«Թավշյա հակահեղափոխությո՞ւն»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը Հայաստանում անհետաձգելի է դարձել
Հանրապետական՝ նախկին իշխող կուսակցությունը, որ դեռևս մեծամասնություն ունի Հայաստանի խորհրդարանում, «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունների հետ փոխեց խորհրդարանի լուծարման և վարչապետի ընտրության ընթացակարգը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը կրկին փողոց հանեց իր հարազարավոր կողմնակիցներին «ժողովրդի իշխանության» հանրահավաքի, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով ազատեց վեց նախարարների և մարզպետների, որոնք ներկայացնում էին «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունները:
Հարկ է հիշեցնել, որ Հայաստանն անցյալում քանիցս լուրջ ճգնաժամներ է ունեցել՝ սկսած նախկին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի հարկադրական հրաժարականից մինչև ահաբեկչական հարձակումը խորհրդարանի վրա: Բայց հիմքեր կան ասելու, որ երկիրը կրկին հանգել է իր քաղաքական պատմության բեկումնային պահին:
Ճգնաժամը և առճակատումը
Հայաստանի կառավարության համար այդ իրադարձություններն անակնկալ եղան, մանավանդ որ «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը՝ երկու կուսակցությունները, որոնք պաշտպանել են նոր օրենքը, մայիսին վճռորոշ դեր խաղացին Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցում՝ժողովրդական ընդվզման ալիքի վրա պաշտպանելով նրա թեկնածությունը: Բայց եթե հաշվի առնենք ներկայիս հայկական քաղաքականության բարձր խաղագումարները, այդ քայլը նվազ անակնկալներ է թաքցնում:
Հանրապետական կուսակցության համար սա փորձ էր պահպանել իր վերահսկողությունը խորհրդարանի վրա և դադարեցնել այն գործընթացները, որոնք խոստանում են իրենց քաղաքական պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում:
Դա հուսահատ քայլ էր, և նախկին իշխող կոալիցիան հուսահատվելու բոլոր հիմքերն ուներ: Վերջերս նրանք ականատես եղան Փաշինյանի ջախջախիչ հաղթանակին Երևանի ավագանու ընտրություններին, ինչը հաստատեց թե՛ Հայաստանի վարչապետի, թե՛ իր երիտասարդ կառավարության ժողովրդականությունը: Այդ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, թե ինչպես է կործանվում նախկին քաղաքական էլիտան:
Նոր քաղաքական իրականությունը և ընտրությունների անխուսափելիությունը
Բայց առնվազն երկու քաղաքական դաս պետք է քաղել ներկայիս խորհրդարանական ճգնաժամից:
Առաջին՝ փարատվեցին բոլոր կասկածներն առ այն, որ ներկայիս հայկական խորհրդարանը չի արտացոլում նոր քաղաքական իրականությունը: Երկրին ներկայացուցչական մարմնի նոր կազմ է պետք, որը երևան կգա միայն նոր, ազատ և արդար ընտրությունների դեպքում:
Իսկ երկրորդ դասն այն է, որ Հայաստանում նոր ընտրություններ նշանակելու դեպքում նախկին իշխանամետ կուսակցությունները՝ «հանրապետականները», «բարգավաճողները» և «դաշնակցականները» կարող են նույնիսկ չհաղթահարել անցողիկ արգելքը և չհայտնվել նոր խորհրդարանում. այժմ նրանք չափից ավելի վարկաբեկված են և ժողովրդականություն չեն վայելում:
Հարկ է նշել, որ չնայած նոր քաղաքական իրավիճակին՝ որևէ ռեալ և կառուցողական ընդդիմության բացակայությունը կվնասի երկիրը, չէ՞ որ յուրաքանչյուր կառավարությանը բանական քննադատություն է պետք և մեկը, որը կարող է նրան պատասխանատվության ենթարկել վարվող քաղաքականության համար: Եվ հաշվի առնելով, որ Փաշինյանի կառավարությունն անփորձ է ու դեռ պետք է քաղաքական հասունություն ձեռք բերի, միակուսակցական կառավարումն առանձնապես վտանգավոր է դառնում երկրի համար: Փաշինյանը դեռ այն ժամանակներից, երբ փաստացի իշխանության միակ քննադատն էր, բոլորից ավելի լավ գիտի, թե ինչպես է հաշվետվողականության անբավարարությունը գայթակղության թակարդ լարում ցանկացած քաղաքական գործչի համար:
Հետագա վտանգները
Ներկայիս իրավիճակը որոշակի վտանգներ է ստեղծում թե՛ ներկայիս, թե՛ նախկին կառավարության համար:
Հանրապետականների և նրանց քաղաքական դաշնակիցների համար, որոնք արդեն դուրս են եկել նոր կառավարությունից, այն համգամանքը, որ իրենք կորցնում են քաղաքական լեգիտիմությունը, իսկ իրենց ժողովրդականությունը միայն և միայն անկում է ապրում, քաղաքական վախճանի լուրջ վտանգ է ստեղծում: Ընդ որում նրանք չեն կարողանում կամ չեն ուզում փոխել իրենց կուսակցությունները կամ ռեբրենդինգ անել սեփական կուսակցությունում:
Բայց լուրջ վտանգներ կան նաև Փաշինյանի համար: Ծրագրվել էր, որ Հայաստանի քաղաքական փոխակերպման հաջորդ քայլը կլինի Փաշինյանի «տեխնիկական» հրաժարականը վարչապետի պաշտոնից՝ միաժամանակ բացառելով երկու շաբաթվա ընթացքում նրա մրցակիցների կողմից որևէ այլ թեկնածություն առաջադրելը: Ըստ գործող օրենսդրության՝ այդ դեպքում խորհրդարանը լուծարվում է և արտահերթ ընտրություններ են նշանակվում:
Բայց հիմա չկա վստահություն, որ Փաշինյանի ընդդիմախոսները խորհրդարանում կկատարեն այդ պլանը: Այն սցենարի իրականացումը, որի դեպքում կառավարության հրաժարականից հետո նրանք որևէ թեկնածություն չեն առաջադրի վարչապետի պաշտոնի համար, կնշանակի ընդունել քաղաքական ինքնասպանության աննախադեպ որոշում: Իսկ դա քիչ հավանական է:
Եթե նրանք նոր թեկնածություն առաջադրեն, ապա դա Փաշինյանին կդրդի նորից մոբիլիզացնել իր կողմնակիցներին և նորից ցուցարարներին փողոց հանել, որպեսզի ավարտի հայկական «թավշյա հեղափոխությունը»:
Այդ գործընթացների հետևանքները բնավ էլ դրական չեն: Ըստ էության՝ Հայաստանում պայքար է մղվում լեգիտիմության համար: Ներկայիս կառավարության համար լեգիտիմությունը բխում է «ժողովրդական մանդատից», ինչն ապահովում են նրա ժողովրդականությունը և փողոցային ցույցերի ուժը: Իսկ նախկին վարկաբեկված քաղաքական էլիտայի լեգիտիմությունը, որ հասարակական աջակցությունը կորցրել է կոռուպցիայի և ոչ ազատ, կեղծված ընտրությունների պատճառով, հիմնված է խորհրդարանի վրա վերահսկողության միջոցով ժողովրդավարության իմիտացիայի վրա, թեկուզ և այն չի համապատասխանում ընտրողների տրամադրություններին:
Չնայած այս բարդ իրավիճակին՝ կարելի է պնդել, որ Հայաստանի նոր քաղաքական իրականությունն անդառնալի է: Նախկին կառավարությունը և իշխանամետ կուսակցություններն ավելի ու ավելի են համապատասխանում «նախկին» տերմինին և ամեն մի քայլով մոտենում են այն սահմանագծին, որից հետո նրանց մասին կմնան միայն կարճ հիշատակումներ երկրի քաղաքական պատմության մեջ:
Ռիչարդ Կիրակոսյան
Աղբյուրը՝ «Европейская правда»