Հայերեն   English   Русский  

Ես հայ եմ, և դա չի քննարկվում. Նիկոլա Ազնավուր


  
դիտումներ: 920

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, նախօրեին Մոսկվայում РУСАРМИНФО-ին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել Հայաստան տեղափոխվել և ինչպես է իրեն զգում իր նախնիների հայրենիքում: Գրում է Rusarminfo.ru-ն:

Շվեյցարիայում մեծացած Նիկոլան բազմիցս եղել է Հայաստանում, սակայն հայրենիք տեղափոխվելու մասին վերջնական որոշում կայացրել է այս տարի:

«Ես սիրում եմ Երևանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է», - ընդգծել է Ազնավուր կրտսերը` կիսվելով Հայաստանի մայրաքաղաքի մասին իր տպավորություններով:

Հիմնական դժվարությունը, որին բախվել է լեգենդար շանսոնյեի վեց երեխաներից մեկը Հայաստան տեղափոխվելուց հետո, լեզվին չտիրապետելն է:

«Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում: Սակայն հայոց լեզուն շատ բարդ է, բայց կամաց-կամաց հաջողվում է խոսել: Հայաստանում ապրելով` կկարողանամ արագացնել իմ ուսուցումը », - հայտարարել է շանսոնյեի որդին:

Մոր կողմից շվեդական արմատներ ունեցող Նիկոլայի խոսքերով` Հայաստանում իրեն շատ հաճախ որպես հայ չեն ընդունում, և ստիպված է լինում ապացուցել, որ «իսկական հայ» է:

«Ես հայ եմ, և դա չի քննարկվում: Միգուցե ես հայի նման չեմ: Բայց ֆրանսերենում մի արտահայտություն կա. «Հագուստը, որը կրում ես, քեզ չի դարձնում այն, ինչ դու կաս»: Դա իրականում հենց այդպես է», - ընդգծել է շանսոնյեի որդին:

Նա նաև խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, որտեղ նա սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ սկսում են իր հետ ռուսերենով շփվել, իսկ ինքը հայերեն պատասխանում է, որ ռուսերեն չի խոսում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: