Հայերեն   English   Русский  

«​Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին


  
դիտումներ: 967

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունում ասված է․

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև «Ելք» դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։

«Լուսավոր Հայաստանն» իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։ Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում «Ելք» դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։ Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: