Եվրախումբը դեկտեմբերին կքննարկի բյուջետային պատժամիջոցներն Իտալիայի դեմ
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հետ տվեց 2019 թվականի բյուջեի մասին Հռոմի վերանայած նախագիծը:
Այսօր Եվրահանձնաժողովը կրկին հետ է տվել Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը վերանայել էր Հռոմը եվրոպական նորմերին չհամապատասխանելու պատճառով: Ինչպես Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսական և տնտեսական հարցերի գծով եվրոկոմիսար Պիեռ Մոսկովիսին, Եվրահանձնաժողովը կարող է առաջիկա շաբաթներին սկսել Իտալիայի դեմ պատժամիջոցների ընթացակարգը երկրի բյուջեի նախագծի պատճառով, որը չի համապատասխանում ԵՄ-ի նորմերին:
Նա նշել է նաև, որ Իտալիան «չի պահպանում պարտքի չափանիշները, այդ իսկ պատճառով ընթացակարգն արդարացված է»:
Այժմ անդամ երկրները պետք է «երկու շաբաթվա ընթացքում ասեն՝ համաձայն են Եվրահանձնաժողովի գնահատականին, թե ոչ, և դրանից հետո Եվրահանձնաժողովը կպատրաստի ընթացակարգը և շտկման հանձնարարականները,- ասել է Մոսկովիսին»:
Հոկտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովն առաջին անգամ պատմության մեջ պահանջեց Եվրամիության երկրից՝ Իտալիայից, լրամշակել եկող տարվա բյուջեի նախագիծը: