Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ն կորցրեց լավագույն ժամանակը, երբ կարող էր ռեբրենդինգի ենթարկվել․ քաղաքագետ


  
դիտումներ: 561

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկա ու նախկին ներկայացուցիչ մի շարք պատգամավորներ վերջին օրերին հայտարարում են, որ սատարում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այսօր էլ համապատասխան բովանդակությամբ հայտարարություն է տարածվել, որին միացել են 14 պատգամավորներ, որոնց թվում կան նաև ՀՀԿ խմբակցության անդամներ։

Հարցին, թե ինչպես է ստացվում, էր խմբակցությունը պաշտոնապես մի դիրքորոշում է արտահայտում, բայց խմբակցության անդամները՝ այլ, քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է․ «ՀՀԿ-ն վաղուց դադարել է գաղափարական կուսակցություն լինելուց և միահամուռ կառույց չէ։ Քանի որ զրկված է վարչական ռեսուրսից և չունի գաղափարկան միասնություն, բնական է, որ ամեն մեկը սկսում է իր գլխի ճարը տեսնել»։

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀԿ-ն հապաղեց կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել, ինչն էլ այսօրվա վիճակի պատճառներից է։

«Այս ամենը արդյունք է նրա, որ մայիսին չհասկացան, որ հասարակության գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունեցել, որ պետք է կուսակցության ռեբրենդինգ իրականացնել արմատական ձևով։ Բարեփոխումը տեղի չունեցավ, իսկ եթե դա տեղի չի ունենում, կառույցը դադարում էնույն նպատակ ունեցող մարդկանց խումբ լինելուց։ Այժմ ամեն մեկը իր անհատական շահն է հետապնդում»,- ասում է Բադալյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն կորցրեց լավագույն ժամանակը, երբ կարող էր ռեբրենդինգի ենթարկվել, և դա ընկալելի կլիներ հասարակության կողմից։

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների՝ կուսակցությունն առաջիկայում է ձեռնամուխ լինելու փոփոխություններ իրականացնելուն, քաղաքագետը նշում է․ «Հիմա սկսկելն արդեն նշանակություն չունի, որովհետև այլևս չեն կարող նոր խորհրդարան մտնել, եթե դեկտեմբերին տեղի ունենան ընտրություններ։ Իսկ եթե նոր խորհրդարանը հինգ տարի աշխատի, չես կարող իմանալ, թե ինչ կլինի հինգ տարի հետո։Նրանք կորցրեցին իրենց ունեցած լավագույն շանսը»։

Բադալյանը կասկած է հայտնում, որ նպատակաուղղված կերպով Հանրապետականին թույլ չի տրվել ռեբրենդինգ իրականացնել։

«Գուցե ինչ-որ համաձայնություն կա կուսակցության ղեկավարության և ներկայիս իշխանության միջև, որ թույլ չտան, որ Հանրապետականը որևէ գործողություն իրականացնի։ Չեմ կարող պնդել, բայց գործողությունները ցույց են տալիս, որ նման ինչ-որ պայմանավորվածություն եղել է»,- ասում է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: