Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ


  
դիտումներ: 372

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԻԻՀ իշխանությունների ու ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում են իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով Իրանի լիիրավ քաղաքացիներ՝ նրանք տարբեր բնագավառներում ունեցած գործունեությամբ իրենց ավանդն են բերում երկրի զարգացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարեւորել է համատեղ ջանքերը կայունության ու խաղաղության ապահովման գործում, որտեղ մեծ դերակատարում է վերապահված նաեւ խորհրդարանական կառույցներին:

Շնորհակալության հայտնելով հանդիպման համար` Մասումե Աղափուր Ալի Շահին ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնի խոսքն է փոխանցել Արա Բաբլոյանին: Նա նշել է, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները:

Պատգամավորը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը՝ հույս հատնելով, որ ստեղծված ավանդույթները հետագայում եւս շարունակական կլինեն: Մասումե Աղափուր Ալի Շահին եւս արժեւորել է այն ներդրումը, որ ունեցել եւ ունենում է հայ համայնքն Իրանի ներքին կյանքում՝ շեշտելով նրանց դերը նաեւ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցությունը տարբեր ձեւաչափերում, փոխադարձ այցերն ու հանդիպումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: