Հայերեն   English   Русский  

Թուրքիայի կրթության նախարարությունը բողոքարկել է «աշակերտի երդման» մասին պետխորհրդի որոշումը


  
դիտումներ: 361

Թուրքիայի կրթության նախարարությունը բողոքարկել է Թուրքիայի պետխորհրդի 8-րդ վարչության այն որոշումը, որով նախատեսվում է դպրոցներում վերականգնել ռասիստական բովանդակությամբ «աշակերտական երդում»-ը:

Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ բողոքարկելու դիմումը ներկայացվել է պետխորհրդի որոշման մասին պաշտոնական ծանուցումը ստանալուց անմիջապես հետո: Նախարարության դիմումի մեջ նշյալ որոշումը կասեցնելու պահանջ է ներկայացվել:

Դիմումը քննարկվելու է պետխորհրդի վարչական գործերի խորհրդում: Խորհուրդը նախ պետք է վճռի կայացնի 8-րդ վարչության որոշումը կասեցնել-չկասեցնելու հարցը, ապա «երդումը» կիրառել-չկիրառելու վերաբերյալ վերջնական որոշում ընդունի:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չեն ճանաչում «Ես թուրք եմ, ես ճիշտ եմ, ես աշխատասեր եմ» բառերով սկսվող «աշակերտական երդումը» վերականգնելու մասին Թուրքիայի պետխորհրդի որոշումը:

«Այդ որոշումը ցույց է տալիս, որ մեր մեջ դեռևս մի շարք հին հիվանդություններ են ապրում: Մեզ համար մեր ժողովրդի ամենամեծ և ամենահզոր երդումը «Անկախության քայլերգն է» (Թուրքիայի հիմնը-խմբ.): Անկախության քայլերգից բացի ոչ մի երդում չենք ճանաչում ու չենք ճանաչելու: Թող թուրքը գովեստի արժանանա իր թուրք լինելու համար, քուրդը՝ քուրդ, լազը՝ լազ, գնչուն՝ գնչու, իսկ չերքեզը չերքեզ լինելու համար: Բայց դա երբեք չպետք է ռասիզմի վերածել»,- ասել էր Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի դպրոցներից «երդումը» հանվել էր 2013 թվականին Եվրամիության պահանջով էրդողանի նախաձեռնած Թուրքիայի «դեմոկրատացման փաթեթի» ընդունման շրջանակներում կրթության մասին օրենքում արված փոփոխությունների արդյունքում:

Մինչ այդ Թուրքիայի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին (անկախ ազգային պատկանելությունից) ստիպում էին ամեն օր դասերից առաջ արտասանել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» բառերով սկսվող երդման տեքստը:

Էրդողանից առաջ պետխորհրդի որոշումը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վերջինս նշել է, որ պետական խորհուրդը անցել է իր իրավասության սահմանները և կայացրել մի որոշում որն իրեն վերագրված չէ սահամանդրությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: