չէ, որ ուսուցիչները չեն անհանգստանում իրենց աշակերտների անվտանգության համար: Բայց տարիներով ձգվող «խաղաղությունը» այստեղ իր կյանքի ռիթմն է թելադրում՝ գիշերը կրակոց, ցերեկը՝ դաս ու գործ: Եվ երեխաների դեմքին ժպիտներ կան, աչքերում՝ կրակ ու կայծ: Այս գյուղերում բոլորը, այդ թվում մի մատ երեխաները, սիրում են միշտ կրկնել՝ իրենք իրենց գյուղից ոչ մի տեղ չեն գնա, թշնամու և ոչ մի կրակոց իրենց ոգու, իրենց ապրելու և արարելու կամքի վրա չի ազդի: Բաղանիսի համայնքային ներկայացուցիչ Նարեկ Սահակյանն էլ ժպտալով ասում է՝ վերջին շրջանում իրենց գյուղում շատ երեխաներ են ծնվում, ընդ որում հատուկ շեշտում է՝ ծնվող տղաները շատ են: «Բնությունն ինքնակարգավորվում է»,- ծիծաղելով նշում է նա ու ավելացնում՝ բնությունն էլ դրանով հուշում է, որ իրենց կարիքը դեռ շատ ունի ու իրենք պետք է ապրեն հենց իրենց գյուղում՝ անկախ ամեն ինչից...

Վերադառնում ենք երևան, բայց մշտական կապ ենք պահում Նարեկ Սահակյանի հետ: Նա էլ հեռախոսով, ֆեյսբուքի միջոցով վերջին երկու օրերին ասում է՝ Բաղանիսում բարի լույսը բարով է բացվել՝ հակառակորդը լռել է: Միգուցե նաև լռեցվել, ինչպես օրերս պարծենում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց ամեն դեպքում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տևական ժամանակ էր, ինչ հակառակորդը համեմատաբար հանգիստ էր իրեն պահում հայ-ադրբեջանական սահմանին: Իսկ վերջին օրերին նորից վերսկսել է խախտել հրադադարի ռեժիմը: Վերջին տասնօրյակում տարբեր սահմանապահ գյուղերից մտահոգիչ լուրեր էին հասնում՝ էլ գյուղն են գնդակոծում, էլ կրակել են Չինարիի մանկապարտեզի ուղղությամբ, էլ Կոթիում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս անգամ նաև լուրեր եղան, որ Արենիի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածից էլ են կրակել, ինչը աննախադեպ էր, այդտեղից սովորաբար չեն կրակում:

Մի խոսքով, եթե հիմա Երևանում հնչում են ոչ թե իրական կրակոցներ, այլ լսում ենք քաղաքապետի ու ավագանու դիրքերի համար պայքարող քաղաքական ուժերի փոխհրաձգությունները միմյանց նկատմամբ, ապա Տավուշի ու Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում մարդիկ լսում ու տեսնում են իրական կրակոցներ, իրական հրաձգություն՝ իրական վտանգներով, որովհետև սահմանապահ գյուղերում մարդիկ են ապրում՝ ամեն հերթական կրակոցից հետո նորից իրենց սովորական առօրյայով են ապրում, իրենց գործերն անում, դպրոց շտապում, այգի տնկում, պսակվում, երեխաներ ունենում, ու այդ երեխաները մի քանի տարի անց նորից շտապում են դպրոց, անգամ կրակոցներից հետո...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: