Հայերեն   English   Русский  

​Բնակիչների բողոքը Դավիթ Սանասարյանին բերել էր Մարալիկ


  
դիտումներ: 1303

Շիրակի մարզի Անի համայնքում բնակիչների բողոքը շարունակվում է: Մարալիկի ու հարակից գյուղերի բնակիչները արդեն երկու ամիս է պահանջում են Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը: 11-րդ օրն էր, բնակիչները փակ էին պահում համայնքապետարանի շենքը: Նրանք նաև պարբերաբար ներկայացնում են այն չարաշահումների, մասին, որոնք, իրենց խոսքերով, համայնքի ղեկավարը կատարել է իր ղեկավարման տարիներին:

Այս աղմուկը երեկ Մարալիկ էր բերել նաև պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:

Վերջինս Համայնքապետարանի դիմաց հանդիպեց Արտագ Գևորգյանի հրաժարականը պահանջողներին, ապա տեղեկացրեց, որ համայնքապետին ասել են՝ գալու է աշխատավայր: Մարալիկցիներին էլ կոչ արվեց՝ Արտակ Գևորգյանի այցի ժամանակ որևէ բառ չարտասանել, չվիրավորել:

Արտակ Գևորգյանն էլ եկավ, շենքի բոլոր մուտքերի բանալիները ձեռքին, բացեց դռները և Սանասարյանի ու աշխատակազմի հետ մուտք գործեցին համայնքապետարան: Այդ ընթացքում շենքի մուտքը հսկվում էր ոստիկանների կողմից:

Դավիթ Սանասարյանը նախ ներկայացրեց իրենց այցի նպատակները, որ բնակիչների բարձրացրած խնդիրների հիմքերը ստուգելու համար են եկել, և համայնքապետից էլ խնդրեց՝ իրենց աշխատակիցներին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Արտակ Գևորգյանը նշեց՝ քաղաքում չի եղել, երբ իմացել է Դավիթ Սանասարյանի այցի մասին՝ ճանապարհից հետ է դարձել: Ասում է՝ օրն աշխատանքային չէ, այդ պատճառով հաշվապահին գտնելը դժվար կլինի, երկուշաբթի արդեն կներկայացվեն բոլոր փաստաթղթերը:

Համայնքի ղեկավարի հետ հանդիպումից հետո Դավիթ Սանասարյանը հրապարակում հավաքվածներին կոչ արեց՝ ժամանակավոր բացել համայնքապետարանի մուտքը, որպեսզի իրենց աշխատակիցները կարողանան ուսումնասիրություններ կատարել, եթե համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջ ունեն, դա էլ ներկայացնեն՝ առանց այս աշխատանքը խոչընդոտելու: Հորդորեց տուն գալ ու զբաղվել իրենց գործերով, մինչև ստուգումները կավարտվեն:

Մարալիկցիները սակայն նշեցին, Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջը մնում է օրակարգում, և իրենց ակցիան կշարունակեն համայնքապետարանի մուտքից մի փոքր հեռու:

Մարիամ Խալաթյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: