Հայերեն   English   Русский  

ԱԺ կանոնակարգ-օրենքը փոխում են, որ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ի ցրվելու հնարավորությունը կանխեն. Արթուր Հովհաննիսյան


  
դիտումներ: 726

Կառավարությունը ամբողջությամբ պատրաստվելու և դիրքորոշում հայտնելու հնարավորություն չունեցավ:

ԱԺ-ում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը`անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկի:

Նշենք, որ ըստ դրա քննիչ հանձնաժողովը ժամանակավոր որոշ խոչընդոտների դեպքում պետք է նիստն ընդհատի, և ընդհատված նիստը շարունակվի, երբ վերանան նիստն ընդհատելու համար հիմք հանդիսացած հանգամանքները։

Հովհաննիսյանի խոսքով՝ այստեղ գործում է նույն մեխանիզմն, ինչ-որ նախկին կառավարությունում էր, երբ կառավարությունը նախագծերը բերում էր և հանձնաժողովներում առաջինից երկրորդ ընթերցման արանքում արագ փոփոխություններ անում, և պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն հասցնում արտահայտել իրենց դիրքորոշումը: Հիմա կառավարությունն է նույն դրության մեջ:

«Առաջարկը վերաբերում էր բացառապես այն իրադրությանը, երբ որ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը փաստորեն կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն ինչ-ինչ պատճառներով՝ արտակարգ իրավիճակների, թե այլ պատճառներով, և դրանից հետո կգա այն հետևանքը, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի: Փաստորեն առաջարկը վերաբերում էր նրան, որպեսզի կանխվեր այս հնարավորությունը։ Այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել, և դա էլ պայմանավորվի այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա և պայմանավորվածություն ձեռք բերի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլևս ժողովուրդը չի կարողանալու պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը»,- նշեց նա:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ առաջանում են իրավական տեսանկյունից խնդիրներ:

«Նախ, ո՞վ է որոշում արտակարգ իրավիճակներ առկա են, թե առկա չեն, խոչընդոտվո՞ւմ է պատգամավորների մասնակցությունը, առկա՞ է սպառնալիք, թե ոչ, այս հարցի որոշումը թողնված է միանձնյա ԱԺ նախագահին: Ո՞վ է որոշելու՝ քրեորեն պատժելի արարք է իրականացվե՞լ, եթե ոչ դատարանն՝ իր դատական ակտով։ Երկրորդ, եթե այդքան ծայրահեղ ենք նայում հարցին, ապա ինչ է լինելու, երբ խոչընդոտեն ԱԺ նախագահի գործունեությունը, որ նա հայտարարություն չանի: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում այս նախագծով»,- նշեց նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: