Հայերեն   English   Русский  

​Պատմության այս օրը. ինչպես Հիտլերը զավթեց իշխանությունը


  
դիտումներ: 3911

Ճիշտ 85 տարի առաջ Գերմանիայում կայացան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով նացիստական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ:

Առանց դրա Հիտլերի իշխանությունը լիարժեք չէր լինի: Կամարտահայտությունն ընթացավ առանց այլընտրանքի. քվեաթերթիկներում ընդամենը մի կետ կար: Հաղթելով նացիստները բունդեսթագի նիստերը վերածեցին ձևականության, և երկրում վերջնականապես դիկտատուրա հաստատվեց: Հիտլերականները դրան հասան վախեցնելով ու բռնությամբ՝ բնավ չվայելելով բնակչության մեծամասնության աջակցությունը:

Թշնամին դռան շեմին

Նացիստների իշխանության գալը քաղաքական ինտրիգի արդյունք էր, որը կարող էր և տապալվել: 1932 թ. Հիտլերը երեք անգամ փորձեց ուժերը համազգային ընտրություններում և ամեն անգամ դժգոհ մնաց արդյունքներից: Նացիստների լավագույն ձեռքբերումը՝ 37 տոկոս, 1932 թ. բունդեսթագի համար քվերակությունից էր: Նախագահական և կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ավելի ցածր էին՝ համապատասխանաբար 36 և 33 տոկոս: Աջակցությունը նացիստներին նվազում էր:

Կուսակցության ղեկավարությունում մտավախություններ էին հասունանում, որ չի ստացվի օրինական ճանապարհով իշխանության գալ: Բարենպաստ կոնյունկտուրան թուլանում էր: Համակրանքը ծայրահեղ աջերին բորբոքվում էր 1929 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որ Գերմանիայի համար նշանակում էր խոշոր ընկերությունների սնանկություն և գործազրկություն: Սակայն տնտեսությունը վերականգնվում էր: Հիտլերի արմատական ծրագիրը՝ ժողովրդավարության վերացումը, գերմանական քաղաքական ճամփեզրին հայտնվելու վտանգի տակ էր:

Ձգտելով ամեն գնով իշխանության հասնել՝ Հիտլերը խաղագումարը դրեց նրանց վրա, ովքեր արդեն իշխանություն ունեին: Նացիստական առաջնորդը դաշնակից ձեռք բերեց հանձին աջ պահպանողական Ֆրանց ֆոն Պապենի, որ գլխավորում էր կաբինետը 1932 թ. հունիսի 1-ից: Նացիստը և պահպանողականը գաղտնի դաշնագիր կնքեցին այն մասին, որ Հիտլերը դառնում է կանցլեր, իսկ ֆոն Պապենը՝ նրա տեղակալը: Պետք էր միայն պայմանավորվել Գերմանիայի նախագահ Գինդենբուրգի հետ, որից էին կախված կառավարության նշանակումները: Ֆոն Պապենին դա հաջողվեց, և 1933 թ. հունվարի 30-ին Հիտլերը զբաղեցրեց կանցլերի աթոռը: Ընդսմին նրան ոչ թե ուժեղ, այլ ուրիշի կամքին ենթակա ֆիգուր էին համարում:

Մեկ ֆյուրեր՝ մեկ օրենք

Հիտլերը պետության գլուխ դարձավ կոմպրոմիսի արդյունքում, բայց բնավ մտադիր չէր բավարարվել իշխանության մի թևով: Գերմանիայում տեղի էր ունենում սողացող նացիստական հեղաշրջում: Հիտլերն անսահմանափակ լիազորություններ էր ձեռք բերում պնդեով, որ եթե ոչ ինքը, ապա իշխանության ղեկին կհայտնվեն կոմունիստները: Նացիստական առաջնորդի հավակնություններն արագ արտակարգ լիազորությունների օրենքի նախագիծ էին դառնում, որոնց համաձայն՝ կաբինետի ղեկավարը իրավունք էր ստանում օրենքներ հրապարակել՝ հաշվի չառնելով պատգամավորների կարծիքները, անգամ շրջանցելով սահմանադրությունը: Աղմկահարույց օրենքը խորհրդարանում անցկացնելու համար պահանջվում էր ձայների երկու երրորդը: Չունենալով այդ աջակցությունը՝ Հիտլերը համոզեց Գինդենբուրգին արձակել խորհրդարանը:

1933 թվականի նախընտրական քարոզարշավն ընթանում էր նացիստների և կոմունիստների հակամարտության նշանի տակ: Հիտլերը պնդում էր, որ ձախ ռադիկալները Գերմանիայում հեղափոխություն են նախապատրաստում՝ նման Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությանը, և կոչ էր անում պաշտպանել արտակարգ լիազորությունների օրենքը, որպեսզի թույլ չտան իշխանափոխություն: Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն էր. խաղի կանոններն իրենք՝ նացիստներն էին թելադրում: Նրանք գաղտնի համաձայնության եկան չափավոր համարվող կուսակցությունների հետ, որպեսզի նրանք պաշտպանեն անցանկալի օրենքը: Իսկ առջևում ողջ քաղաքական համակարգի լիակատար կազմաքանդումն էր:

1933 թվականի փետրվարին Ռեյխստագի հրդեհումը հենց նացիստների օգտին էր, որ կատարեց հոլանդացի կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն: Ժամանելով դեպքի վայր՝ Հիտլերը դա անվանեց պատրաստվող կոմունիստական հեղափոխության ազդանշան: Նախագահ Գինդենբուրգը բռնեց կանցլերի կողմը: Երկրում ծայր առան բռնադատումները, որոնք արագ ընդգրկեցին կոմկուսի ղեկավարությանը, և լիարժեք նախընտրական քարոզարշավն անհնարին դարձավ: Ընտրություններն այնուամենայնիվ տեղի ունեցան: Ոստիկանների ներխուժումների պայմաններում ձախերը կորցրին ձայների հինգերորդ մասը, իսկ նացիստները մեծացրին իրենց ներկայությունը, սակայն ձեռք չբերեցին անհրաժեշտ երկու երրորդը: Արդյունքը 44 տոկոս էր:

Դրամայի վերջին գործողությունը

Այդ ժամանակ արդեն Գերմանիայում գործում էր ռեյխսնախագահի հրամանագիրը ժողովրդի ու պետության պաշտպանության մասին, որ ընդունվել էր անմիջապես հրդեհից հետո: Քաղաքացիները զրկվել էին հավաքների ազատության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքներից: Սկսվել էին զանգվածային խուզարկությունները: Ազատությունների սահմանափակումը Հիտլերն ու Գինդենբուրգն արդարացնում էին կոմունիստական սպառնալիքով: Շարունակվում էին կոմկուսի առաջնորդների ձերբակալությունները, որոնք շեղում էին հասարակական կարծիքը, և այդ խորապատկերում պատրաստվում էր նախարարների կաբինետի արտակարգ լիազորությունների մասին տխրահռչակ օրենքը:

Բունդեսթագի նիստը, որում Հիտլերը մոտենում էր բացարձակ իշխանությանը, կայացավ առանց կոմունիստ պատգամավորների. բոլորն արդեն ձերբակալված էին: Դահլիճ չթողեցին նաև մի քանի սոցիալ-դեմոկրատների, որոնց մասին հայտնի էր, որ դեմ կքվեարկեն: Այդ կուսակցությունների ներկայացուցիչներին մասնավոր կարգով սպառնում էին գրոհային նացիստները: Չնայած այդ ճնշմանը՝ չափավոր ձախերն այնուամենայնիվ բոյկոտեցին օրենքը:

Այդ ժամանակ նացիստների հակառակորդներին պարզապես օրենքից դուրս հայտարարեցին: 1933 թ. հուլիսի 14-ին Գերմանիայում արգելվեցին բոլոր կուսակցությունները, բացի նացիոնալ-սոցիալիստներից: Պատժում էին նաև հիտլերականների դաշնակիցներին:

Այդ պայմաններում ահա ծավալվեց պատմական դրամայի վերջին գործողությունը: Թեկուզ և ձևականորեն, բայց Հիտլերին պետք էին բունդեսթագի ընտրությունները: Քվեարկությունը տեղի ունեցավ 1933 թ. նոյեմբերի 12-ին, ընդ որում, ոչ թե գաղտնի, այլ բաց: Յուրաքանչյուր ոք կարող էր տեսնել, թե ով ինչպես է քվեարկում: Այդուհանդերձ մտավախությունը դեռ պահպանվում էր: Գրոհայինները բռնում ու վախեցնում էին ընդդիմադիրներին՝ կասկածելով, որ կարող են անվավեր քվեաթերթիկներ գցել արկղը: Միևնույն է, այն գերմանացիները, որոնք մերժում էին նացիզմը, հաջողացրել էին 3 մլն քվեաթերթիկ փչացնել:

Հնարավոր չէ խաբել սատանային

Համաշխարհային պատմության ինստիտուտի աշխատակից Կոնստանտին Սոֆրոնովը պատմել է «ՌԻԱ Նովոստիին», որ թեպետ հնարավոր էր խուսափել Հիտլերի իշխանության գալուց, այդ իրադարձությունը համապատասխանում էր Գերմանիայի նախորդող պատմության տրամաբանությանը: «Արդեն 1920-ական թթ. սոցիալ-դեմոկրատները մեծամասնություն չունեին խորհրդարանում, ուստի դաշնակիցների կարիք ունեին իշխող կոալիցիա կազմելու համար: Տնտեսական ճգնաժամի համատեքստում նման կոալիցիաներն ավելի ու ավելի կարճ կյանք էին ունենում: Կուսակցությունները չէին կարողանում համաձայնության գալ առանցքային հարցերում: Եվ նախագահ Գունդենբերգը իշխանության եկավ համաձայն սահմանադրության այն հոդվածի, որը թույլ էր տալիս որոշումներ ընդունել առանց խորհրդակցելու խորհրդարանի հետ: Դա էլ ճանապարհ հարթեց Հիտլերի համար. նա, փաստորեն, նստեց այն գնացքը, որը շարժվում էր դեպի ավտորիտար Գերմանիա»,- ասում է պատմաբանը:

Նրա կարծիքով՝ Հիտլերի հաջողությունը գերմանական էլիտայի բարյացակամ վերաբերմունքի հետևանքն էր, որը թերագնահատեց նացիստների առաջնորդին և եսասիրաբար հույս փայփայեց օգտագործել նրա կուտակած ժողովրդականությունը: Պատրանքներ կային, թե Հիտլերին հեշտ է վերահսկել, թե նա չկրթված, տարօրինակ մարդ է՝ հակված բռնության, բայց և միաժամանակ բավական սահմանափակ, որ անկարող է, օրինակ, բանակցություններ վարել միջազգային մակարդակում: Այդ քաղաքական գործիչները, ինչպես օրինակ՝ Ալֆրեդ Գուգենբերգը, մտածում էին հեշտությամբ օգտագործել Հիտլերին: Հենց դա էր ճակատագրական սխալը,- եզրակացնում է մասնագետը:- Եթե Հիտլերը համաձայներ ավելի քիչ բանի, քան կանցլերի պաշտոնն է, օրինակ՝ նախարարի, գուցեև հասարակ խաղաքար դառնար ուրիշների խաղում: Սակայն նման պայմաններից նացիստական առաջնորդն անմիջապես կտրուկ հրաժարվեց: Իսկ երբ ձեռք բերեց կանցլերի պաշտոնը, զգաց, որ իշխանությունն իր ձեռքում է, և արդեն մտադիր չէր այն ձեռքից բաց թողնել»:

ՌԻԱ Նովոստի, Իգոր Գաշկով





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: