Արթուր Հովհաննիսյան. «Ցանկանում եմ հանդես գալ Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերում և մեդալ նվաճել»
Արթուր Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը փայլուն մրցելույթներ ունեցան՝ համապատասխանաբար նվաճելով 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը:
«Անկախի» հետ զրույցում Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, օլիմպիական խաղերում հանդես գալու ցանկության մասին:
- Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ: Դժվա՞ր էր պայքարել թուրքական ռինգում և եզրափակչում առավելության հասնել տեղացի մարզիկի նկատմամբ:
- Շնորհակալ եմ: Հեշտ չէ հանդես գալ Թուրքիայում: Բայց կա ներքին ձայն, որը հուշում է, որ ամեն գնով հարկավոր է հաղթել: Այդ ժամանակ մի կողմ ես թողնում ամեն ինչ և մտածում ես միայն ու միայն հաղթանակի մասին:
Քանի որ ուսումնամարզական հավաքի չմասնակցեցինք, ստուգատեսին նախապատրաստվեցինք անձնական մարզիչների հետ: Ուրախ եմ, որ կարողացանք հաջող հանդես գալ:
Մրցաշարին մասնակցում էին ուժեղագույն մարզիկներ: Նրանց հետ մրցելն անգամ անչափ կարևոր է փորձի ձեռքբերման համար, քանի որ նրանք մասնակցում են նաև Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Իմ մրցակիցները բարձրակարգ մարզիկներ էին՝ ուժեղ, փորձառու և լավ պատրաստված:
Թուրքիայում ռինգ ես դուրս գալիս այն գիտակցությամբ, որ դիմացինդ ոչ միայն մարզիկ է այլև հակառակորդ: Պարտության մասին անգամ չէի ցանկանում մտածել: Եվ կարողացա հաղթել անգլիացի ու թուրք մրցակիցներին:
Նշեմ նաև, որ ինձ շատ ոգևորեցին թիմակիցներիս հաջող ելույթները: Այդ ամենը թե՛ երկրի պատիվը բարձր պահելու, թե՛ նրանցից հետ չմնալու և, ինչու չէ, նրանց հասնելու ուժ տվեց:
- Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ճանաչվում եք հաղթող և վեր է խոյանում հայոց եռագույնը:
- Զգացողություններս բառերով արտահայտել չեմ կարող, դա հարկավոր է զգալ: Ապրումներն էլ հնարավոր չէ նկարագրել: Իհարկե, մեծ է պատասխանատվությունը, սակայն երբ տեսնում ես հայոց եռագույնը ի նշան հաղթանակի, հպարտություն ես զգում:
- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բռնցքամարտով: Ինչու՞ ընտրեցիք ոչ այնքան հեշտ մարզաձևը:
- Սպորտով սկսել եմ զբաղվել վաղ հասակից՝ հաճախելով ըմբշամարտի: 11 տարեկանից հայրիկիս խորհրդով սկսեցի հաճախել բռնցքամարտի:
Հայրս և հորեղբայրս ժամանակին զբաղվել էին բռնցքամարտով և ցանկանում էին, որ ես շարունակեմ իրենց ուղին։ Սկզբում դա ինքնապաշտպանություն էր, սակայն պարապմունքները ստիպեցին ինձ հասկանալ, որ սա հենց այն է, ինչ ինձ պետք է:
- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
- Մարզումներն ու բռնցքամարտը տարիների ընթացքում դարձել են կյանքիս անբաժանելի մասը: Սիրում եմ այն գործը, որով զբաղվում եմ և հաճույքով հաղթահարում եմ բոլոր դժվարությունները: Գիտեմ, որ նվիրված աշխատելով կարող եմ շատ ավելիին հասնել: Անգամ երբ ինձ հանգիստ է տրվում, անընդհատ մտածում եմ մարզումներս վերսկսելու և պարապմունքներին հաճախելու մասին:
Հաջողության հասնելու համար հարկավոր է աշխատասիրություն, սեր այն գործի հանդեպ, որն անում ես: Կարևոր է նաև սպորտային բախտ ունենալ: Սպորտը մեծ նվիրում է պահանջում:
Կարևոր է լսել, ընդունել և կատարել մարզիչների հրահանգներն ու խորհուրդները: Մարզիչները քեզ հետ երկարատև աշխատանք են կատարում, քեզ հետ հավասար հուզվում են, վայելում հաղթանակի բերկրանքն ու ուրախանում: Իմ առաջին մարզիչն է եղել Մանվել Գաբրիելյանը: Այժմ մարզվում եմ Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Ղազարյանի ղեկավարությամբ:
Նշեմ նաև, որ մարզիկի կարիերայում լինում են հիասթափություններ: Հատկապես բռնցքամարտում հնարավոր չէ խուսափել մրցավարների կողմնակալ վերաբերմունքից: Դժվարություններ լինում են, երբ պայքարում ես ոչ միայն մրցակցի, այլև մրցավարի դեմ: Հարկավոր է մի քանի անգամ բարձր լինել մրցակցից: Ես չեմ հուսալքվում, փորձում եմ ավելի շատ աշխատել, արագ սխալներն ուղղել և գտնել նոր շարժառիթներ` առաջ գնալու համար:
Հաղթանակը խթան է առաջ շարժվելու, նորանոր բարձունքներ նվաճելու համար: Չպետք է ոգևորվել և մնալ միևնույն մակարդակում, հարկավոր է նոր նպատակներ դնել ու փորձել դրանք իրագործել քայլ առ քայլ՝ երբեք չնահանջելով, նվիրված աշխատելով և հավատալով, որ կարող ես լինել առաջինը:
Յուրաքանչյուր բնագավառում, որտեղ մարդն աշխատում է կամ հայտնվում, պետք է առաջինը լինելու ձգտում ունենա: Միշտ մտածում եմ՝ եթե մեկը կարողանում է` կարող եմ նաև ես:
- Մենամարտի ժամանակ ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքն ու ազատվում լարվածությունից:
- Մինչ մենամարտն է հարկավոր ճիշտ աշխատել և հոգեբանորեն տրամադրվել: Ռինգում արդեն մտածում եմ ճիշտ և արագ կողմնորոշվելու մասին: Երբ դուրս եմ գալիս ռինգ, ամեն ինչ մոռանում եմ, անցնում են լարվածությունն ու հուզմունքը: Նշեմ նաև, որ տարիների աշխատանքը, փորձը, հաղթանակները վստահություն են ներշնչում: Ժամանակի ընթացքում կարողանում ես գտնել այն ոճը, որն ավելի հոգեհարազատ է:
- Վերջին շրջանում բռնցքամարտիկներն ավելի հաճախ են սիրողականից տեղափոխվում պրոֆեսիոնալ ռինգ: Դուք նման մտադրություն ունե՞ք:
- Սիրողական բռնցքամարտում դեռ նպատակներ ունեմ իրագործելու համար, որից հետո միայն կմտածեմ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին:
Ցանկանում եմ անպայման հանդես գալ Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերում և մեդալ նվաճել:
Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ