Հայերեն   English   Русский  

Անիի համայնքապետը սպասում է ոստիկանների ու նախարարի միջամտությանը


  
դիտումներ: 765

Շիրակի մարզում շարունակում է լարված մնալ Մարալիկի բնակիչների և համայնքի ղեկավարի հարաբերությունները:

Մոտ ամիս ու կես է, մարալիկցիներն ու հարակից գյուղերի բնակիչները տարբեր ակցիաներով պահանջում են Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Արդեն չորս օր է ցուցարարները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը Մարալիկում, և կաթվածահար արել նրանց աշխատանքը: Այսօր էլ հակադարձ ակցիան էր կազմակերպվել համայնքի ղեկավարի կողմնակիցների ու համայնքապետարանի աշխատակիցների կողմից, նրանք փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի Մարալիկի հատվածը: Ճանապարհ փակողների մեջ էր նաև Արտակ Գևորգյանը ու նշում էին՝ ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ, մինչև ցուցարարները չբացեն համայնքապետարանի շենքը:

- Մեր բնակիչներն իրենց պահանջն ունեն, մի կողմը մի պահանջ ունի, մի կողմը՝ մի: Եվ արդյունքում մենք ակնկալում ենք պետության մոտեցումը, որպեսզի օրենքով սահմանված կարգով՝ ոստիկանը ապահովի տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը:
Ես աշխատել եմ, օրինական լեգիտիմ ընտրվել եմ, և շարունակելու եմ աշխատել Անի համայնքի ղեկավարի պաշտոնում: Ինձ ընտրել է 4000 ազգաբնակչություն, պարտավորություն ունեմ ողջ ազգաբնակչության առաջ և իմ պարտավորությունը փառքով կատարելու եմ, - ասում է Արտակ Գևորգյանը:
Համայնքապետը նշում է, որ դիմել և ակնկալում է մարզպետի, ՏԿԶ նախարարի ու ՀՀ ոստիկանության պետի աջակցությունը: Ինքն էլ փորձել է հանդիպել իր հրաժարականը պահանջողների հետ, բայց ապարդյուն.

- Փորձել եմ հանդիպել նախորդ օրը: մեր բնակիչները, ավագանու անդամները, վարչական ղեկավարները, վարչական բնակիչները, թիմակիցները, նաև էս հարցում շահագրգիռ տարբեր ներկայացուցիչներ փորձել են մշտապես տանել տարբեր կարգի բանակցություններ, իրենց մեջ ընդամենը մեկ ցավ, հիվանդություն գոյություն ունի՝ որը Անի համայնքի ղեկավարի աթոռն է: Անի համայնքի ղեկավարի աթոռը բնակչության վստահությամբ 4000 բնակչի վստահության քվեով վստահվել է ինձ, փառքով, պատվով մինչև վերջ փորձելու եմ կազմակերպել, ծառայել մեր ժողովրդին՝ ընտրողին էլ, չընտրողին էլ, նաև իրենց:
Կրքերը հանդարտեցնելու և բանակցելու առաջարկով Մարալիկ էր ժամանել Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, երկու կողմերի հետ քննարկել է միջպետական ճանապարհը բացելու և համայնքում տիրող իրավիճակին լուծում գտնելու հարցերը:

- Մենք բանակցել ենք նաև մյուս կողմի հետ, որպեսզի համայնքապետարանի աշխատողները և ծառայության աշխատակիցները հնարավորություն ունենան առավոտյան իրենց աշխատանքը կազմակերպել: Էս առումով նշել էին, որ իրենք պատրաստակամ էին էսօր աշխատակիցներին թողնել աշխատանքը կազմակերպելու, սակայն վերջիններիս կողմից միջպետական ճանապարհը փակվելը՝ վիճակը սրել է: Մեր թիվ մեկ խնդիրը այն է, որ համայնքում տիրող իրավիճակը հարթվի և որևէ կերպ համայնքում որևէ բախում չլինի, - ասել է Մելիքջանյանը:
Համայնքի ղեկավարն ինքն է խնդրի կարգավորման ճանապարհն ընտրելու, ասում է փոխմարզպետը, դա կլինի հրաժարականի տեսքով, թե այլ ձևաչափով, համայնքապետն է որոշելու:

- Ես չեմ կարող իրեն ասել՝ հրաժարական տա, թե ոչ, որովհետև մեր լիազորությունների շրջանակներում չէ, դա եղել է Անի համայնքի բնակիչների պահանջը: Երկրի վարչապետի կողմից հորդոր է եղել, որ այն անձինք, ովքեր, հանրապետական, բարգավաճ, ՀՅԴ կուսակցության անդամներ են, և ովքեր իրենց համարում են լեգիտիմ, ուրեմն պետք է իրենց լեգիտիմությունը նոր ընտրություններով ապացուցեն, - իր խոսքը եզրափակել է փոխմարզպետը:
Իսկ Մարալիկում երկու կողմն էլ անդրդվելի է, զիջման չեն պատրաստվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: