Հայերեն   English   Русский  

​«Մեզ համար մեծ նշանակություն ունի մեր ազգային արժանապատվությունը». Վազգեն Մանուկյանը Գյումրիի դեպքերի մասին


  
դիտումներ: 1875

- Պարոն Մանուկյան, Գյումրիում տեղի ունեցածն այնքան անմարդկային ու անտրամաբանական էր, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում սպանության դրդապատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում գտնել և տարբեր, անգամ ծայրահեղ ենթադրություններ են անում: Ըստ Ձեզ, դա սովորական հանցագործությո՞ւն էր, թե կանխամտածված ու ծրագրված գործողություն: Եվ արդյոք կարելի՞ է այստեղ արտաքին հետք փնտրել:

- Իսկապես, շատ անմարդկային ու դաժան սպանություն տեղի ունեցավ, հիմա էլ ավելացավ մի նոր ցավ, որովհետև վերջին օրերին մենք բոլորս հետևում էինք փոքրիկ Սերյոժայի առողջությանը այն հույսով, որ նա կփրկվի: Ցավոք, նրան փրկել չհաջողվեց, և վիշտն ավելի խորացավ: Դեպքն այնքան անմարդկային էր, որ երբ լսեցի, առաջին ենթադրությունս այն եղավ, որ դա կատարողը հոգեկան հիվանդ է: Չնայած դրանից հետո շատ տարօրինակ, անբացատրելի հանգամանքներ ի հայտ եկան, թե ինչու իր կոշիկները թողեց, ինչու գնաց հենց այդ տուն: Տարբեր ենթադրություններ արվեցին, բայց միևնույն է, էլի հակված եմ մտածելու, որ միայն հոգեկան հիվանդն է ի վիճակի նման բան կատարել, չի կարող լինել մի դրդապատճառ, որը ստիպի նորմալ մարդուն նման քայլի գնալ: Այս գործի մեջ նաև արտաքին հետքեր փնտրվեցին: Ես հակված չեմ այդ ուղղությամբ մտածելու, չնայած դեպքերի զարգացումն այնպիսին էր, որ կարող էր անսպասելի հետևանքներ բերել, ուստի ենթադրություններ են արվում, որ այս ամենը կարող էր նաև կազմակերպված լինել: Ես միշտ հակված եմ մտածելու, որ եթե դեպքեր են լինում, միշտ էլ մի երրորդ ուժ ցանկության դեպքում կարող է դրանից օգտվել, օգտագործել դա, բայց դրանից չի բխում, որ հենց այդ երրորդ կողմն է դա կազմակերպել:

- Ի՞նչը հանգեցրեց Գյումրիում ու Երևանում զանգվածային բողոքի ալիքի և լարվածության խորացման, միգուցե հնարավո՞ր էր դա կանխել, և ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու:

- Առաջին հերթին այն հանգամանքը, որ այդ զինվորին ձերբակալելուց հետո տեղափոխեցին ռուսական ռազմաբազա և չտվեցին մեր իրավապահ մարմիններին, չնայած բոլորիս համար տրամաբանական էր թվում, որ եթե մեր երկրի տարածքում է կատարվել հանցագործությունը, ապա գործը պետք է վարի հայկական կողմը: Մարդիկ միանգամից հիշեցին հայ վարորդին, որին կնոջ խալաթ հագցրած բերել էին դատարան, հիշեցին ռուսների կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, և այդ ամենը տպավորություն էր թողնում, որ մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես դաշնակից, բայց նա արհամարհանքով է վերաբերվում մեր իրավունքներին ու զգացմունքներին: Արժանապատվության զգացումն ավելի մեծ դեր կատարեց, քան մյուս հանգամանքները: Նաև կասկած առաջացավ, որ ռուսական կողմը կարող է ծածկադմփոց անել, հանցագործին տանել Ռուսաստան, համարժեք պատիժ չտալ և այլն:

Ռուսական իշխանությունների և հասարակության հետագա հայտարարություններն ու կարծիքները ցույց տվեցին, որ այդպես չէ, նրանք իսկապես պարտավորվեցին մինչև վերջ այդ դատավարությունը տանել ամենախիստ ձևով, բայց միևնույն է, այդ նստվածքն առաջացել էր, և դա պոռթկում տվեց: Դրան ավելացավ նաև այն, որ գործում կային շատ տարօրինակ հանգամանքներ, և ոչ ոք հանրությանը բացատրություն չէր տալիս: Եթե անգամ նախաքննություն էր ընթանում, սա այն դեպքն էր, որ չպետք է շատ խիստ գաղտնիություն պահպանվեր, և արժեր, որ մեր համապատասխան մարմինները ժամանակ առ ժամանակ հանդես գային տեղեկատվությամբ ու ժողովրդին բացատրություններ տային: Դա տեղի չունեցավ, փոխարենը իրարամերժ հայտարարություններ արվեցին: Իրավաբանների մեկնաբանությունները նույնպես շատ տարբեր էին, և այդ ամենը կասկածի ու անվստահության մթնոլորտ առաջացրեց: Ես ինքս հենց առաջին օրը զանգահարեցի մեր լավագույն իրավաբաններին, նրանց կարծիքներն էլ էին իրարամերժ, դժվարանում էին հստակ պատասխան տալ, թե իրավական տեսանկյունից որն է ճիշտ:

- Դրանից չի՞ բխում, որ ուշացած էր նաև ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հեռախոսազանգը և ցավակցությունը ՀՀ նախագահին:

- Կարծում եմ՝ այո, ուշացած էր: Նրանց մոտ էլ հավանաբար նախնական տրամադրությունն այն էր, որ դեպքը, իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, անցնելու է գնա, ու եթե ժողովրդի այդ ցասումը չլիներ, միգուցե շատ ու շատ հայտարարություններ այդպես էլ չհնչեին:

- Հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ են զարգանում, անգամ ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու կոչեր են հնչում: Ի՞նչ եք կարծում, դրանք լուրջ ընթացք կարո՞ղ են ստանալ, մանավանդ երեխայի մահվանից հետո:

- Ես դրանք չէի անվանի հակառուսական տրամադրություններ: Պարզապես այն մտածողությունը, թե մեր միակ փրկիչն ու պաշտպանը Ռուսաստանն է և մենք առանց նրանց չենք կարող, այս տասնյակ տարիների ընթացքում վերանայվել է: ժողովուրդը հասկանում է, որ Ռուսաստանը մեզ համար ռազմավարական կարևոր զինակից է, բայց դա չի նշանակում, որ այլընտրանք չկա: Հայաստանում այսօր կան բազմաթիվ քաղաքական խմբեր և ուժեր, որոնք Հայաստանի ընթացքը տեսնում են ոչ թե Ռուսաստանի հետ, այլ Արևմուտքի: Դա նորմալ քաղաքական վիճակ է, այնուամենայնիվ թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի իշխանությունները պետք է շատ զգույշ լինեն և շատ նուրբ մոտենան մարդկանց զգացմունքներին: Վերջիվերջո, մեզ համար մեծ նշանակություն ունի մեր ազգային արժանապատվությունը, և երբ որևէ դեպք գնահատվում է որպես այդ արժանապատվությունը վիրավորող, միշտ էլ վատ հետևանքներ է թողնում:

- Այս դեպքից հետո գյումրեցիները վերհիշեցին 1999 թվականին տեղի ունեցած դաժան սպանությունը, երբ երկու ռուս զինվորականներ հարբած վիճակում հասարակական վայրում անկանոն կրակ էին բացել, որի հետևանքով մի մարդ զոհվել էր, մի քանիսը՝ ծանր վիրավորվել: Ստացվում է, որ այդ ռազմաբազան այնքան էլ չի կատարում իր առաքելությունը, մարդիկ պաշտպանված չեն հենց ռուսներից:

- Բնական է, որ մարդիկ կհիշեին, բայց ես չէի ասի, թե այդ ռազմաբազան չի կատարում իր առաքելությունը: Գիտեք ինչ, ընդհանրապես, եթե հետևեք աշխարհում տեղակայված բազաներին, ապա կտեսնեք, որ նմանատիպ դեպքեր ամեն տեղ էլ լինում են, և միշտ հարց է առաջանում, թե ով պետք է դատի և այլն: Այդ դեպքերի հիման վրա չպետք է քննարկել՝ բազան պետք է, թե ոչ: Այստեղ մի այլ հարց կա: Քանի որ ռազմաբազաների պատմության մեջ դա նոր երևույթ չէ, միշտ էլ, երբ տարբեր երկրներում ռազմաբազա ունեցող երկրներն իրենց զինվորներին ուղարկում են այնտեղ, աշխատում են ընտրել այնպիսի մարդկանց, որոնք հանդուրժող են, կարողանում են ճիշտ վարվել դիմացինի հետ, հոգեբանական ինչ-ինչ խնդիրներ չունեն և այլն: Այսինքն՝ հատուկ ընտրություն է կատարվում: Այստեղ վրդովեցուցիչ է այն, ինչի վրա նաև ռուսական լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին, թե ինչպես են նման զինվորին ուղարկել Հայաստան ծառայելու, հաշվի չեն առել թեկուզ այն, որ նրա եղբայրը մարդասպանության համար նստած է և այլն: Փաստորեն, այս դեպքը ցույց տվեց, որ Հայաստան ուղարկվող զինվորների ընտրության հարցում հատուկ վերաբերմունք չկա: Ես հուսով եմ, որ սրանից հետո Ռուսաստանը կվերանայի իր այդ մոտեցումը:

- Ընդհակառակը՝ հնչում են կարծիքներ, որ հայաստանյան ռազմաբազա են ուղարկվում վատ որակով զինվորներ:

- Դա չենք կարող վստահ պնդել, բայց այս դեպքը ցույց տվեց, որ դրական ընտրություն էլ չի կատարվում:

- Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ դասեր կարելի է քաղել Գյումրիի դեպքերից:

- Շատ: Երբ ես ռուսական RBK հեռուստաալիքվ լսում էի այս դեպքերի վերաբերյալ մի հաղորդում, շատ հստակ դրվեց մի հարց, որ այո, Հայաստանին պետք է այդ ռազմաբազան, բայց տասնապատիկ ավելի պետք է Ռուսաստանին: Ե՛վ հայկական կողմը, և՛ ռուսական կողմը պետք է հստակ գիտակցեն, որ եթե այստեղ կա ռազմաբազա, դա ոչ թե լավություն է հայերին կամ լավություն է ռուսներին, այլ փոխշահավետ համագործակցություն է, ու վերաբերմունքն էլ պետք է լինի որպես դաշնակցի, ոչ թե լավություն անողի ու լավություն ընդունողի: Երկրորդ՝ պետք է օրենքներն ու պայմանագրերը հստակեցվեն, որպեսզի նման դեպքերում շատ պարզ լինի ողջ ընթացակարգը՝ բազայի կարգավիճակը, գործի նկատմամբ կողմերի պարտավորության աստիճանը և այլն: Երրորդ՝ իշխանությունները պետք է կանխատեսեն հնարավոր բոլոր հետևանքները. քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում լավ պատմություն կամ լավ մաթեմատիկա իմանալ, նշանակում է կարողանալ կանխատեսել, թե որ դեպքերն ինչ հետևանքներ կարող են ունենալ, և նախապես պատրաստ լինել այդ հետևանքները կանխելուն, այնպիսի հայտարարություններ անել, որ ոչ թե խորացնեն ճեղքը, այլ ընդհակառակը: Վերջապես, չորրորդ, որ արդեն ասացի, պետք է հայկական ու ռուսական կողմերը պայմանավորվեն, որպեսզի Հայաստան ուղարկվող զինվորները հոգեբանական հատուկ պատրաստվածություն անցնեն, քանի որ նրանք ծառայելու են գնում օտար երկրում՝ ուրիշ մտածողություն ու մշակույթ ունեցող, և պետք է կարողանան հակասություններ չստեղծել: Բայց նաև պետք է նշել, որ խորհրդային տարիներից մինչ այժմ շատ լուրջ հակասություններ ռուս զինվորականների և մեր բնակչության միջև չեն եղել:

Զրույցը վարեց Անի Գասպարյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: