Հայերեն   English   Русский  

Ամենատարբեր առաջարկների թատրոն...


  
դիտումներ: 2198

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք «Մհեր Մկրտչյան» արտիստատական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանին:

-Պարոն Մկրտչյան, մեր զրույցը սկսենք թատրոնի այս տարվա ամանորյա ներկայացումից: Հետաքրքիր է՝ հատկապես ի՞նչ շեշտադրումներ եք արել բեմադրության թեմայի ու մատուցման առումով: Եվ ընդհանրապես ի՞նչ վերաբերմունք ունեք փոքրիկ հանդիսատեսի նկատմամբ՝ որպես մանկական ներկայացումներով հարուստ թատրոն:

-Կա մի շատ լավ գործ՝ «Հրաշք որոնելիս», որի հեղինակն է դրամատուրգ Իոսիֆ Խեյֆիցը: Երկար փնտրտուքներից հետո մենք կանգ առանք այս ստեղծագործության վրա, որ բավական խորհրդավոր և ասելիք ունեցող պատմություն է, այնպիսի պատմություն, որի շուրջ երեխաները դեռ երկար կմտածեն և դահլիճից դուրս գալուց հետո միանգամից չեն մոռանա դրա մասին: Մի կարևոր բան ևս. սա արտաքնապես էլ շատ արտահայտիչ ներկայացում է՝ հագեցած կրկեսային համարներով: Չգիտեմ նման օրինակներ կա՞ն մյուս թատրոններում, թե՞ ոչ, բայց մենք առաջին անգամ ենք կրկեսը «խառնել» թատրոնին, և մեր դերասաններն արդեն երկու ամիս առաջ գնում էին պարապմունքների պրոֆեսիոնալների մոտ, որ ամեն ինչ շատ գեղեցիկ ու արտահայտիչ լինի: Ասեմ, որ մանկական ներկայացումների հարցում մենք միշտ ենք բծախնդիր: Վերջին ամիսներին ունենք նոր ներկայացում՝ «Մի կաթիլ հեքիաթ» խորագրով՝ ըստ Հովհաննես Թումանյանի գործերի: Եվ այդ ներկայացման խաղացվող օրերի քանակը անընդհատ ավելացնում ենք՝ ելնելով պահանջարկից: Նաև փորձում ենք ամեն մի նոր ներկայացման հետ ինչ-որ մի առանձնահատուկ բան մտածել, որ հետաքրքիր կլինի փոքրիկներին, օրինակ՝ փուչիկներ ենք պատրաստում նախօրոք: Դրանք ներկայացման վերջում դերասաններն արդեն ներքևի սրահում բաժանում են երեխաներին և նկարվում նրանց հետ: Հանդիսատեսին, բացի ներկայացումը դիտելուց, պետք է նաև հետաքրքիր լինի պարզապես այս շենք մտնելը:

-Այսօր քանի՞ խաղացվող ներկայացում ունի թատրոնը, և ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում արդեն մեծերին:

-Թատրոնն ունի մոտ 15 ներկայացում: Հենց այս պահին էլ դահլիճում փորձեր են գնում, և շուտով կհանձնենք մի նոր ոչ ժամանցային ներկայացում, որ ամերիկյան քաղաքական սատիրա է, և հանդիսատեսին շատ կհետաքրքրի:

-Ո՞րն է Ձեր թատրոնի յուրահատուկ ձեռագիրը:

-Մեր թատրոնին բնորոշ առանձնահատկություններից են՝ չկենտրոնանալ մի ուղղության վրա, ներկայանալ տարբեր ժանրերում, անել զանազան առաջարկներ և չգոհանալ քիչ քանակի հանդիսատեսով:

-1986թ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվեց Երևանի քաղաքապետարանի Վ.Աճեմյանի անվան արտիստական թատրոնը: Դերասանի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով՝ դառնալով Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն: Ի՞նչ է նշանակում արտիստական թատրոն:

-Մհեր Մկրտչյանի ցանկությունն է եղել, որ թատրոնը կոչվի արտիստական: Ի վերջո, մարդիկ թատրոն են գալիս դերասան տեսնելու: Դրա համար մենք շեշտադրումը միշտ դնում ենք դերասանի վրա՝ հնարավորություն տալով ինքնարտահայտվել և զարգանալ:

-Արդեն երեք տարի է՝ այս թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք: Ինչպե՞ս և ինչու՞ ընդունեցիք թատրոնի գեղարվեստական ղեկավար դառնալու որոշումը: Ի՞նչ խնդիրներ և ձեռքբերումներ ունեք այսօր:

-Դա հեշտ որոշում չէր, որովհետև այնպես չէ, որ երկար տարիներ մտածել կամ երազել էի այդ մասին: Ուղղակի ամեն ինչ համընկավ այն պահին, երբ հայրս՝ Ալբերտ Մկրտչյանն, արդեն վատառողջ էր, և իր համար շատ ծանր էր զբաղվել թատրոնով: Դրա համար էլ իմ մուտքը թատրոն հանպատրաստից էր, բայց այդ պահին շատ անհրաժեշտ: Եվ երեք տարի անց, տեսնելով այն աշխուժությունն ու հաջողությունները, որ ունի թատրոնը, հոգեկան հանգստություն եմ զգում: Ինչ վերաբերում է խնդիրներին, ինձ հիմա ավելի հեշտ կլիներ խոսել ֆինանսական, կենցաղային հոգսերից, բայց դրանք բոլորը հաղթահարելի են, և այնպես, թե այնպես հաջողվում է լուծում տալ: Թատրոնի խնդիրն այս պահին ավելի շատ հետաքրքիր և լավ ռեժիսորներ, հայկական հաջողված ժամանակակից գործեր գտնելն է: Ռեժիսորների առումով, ի դեպ ասեմ, որ սա այն քիչ թատրոններից է, որտեղ նրանց մուտքն ազատ է: 2017-2018 թթ տվյալներով մոտ 6 ռեժիսորներ տարբեր թատրոններից և ոչ միայն թատրոններից բեմադրություններ են արել մեզ մոտ: Այսինքն՝ եթե ունես լավ գաղափար և կարողանում ես ապացուցել, որ կանես հետաքրքիր գործ, մուտքը թատրոն ազատ է: Երբեք չեմ սահմանափակվում զուտ թատրոնի ռեժիսորի ռեսուրսներով, և միշտ հնարավորություն եմ տալիս երիտասարդներին:

-Մի քանի տարի առաջ, երբ դեռ նոր էիք եկել Հայաստան, Ձեր հարցազրույցներում՝ կապված հատկապես «Կյանք ու կռիվ» ֆիլմի հետ, հաճախ էիք շեշտում, որ եղել եք Երևանի գրեթե բոլոր թատրոններում ու նայել հնարավորինս շատ ներկայացումներ՝ գտնելու համար Ձեր դերասաններին: «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասանական կազմն որքանո՞վ է Ձեզ գոհացնում: Արդյոք անու՞մ եք դերասանական կազմի փոփոխություններ:

-Մեր թատրոնի դերասաններն այսօր մեծամասնությամբ երիտասարդներ են. նրանց միջին տարիքը երևի ցածր է նույնիսկ 30-ից: Ուստի ձևավորված ներկայիս դերասանական կազմը դեռ երկար տարիներ ընդհանուր առմամբ կմնա անփոփոխ, բայց շարժ միշտ էլ կարող է լինել՝ կախված մի դերասանի զարգանալու, մյուսի տեղում դոփելու հետ:

-Ինչու՞ այսօր շատ թատրոններ չեն կարողանում համապատասխան քանակի հանդիսատես ունենալ ներկայացումների ընթացքում: Դուք բախվու՞մ եք այդ խնդրին:

-Հանդիսատես չունենալու խնդիրը միշտ ծագում է մի շատ պարզ բանից, երբ տարիներ շարունակ նրան հոգնեցնում են և հուսահատության մատնում: Այսօր Հայաստանում շատ սահմանափակ քանակի թատրոն սիրող հանդիսատես կա: Սա խնդիր է, որն անդրադառնում է նաև մեզ վրա, բայց փորձը ցույց է տալիս, որ լուծվող է: Մեր թատրոնի վերջին ամիսների լեփ-լեցուն դահլիճներն էլ դրա վառ ապացույցն են: Մենք բեմադրեցինք հետաքրքիր ներկայացումներ, ստեղծեցինք յուրահատուկ մթնոլորտ թատրոնի ներսում, որը տվեց իր արդյունքը: Բայց սա դեռ մեր անցնելիք ճանապարհի տասը տոկոսն է միայն: Ուզում ենք թատրոն բերել ամենատարբեր նախասիրությունների ու պահանջների տեր մարդկանց, ձևավորել բազմաշերտ հանդիսատես: Ես չէի ցանկանա ունենալ միայն «Մհեր Մկրտչյան» թատրոնի կոնկրետ հանդիսատես: Դրա համար թատրոնը միշտ պետք է ունենա իրար ոչ նման ներկայացումներ:

-Սոս Սարգսյանի հետևյալ մտքին՝ «Դուք ժողովրդի ուզածը չեք անում, դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին», շատ հաճախ եք անդրադառնում թե´ հարցազրույցների ընթացքում, թե´ Ձեր ֆեյսբուքյան էջում: Արդյոք դա միայն հեռուստատեսությա՞նն է վերաբերում, թե մեր թատրոններն էլ են գնում այդ քայլին:

-Եթե օբյեկտիվ լիենք՝ ոչ: Թատրոնն այսօր Հայաստանում միակ վայրն է, որն օգնում է և´ դերասաններին, և´ ռեժիսորներին չկորցնել մասնագիտությունը՝ անկախ բեմադրվող գործերի հաջող կամ անհաջող լինելուց: Հիմա թատերական ինստիտուտն ավարտած դերասաններն ի՞նչ հնարավորություններ ունեն՝ կամ մտնել սերիալներ և մի քանի տարի անց ուղղակի սպառվել որպես մասնագետ, կամ խաղալ կինոյում, որտեղ էլ մենք չունենք մեծ քանակի ֆիլմարտադրություն: Մնում է թատրոնը: Դրա համար անհիմն եմ համարում այն խոսակցությունները, որ մեզ պետք չեն այս քանակի թատրոններ և պետք է փակել դրանք: Արդյունքում կվերանա նաև դերասանի մասնագիտությունը:

-Պարոն Մկրտչյան, Դուք բավական ակտիվ եք սոցհարթակներում: Որքանո՞վ եք կարևորում համացանցի դերը ներկայիս թատրոնի կյանքում:

-Պետք չէ մոռանալ, որ արդեն 2018 թվականն է, և շատ ժամանակ նույն ՖԲ-ն աշխատում է ավելի արդյունավետ, քան հեռուստատեսությունը: Եթե դու անտեսես այս տիրույթը, ապա բավական կզիջես դիրքերդ քո ոլորտում:

-Համագործակցության ի՞նչ եզրեր ունեն մեր թատրոնները:

-Ցավոք, համագործակցության եզրերը շատ քիչ են: Ամեն մեկը խրվել է իր հոգսերի մեջ: Մենք, օրինակ՝ Մալյան թատրոնից ունենք երկու դերասաններ, որոնք համատեղության կարգով և´ այնտեղ են աշխատում, և´ այստեղ: Թատրոններ կան, որ շատ խանդով են վերաբերում այդ փաստին և չեն համաձայնում համատեղության: Բայց դա էլ նորմալ երևույթ է՝ պայմանավորված մարդկային հարաբերություններով:

-Ի՞նչ կմաղթեք երևանյան հանդիսատեսին:

-Ոչ թե մաղթանք կտամ, այլ կխոստանամ, որ չենք իջեցնի նրա մակարդակը, կփորձենք տալ լավ որակ, կշարունակենք ստեղծել լավ ներկայացումներ, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի գալ մեր թատրոն...

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: