Հայերեն   English   Русский  

​ՔՊ ցուցակի «մերժված» պատեհապաշտները


ֆբ գրառում


  
դիտումներ: 748

Երեկ Նարինե Մկրտչյանը մի հոդված էր գրել ՔՊ վարչության անդամների կողմից «հավատաքննության» ենթարկվելու մասին և քննադատական այս հոդվածը տարածվում էր համացանցում:

ՔՊ-ի հետ ունեմ գաղափարական, արժեքային խիստ տարակարծություն և ընդհանրապես քաղաքական անհամատեղելիություն, բայց կներեք ես խիստ հարգանքով եմ մոտենում ՔՊ ղեկավար կազմին և խիստ ընդունելի եմ համարում իրենց դուռը գնացած ղազագիր ստորագրելու պատրաստների նկատմամբ իրենց վերաբերմունքին:

ՔՊ-ն իրավունք ունի իրենց ողորմածությանը հանձնվածներին դատել այնպես ինչպես իրենք են կամենում, իսկ վերջինները բարոյական իրավունք չունեն մերժվելուց հետո «աքլորանալու», որովհետև, եթե չմերժվեին իրենք լինելու էին ՔՊ ցուցակում և իրենց ներկայացնելու էին իբրև հեղափոխության ռահվիրա: Այսպիսիները ոչ թե սկզբունքային գործիչներ են, այլ ոչ շարքային պատեհապաշտներ, որոնք թքած ունեն իրենց գաղափարների վրա, իսկ սկզբունքայնությունից խոսելու իրավունք չունեն:

Այն մարդն, ով ապրիլ-մայիսին քննադատում էր Նիկոլի գործելակերպն ու ողջ այդ գործընթացը և իրեն համարում է սկզբունքային ոչ մի պարագայում ՔՊ ցուցակում հայտնվելու հայտ չէր ներկայացնի, քանի որ այդպես ավելի ազնիվ և սկզբունքային է:

Այնպես որ հանուն մանդատի ձեր սկզբունքներն ու գաղափարները ծախելուց հետո մի եկեք ու մեր վրա էլ փորձեք ծախել իբր ձեր սկզբունքայնությունը, էդ եզրույթի հետ դուք ոչ մի աղերս չունեք: Հա, Նարինե Մկրտչյանն էլ իր հարուստ փորձի մասին էր գրել և իրեն «հավատաքննողների» երիտասարդ տարիքը որպես բացասական երանգ էր առանձնացրել: Տիկին Մկրտչյան, այդ երիտասարդներն ավելի սկզբունքային են գտնվել քան դուք ու ձեր «78 տարվա փորձը», իրենք այդ ձեր նշած «անփորձ երիտասարդները» ձեր անսկզբունքայնությունն ու «սպիտակ դրոշակ պարզելը» անընդունելի են համարել և էդ ձեր մի քանի տասնամյակների փորձը առ ոչինչ են դարձրել:

Հ.Գ. Մի քանի նման դեպքեր գիտեմ, երբ բոլորիս հայտնի դեմքեր գնացել են ՔՊ-ի դուռն ու մերժվել: Նրանցից ոմանք մերժվելուց հետո չեն էլ քննադատել, ոմանք այնպիսի ցասումով են սկսել բողոքել «ցուցակների վատը լինելուց» ասես իրենք էին, որ պետք է գեղեցկացնեին այդ ցուցակը: Նախկինում իմ կողմից շատ հարգված մեկն էլ կա ՔՊ ցուցակում ընդգրկվելու հեռանկարն իմանալուց հետո գնացել ու իր 18 տարվա կուսակցության առաջնորդից ներողություն է խնդրել ու դուրս եկել կուսակցության ցուցակից, իսկ ցուցակները կազմելուց 4 օր առաջ տեղեկացել է, որ ՔՊ-ի կողմից մերժվել է: Հիմա ի՞նչ ասես այդ մարդուն....





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: